Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանականների «կազմաքանդումն» ու «թեժ աշնան» առաջին պտուղները

Սեպտեմբեր 20,2014 12:00

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնեն: «Հրաշալի քառյակը», սակայն, դարձել է եռյակ։ Դաշնակցությունը չի մասնակցելու միասնական հանրահավաքին՝ հիմնավորմամբ, թե կան տարաձայնություններ սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Դաշնակցականները չեն մասնակցի նաեւ եռյակի մարզային հանդիպումների շարքին:
Սակայն եռյակից խորհուրդ են տալիս քառյակի փլուզման մասին պնդումներ չանել ու հավաստիացնում են, որ բազմաթիվ հարցերում քառյակը միասնական է: Եռյակն արդեն աշխատանքային խմբեր է կազմել՝ մարզային հանդիպումների համար, իսկ հանրահավաքում նրանք պատրաստվում են հնչեցնել «12 կետերի» կատարման արդյունքը:

Մի բան պարզ է՝ ոչ իշխանական չորս ուժերի մեջ դեռ քանի անգամ տարաձայնություններ առաջանան, եւ որ քաղաքական ուժը այս կամ այն հարցում հայտարարի, որ համաձայն չէ մյուս երեքի հետ` նրան մեղադրելու են «դավաճանության» մեջ, թեեւ հարց է, օրինակ, սահմանադրական փոփոխությունների հարցում Դաշնակցությո՞ւնն է ավելի սկզբունքային իր դիրքորոշման մեջ, թե՞ եռյակի մյուս ուժերը:

Բայց հստակ է նաեւ, որ այլոց կողմից այս կամ այն քաղաքական ուժի սկզբունքայնության մասին դատողություններ անողներն էլ եռյակի ներկայացուցիչների կողմից ստանալու են հետեւյալ բացատրությունը` «իշխանությունը խուճապի մեջ է», կամ` «հողը այրվում է ռեժիմի ոտքերի տակ»: Այս պայմաններում, սակայն, նրանք շարունակելու են հավաստիացնել, որ քաղաքական դաշտում «եղանակ ստեղծողները» հենց ոչ իշխանական ուժերն են՝ անկախ նրանից, թե «թեժ աշնան» ընթացքում «հրաշալի քառյակը» քանի անգամ կարող է կազմաքանդվել:

Քաղաքական ասպարեզում գոյատեւման տեսանկյունից քաղաքական «պայքարը» հենց սա է. կապ չունի՝ Հովիկ Աբրահամյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի հրաժարականն են «ոչ իշխանական» ուժերը մի օր որոշելու պահանջել: Կամ՝ նույնիսկ ենթադրենք, թե Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի հարթակից մի գեղեցիկ օր հայտարարեցին, որ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ ռեժիմի «կազմաքանդման» մեկնարկն այդ պահից տրված է:

Հետո ի՞նչ:

Մեր իրականությունում բազմահազարանոց հանրահավաքներում, ընդ որում` հասարակության լիակատար աջակցության պայմաններում ընդդիմությունը Ստեփան Դեմիրճյանի, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ իսկապես հզոր հանրահավաքներ է անցկացրել, որտեղ պահանջել են իշխանությունների հրաժարականը կամ արտահերթ ընտրությունների անցկացում: Թե ինչ է եղել դրանից հետո` հայտնի է բոլորին:

Այնպես որ՝ առաջիկա հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ՝ ոչ այնքան կարեւոր է, թե եռյակն ինչ է հայտարարելու սահմանադրական փոփոխությունների հիմքում` իշխանության «նենգ» ծրագրերի մասին կամ «12 կետերի» կատարման ընթացքի վերաբերյալ, այլ որքան, օրինակ` հարցը, թե Գագիկ Ծառուկյանը կգա՞ հանրահավաքին, թե՞ հանրահավաքից առաջ նա կհանդիպի Սերժ Սարգսյանին եւ երկրի ապագայի վերաբերյալ իր մտահոգությունները կհայտնի:

Եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գա, կանգնի Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի կողքին, կարելի է ասել` «թեժ աշունը» հայտարարված է: Մի քանի ամիս կխոսվի «քաղաքագիտական վերլուծության» ճշգրտության եւ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» հերթական պտուղների մասին:

Նույնիսկ կարեւոր չեն այսօր խոսակցություններն այն մասին, թե ի՞նչ է անելու եռյակը կամ քառյակը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո: Անելու է այն, ինչ պարտավոր է անել քաղաքական «թեժ աշուն» ապահովելու համար` հանրահավաքներ, մարզային այցելություններ, հայտարարություններ, ելույթներ, կոչեր ու «ռեժիմի մոտալուտ կործանման» մասին հավաստիացումներ:

Իսկ ուրիշ ի՞նչ անել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լյովա մարտիրոսյան says:

    ողբամ զքեզ հայոց աշխարհ,երբ որ ամբողջ հայ ժողովուրդը գլուխը կորցրած, սկսած թագավորից, ամեն մեկը իր անձնական շահին է վազում :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930