Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժիշտ-բազկամարտիկի երազանքը

Սեպտեմբեր 22,2014 12:30

Անվանի շատ արվեստագետներ, այս դեպքում՝ երաժիշտներ, առաջին մասնագիտությամբ կամ կարիերայի սկզբում մարզաշխարհի հայտնի դեմքեր են եղել: Օրինակ՝ օպերային երգիչներ Լուչիանո Պավարոտին, Զուրաբ Սոտկիլավան ֆուտբոլիստներ էին, ուկրաինացի օպերային երգիչ Նիկոլայ Պրուտնիկը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն, շախմատիստ Մարկ Տայմանովը՝ դաշնակահար, ռոքի արքա Էլվիս Պրեսլինը՝ կարատեիստ եւ այլն: Մեր իրականությունում էլ ունենք սպորտսմեն-երաժիշտներ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանը մեծ թենիսի Հայաստանի չեմպիոն է, ալտահար, Ազգային օպերային թատրոնի փոխտնօրեն Նարեկ Անտոնյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր է բազկամարտ սպորտաձեւում եւ այլն:

«Առավոտին» հասած տեղեկություններով էլ՝ երիտասարդ տուբահար, Հայաստանի բազկամարտի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ուժային եռամարտի սպորտի վարպետության թեկնածու Արման Պեպանյանը (լուսանկարում) հեռացել է սպորտից՝ իրեն նվիրելով երաժշտարվեստին: Ավելին, գերնպատակն է Հայաստանում հիմնել փողային գործիքների կատարողական դպրոց:
Մեզ հետ զրույցում առաջին հանրապետական փողային գործիքների մրցույթի հաղթող երաժիշտը այլ փակագծեր էլ բացեց. պարզվում է, որ մինչ տուբահար դառնալը Արման Պեպանյանը սովորել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի ջազ-վոկալ բաժնում (1997-2002թթ.): Մեր զրուցակցի խոսքերով՝ նրա պրոֆեսորի՝ տիկին Շահնազարովայի մոտ դասերի էին հաճախում ռուսական էստրադայի աստղեր Անժելիկա Վարումը, «Տատու» խմբի աղջիկները, Ֆիլիպ Կիրկորովը եւ այլք: Մոսկվայից վերադառնալուն պես՝ Արման Պեպանյանը չկարողացավ մերժել հոր՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տուբահարների կոնցերտմայստեր Վաղարշակ Պեպանյանի առաջարկը եւ որոշեց հավատարիմ մնալ ընտանիքում ձեւավորված երաժշտական ավանդույթներին:
Երիտասարդ երաժիշտը հավաստիացրեց, որ կարճ ժամանակում՝ ընդամենը 6 ամիս, տքնաջան պարապմունքների արդյունքում ընդունվել է կոնսերվատորիա: Տուբահարի կարիերան սկսել է «Արարատ» փողային նվագախմբում (ղեկավար՝ Պետրոս Ժամկոչյան), այնուհետեւ՝ Հայկ Հովակիմյանի ղեկավարած «Երեւան» նվագախմբում: Ուսանողական տարիներին իր նախաձեռնությամբ կազմել է փողային կվարտետներ ու կվինտետներ եւ հանդես եկել Երեւանում ու մարզերում: Իբրեւ երաժիշտ բազմիցս հրավիրվել է օպերային թատրոնի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբեր: 2004թ. «Արարատ» նվագախմբի կազմում տուբահարը մասնակցել է փողային նվագախմբերի ինքնատիպ փառատոնի, որը մեկնարկել է Վրաստանում, ապա՝ Ռուսաստան, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, եւ ավարտվել Անգլիայում: 2007թ. զորակոչվելով ժամկետային զինծառայության, ծառայել է գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբում (ղեկավար՝ գնդապետ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Պողոսյան), որն էլ զորացրվելուց հետո դարձել է իր աշխատավայրը: Այս նվագախմբի կազմում արժանացել է առաջին մրցանակի՝ 2008թ. Սանկտ Պետերբուրգում կայացած զինվորական նվագախմբերի մրցույթ-փառատոնում: Մեր զրուցակիցը ժպտալով հայտնեց, որ կառավարական եւ միջկառավարական արարողությունները «սպասարկող» նվագախմբի կազմում ինքը դիմավորել է բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում՝ շուրջ 70 նախագահների:

Տուբահարը իրեն երջանիկ է համարում, որ մասնակից է եղել ստամբուլահայ դիրիժոր Նվարդ Անդրեասյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Թուրքիայում 2010թ. կայացած՝ Հրանտ Դինքի հիշատակի համերգին: 2012թ. երաժիշտ-բազկամարտիկը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը:

Arman

Արման Պեպանյանը 2012թ. Բազկամարտի  Եվրոպայի առաջնությունում

Անդրադառնալով երազանքին՝ մեզանում փողային գործիքների կատարողական դպրոց հիմնելուն, Արման Պեպանյանը մանրամասնեց. «Երեխաներին չի կարելի վաղ տարիքում նվագել տուբա, գալարափող, տրոմբոն, այսինքն՝ պղնձյա փողային գործիքներ: Այդ տարիքում նրանց անհրաժեշտ է ծանոթացնել երաժշտական այբուբենին, գրականությանը, տեսականորեն՝ փողային գործիքներին: Վերջինների գործնական պարապմունքները պետք է սկսել 12 տարեկանից»: Հավելեց նաեւ, որ անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն՝ հանրապետության պետական կոլեկտիվները փողային նոր գործիքներով համալրելու առումով: Օրինակ, ինքն այս պահին նվագում է արդեն «ժամկետանց»՝ 1961թ. տուբայով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930