Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր աշխատավարձը կոգևորի՞ ուսուցիչներին

Սեպտեմբեր 20,2014 16:51

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո սկսում են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որի հիմնական նպատակը հասարակության մեջ ուսուցչի դերի կարևորումն է, կրթության սպասավորի մասնագիտությունը գրավիչ դարձնելը, ինչպես նաև մարդկային լավագույն, մրցունակ ռեսուրսների ուղղումը դեպի կրթություն:

Ծրագիրն իրականցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի՝ ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում:

«Բարձր գնահատելով «Այբ» կրթական հիմնադրամի հաջողված փորձը, պետությունն այսօր պատրաստ է այդ փորձը տարածելու ՀՀ ողջ տարածքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության (ՀՀ ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը:

Մանրամասնելով՝ պարոն Աշոտյանն ասաց, որ ծրագիրը ենթադրում է գործողություններ մի քանի փուլով. «Առաջին փուլում «Այբ» կրթական ծրագիրն իր յուրահատուկ բովանդակությամբ անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց և ստանալու է միջազգային կրթական ծրագրի կարգավիճակ, երկրորդ փուլում այդ՝ արդեն միջազգայնորեն հավատարմագրված կրթական ծրագրի բովանդակության հիման վրա վերապատրաստվելու են մանկավարժներ, իսկ երրորդ փուլում այդ մանկավարժները մտնելու են դպրոցներ աշխատելու»,- ասաց ԿԳ նախարարը:

Նրա խոսքով՝ նոր ծրագրով աշխատող դպրոցների ցանկը կորոշի ՀՀ կառավարությունը. «Ծրագրի իրականացման առաջին փուլում, որը կտևի 3-5 տարի, կընդգրկվեն այսօր գործող ավագ դպրոցներից 12-ը՝ մեկական դպրոց յուրաքանչյուր մարզում և երկուսը՝ մայրաքաղաքում»,- նշեց նախարարը՝ նկատելով, որ ծրագրի շրջանակներում վերապատրաստման համար արտոնություններ կստանան, նախևառաջ, հենց այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները, բայց, նախարարի պնդմամբ, դա ոչ մի կերպ չի խոչընդոտելու մյուսների մասնակցությանը ծրագրին:

Ա. Աշոտյանն ասաց նաև, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ 17 ավագ դպրոցներ ամբողջովին կվերանորոգվեն և կվերազինվեն. «Նոր կրթական ծրագիր ենք իրականացնելու նոր կրթական միջավայրում: Այդ 17 դպրոցներից ընտրվելու են 12-ը, որոնցում աշխատող վերապատրաստում անցած ուսուցիչները բավականին բարձր աշխատավարձ են ստանալու՝ մոտ 400 հազար դրամ: Ուզում եմ շեշտել, որ բարձր աշխատավարձն ուղղված կլինի ոչ միայն ուսուցչի մասնագիտական աշխատանքի գնահատմանը, այլև կոգևորի մյուս ուսուցիչներին, որ ավելի լավ աշխատեն»,- նշեց Ա. Աշոտյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման համար 2 մլրդ դրամ է տրամադրվելու պետական բյուջեից, և 2015 թ. 5 դպրոց արդեն կաշխատի հենց այս ծրագրով:

«Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ պարզաբանեց, թե ինչու են որոշել համագործակցել հենց Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ. «Այս հաստատությունները կրթական բարեփոխումներ են իրականացրել աշխարհի 125 երկրներում և մեծ փորձ ունեն այս ուղղությամբ: Շուրջ մեկ տարի բանակցություններ ենք վարել նրանց հետ և հիմա արդեն պայմանագրային պայմանավորվածություններ ունենք: Մենք պետք է ունենանք միջազգայնորեն ճանաչված կրթական հարթակ և դրան համապատասխան ուսուցիչներ պատրաստելու մեխանիզմ»,- ասաց տեր Մեսրոպը:

Նրա փոխանցմամբ՝ շուրջ մեկ տասնամյակի ընթացքում կվերապատրաստվեն երկու հազար ուսուցիչներ. «Առաջին փուլում ուսուցիչները կվերապատրաստվեն միջազգային մասնագետների կողմից, իսկ հետո վերջիններիս վերահսկողությամբ տեղի մասնագետներն իրենք կվերապատրաստեն ուսուցիչներին: Յուրաքանչյուր ուսուցչի վերապատրաստումը կտևի մեկ տարի»,- ասաց տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930