Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կապիտալիզմ եւ քաղաքականություն- 4

Սեպտեմբեր 22,2014 11:04

Եթե Տիգրան Կարապետիչի ֆինանսներն ու կարողությունը չբավարարեցին, որպեսզի վերջինս Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջամարտիկների ու երևելիների շարքում դասվի, կնշանակի` Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը շատ թանկ հաճույք է:

Եվ չնայած Կարապետիչը Հայաստանում առաջիններից էր, որ քաղաքական նպատակներով իր իսկ գրպանից փող ծախսեց, այդուհանդերձ, Տիգրան Կարապետիչին վստահաբար կարող ենք քաղաքական ռոմանտիկ համարել` հենց թեկուզ էն իմաստով, որ ինքը հույս ուներ թե` իր Սևան տարած ժողովուրդը Սևանից կվերադառնա ու կքվեարկի իր ու իր կուսակցության օգտին:

Կյանքը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն ընտրում է ոչ թե Սևան տանողներին, այլ նրանց` ովքեր հենց ընտրությունների օրը նաղդ փող են բաժանում. էնքան փող, որով հայ ընտրողն ինքնուրույն կարող է Սևան գնալ: Առնվազն մի անգամ:

Ընտրությունների օրը ընտրողներն արդեն Սևանն ու Սևան տարածներին մոռացած են լինում: Եթե ուզում ես մարդկանց Սևան տանելով` էդ մարդկանց քվեները ստանալ, պիտի հենց ընտրությունների օրն էդ մարդկանց տանես, բայց էդ տարբերակն անհնարին տարբերակ է, որովհետև եթե էդ մարդիկ էդ օրը Սևան գնան, ընտրության չեն գնա ու քեզ էլ չեն ընտրի:

Փաստորեն, գերադասելին ու թերևս միակը նաղդ փողի տարբերակն է, ու էդ պատճառով էլ ընտրողներից ու ընտրվողներից շատերը նախապատվությունը տալիս են նաղդ փողին:
Հենց էսպես էլ ընտրում ու ընտրվում են: Ոչ բոլորն, իհարկե: Անփող ընտրվողներ էլ կան . ընդ որում` ոչ քիչ: Բայց դրանք երջանիկ բացառություններ են, ավելի ճիշտ` երջանիկ պատահականություններ: Իսկ ավելի ստույգ` էնքան էլ պատահականություն չեն և իրենց որոշակի բացատրությունն ունեն: Բայց ամենաէականն այն է, որ անփող ընտրվողներն էլ առանձնապես աղքատ չեն: Եթե ընտրվելու պահին առանձնապես ունևոր չեն, ընտրվելուց հետո առնվազն միջին խավի շարքերն են համալրում: Հիմնականում ու մեծամասամբ: Այն` ինչ չենք կարող ասել Գերագույն խորհրդի վերջին և Ազգային ժողովի առաջին գումարումների պատգամավորներից շատերի մասին:

Կարճ ասած` փողն ու քաղաքականությունը Հայաստանում միանգամայն սերտորեն են միահյուսված: Ավելի կարճ ասած` Հայաստանում քաղաքականությունը բիզնես է: Եթե բիզնես էլ չէ, ավելին է` քան բիզնեսը: Եվ նմանապես կուսակցականությունն է բիզնես, և չնայած գրեթե բոլոր կուսակցություններում ազնիվ ու անշահախնդիր կուսակցականներ կան, դրանք հիմնականում տվյալ կուսակցության շարքայինների շարքերում են, և, իմիջիայլոց, շարքայինների շարքերում էլ դրանք առանձնապես մեծ թիվ չեն կազմում, որովհետև շարքայինների մեծամասնությունն էլ է հիմնականում շահախնդրորեն կուսակցական դառնում, քանզի արդեն գրեթե բոլորն են հասկանում, որ այժմյան Հայաստանում, ի տարբերություն խորհրդային ժամանակների, անկուսակցական լինելն առանձնապես հարգի չէ, և եթե խորհրդային տարիներին շատերի կոմունիստ չլինելը որոշակի սկզբունքայնության նշան էր, այսօր անկուսակցական լինելը որոշակի որևէ բան չի նշանակում, և եթե այսպես շարունակվի, շուտով մեզանում անկուսակցականի կարգավիճակը կարող է հավասարվել գործազուրկի կարգավիճակին:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930