Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտում

Սեպտեմբեր 22,2014 10:27

Վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում էական փոփոխություններ չեն արձանագրվել, եթե հաշվի չառնենք իշխող կոալիցիայից ՕԵԿ- ի դուրս գալը և խորհրդարանական ընդդիմադիր քառյակի ձևավորումը: Այս պահի դրությամբ նշված իրողությունները էապես չեն ազդել Հայաստանի քաղաքական վեկտորի թե արտաքին, թե ներքին ուղղվածության վրա: Առայժմ դրանք ընդամենը նման են Հայաստանում ընթացող այլ սովորական քաղաքական գործընթացներին:

Արտառոց քաղաքական որևէ իրադարձություն չկա: Ժողովրդի վարքի մեջ ևս ընդգծված փոփոխություններ չկան: Սակայն, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը կարծես թե աստիճանաբար խառնում է մեր երկրի քաղաքական դաշտը: Թե որքանով կարելի է վստահել իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների իրագործման անդառնալիությանը, և որքանով՝ ընդդիմության դիմակայություններին, այս հարցերում հստակություն չկա, ուղղակի այդ հարցում մի բան է միայն անվիճելի, որ իշխանությունների նետած ձեռնոցը ոչ այլ ինչ է, քան նետված ական քաղաքական դաշտում: Դա այնպիսի ական է, որը պոտենցիալ ուժգին պայթուցիչ է և որի պայթյունից հետո, հնարավոր չէ, որ երկրում տեղի չունենան հսկայածավալ փոփոխություններ, եթե նույնիսկ քառյակից մնա միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և չփոխի իր տեսակետը ու ամուր մնա իր դիրքերում:

Իհարկե, եթե ամեն ինչ ընթանա այն նույն սցենարով, ինչպիսին եղավ վերջին նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծես պատրաստվում էր նախագահի թեկնածուի հայտ ներկայացնել և որոշ ժամանակ անց՝ անհասկանալի հանգամանքների պատճառով նա չառաջադրվեց, ապա ընդդիմադիր դաշտը լրիվ կպասիվանա և իշխող քաղաքական ուժին հեշտորեն կհաջողվի իրականացնել սահմանադրական փոփոխությունները, որի հետևանքով կլինի այն, ինչի մասին բոլորը գիտեն: Այսինքն, կլինի իշխանության պարզ վերարտադրություն:

Իսկ, եթե այնուամենայնիվ, ԲՀԿ-ն ամուր մնա իր դիրքերում, ապա առաջարկվող սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ ամենայն հավանականությամբ բացասական վերաբերմունքի կարժանանա ժողովրդի կողմից, որը կդառնա իշխող ուժի պարտության առաջին փուլը: Այլ խոսքով, երկրում կշարունակի գործել նախագահական կառավարման մոդելը և երբ էլ տեղի ունենան նախագահական ընտրությունները՝ արտահերթ, թե հերթական, Գագիկ Ծառուկյանը բավականին մեծ ձայներով կընտրվի նախագահ: Սա չափազանց պարզունակ սցենար է, որը ոչ մի վիճարկման չի դիմանում:

Կարծում եմ, որ այս ամենը պարզ գիտակցում են և ՀՀԿ-ում, և ԲՀԿ-ում: Այդ իսկ պատճառով, նրանց միջև ընթանում է՝ խաղացվում է շախմատային մի պարտիա, որտեղ ամեն ինչ բաց է, գաղտնի մարտավարություն չկա և կհաղթի նա, ով սայթաքումներ թույլ չի տա: Ասեմ միայն, որ այստեղ սպիտակներով խաղում է ԲՀԿ-ն, քանզի ՀՀԿ-ն իշխող ուժն է, որը շախմատային լեզվով ասած, ժողովրդի աչքերին սև գույնով է երևում, չնայած խաղում են իր դաշտում: Իհարկե, այս պայքարում որոշակի դեր ունեն նաև նախկին հավակնորդներ՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ՕԵԿ-ը, սակայն նրանք որ կողմում էլ լինեն, միևնույն է, թեկուզ մեծ դժվարությամբ, այնուամենայնիվ պարտիան հաղթելու է ԲՀԿ-ն:

Քանի որ, այս ամենը որոշակի ժամանակ է պահանջում, իսկ կյանքը շարունակվում է, ապա այս սցենարը կաշխատի մի դեպքում միայն, եթե տարաբնույթ ֆորս-մաժորներ չլինեն: Եթե լինի թեկուզ մեկ ֆորս-մաժոր, ապա կարծում եմ, որ վերը նշված սցենարները հավանաբար չեն աշխատի: Իսկ երևին կարող է չաշխատել, եթե երկարամյա քնից արթնանա ժողովուրդը, բոլորին քշի մի կողմ և որոշումները կայացնի ինքը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930