Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնակատարություն Վիեննայում՝ նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին

Սեպտեմբեր 22,2014 19:02

Սեպտեմբերի 19-ին և 21-ին Վիեննայում տեղի ունեցան տոնական միջոցառումներ` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:

Սեպտեմբերի 19-ին Վիեննայի կենտրոնում գտնվող «Սան Սուսի» պալատի հանդիսությունների սրահում, ուր ընթանում էր Արևելյան գորգարվեստի միջազգային կոնֆերանսը՝ հայկական ասեղնագործությանը և գորգարվեստին նվիրված ցուցահանդեսի ուղեկցությամբ, Վիեննայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն՝ Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:

Ընդունելությանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, դաշնային նախարարությունների պաշտոնատարներ, Ավստրիայի Ազգային խորհրդի 2-րդ նախագահ Կարլհայնց Կոպֆը, խորհրդարանի զույգ պալատների՝ Ազգային խորհրդի և Դաշնային խորհրդի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային խորհրդարանի 2-րդ նախագահ Յոհանն Հերցոգը, Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայում հավատարմագրված երկկողմ և բազմակողմ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ավստրիայի տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքային կառույցների անդամներ, լրագրողներ:

Ներկաների առջև ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա համառոտ ներկայացրեց ՀՀ 23 տարիների անցած ուղին:

Խոսելով հայ-ավստրիական երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանն անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին և հատուկ ընդգծեց Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի` 2012թ. հունիսին Հայաստան և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` 2014թ. հունիսին Ավստրիա կատարած պաշտոնական փոխայցելությունների կարևորությունը:

Սեպտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը ավստրիահայ համայնքի առջև բացել էր դեսպանության և հարակից նորակառույց «Հայաստան» կենտրոնի դռները՝ միասնաբար նշելու Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը:

«Հայաստան» կենտրոնի նորաբաց սրահում տեղի ունեցավ Ավստրիայում բնակվող և ուսանող հայ սկսնակ և երիտասարդ պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ համերգ:

Համերգին զուգահեռ` «Հայաստան» կենտրոնում բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ Վլադիմիր Սողոմոնյանի գեղանկարների ցուցահանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930