Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը`Միխայիլ Շվիդկոյին. «Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք» 

Սեպտեմբեր 22,2014 20:01

«Լսելով Ձեզ, ինձ մոտ տպավորություն է, որ Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք: Գաղափարը նույնն է, դուք խոսում եք ռուսերեն լեզվի մասին: Տարբերությունը այն է, որ նա մեծ քլունգով էր եկել, իսկ դուք ավելի մեղմ եք ասում: Ես հասկանում եմ, որ լեզուն լավ բան է, բայց եթե մենք ուզում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները, բարեկամությունը, ընդհանուր հետաքրքրությունները իրականան, ապա պետք է շեշտն այլ տեղ դնեք: Որպեսզի ես սովորեմ ֆիզիկա, պետք է այն սովորեմ հայերենով: Եթե ես հայերենով ֆիզիկա չսովորեմ, ես չեմ դառնա ֆիզիակայի լավ մասնագետ: Իսկ ռուսերենը ինձ միայն կարող է օգնել մի քանի գիրք ավելի կարդալ ֆիզիկայի մասին, որոնք կհարստացնեն իմ գիտելիքները: Որպեսզի ես պատմություն սովորեմ, մաթեմատիկա սովորեմ, ես պետք է դրանք ուսուցանեմ հայերենով: Ես վստահ եմ, որ եթե Դուք հարցը շեշտեք այս տեսանկյունից, ոչ թե ճնշեք՝ լեզուն, լեզուն, լեզուն, երկկողմ հարաբերությունները ավելի հեշտ կընկալվեն»,- այսօր խորհրդարանում` Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական ակումբում  հյուրընկալած ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին դիմելով ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը: 

Shvidko
Միխայիլ Շվիդկոյն իր խոսքում, մասնավորաբար նկատել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հումանիտար եւ մշակութային կապերը բավական խորն են, դարերի պատմություն ունեն: Նա կարծում է, որ հայ-ռուսական բարեկամական ակումբ կարելի է ստեղծել անգամ ցանկացած փողոցում: Ռուսաստանցի պաշտոնյան հատուկ շեշտադրում արեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու սերտ կապերին, որոնք նույնպես յուրօրինակ կապող օղակ են հանդիսանում ժողովուրդների միջեւ` հումանիտար եւ մշակութային ոլորտներում: Նա ընդգծեց ՌԴ-ի հայկական համայնքի դերը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի կյանքում: Նկատեց, որ ՌԴ-ի հայերը պահպանում են իրենց ազգային ինքնությունն ու սովորույթները, ինչին աջակցում է նաեւ ռուսական պետությունը: 

«Ինչպես Դուք ասացիք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու երկրների հետաքրքրությունները միմյանց նկատմամբ նվազել են: Ձեր երկիրը նայում է, ասում է, թե նավթը ինչպես շատ վերցնի: Ասում եք, Հայաստանին ճնշելու համար Ադրբեջանի հետ կխաղամ, Ադրբեջանին ճնշելու համար Հայաստանի հետ կխաղամ: Նորմալ է, միայն Ռուսաստանը չէ, որ այսպես է անում, նորմալ է: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ օրինակներ ենք բերում, բայց դրանց հետևել չենք ուզում: Այն ժամանակ, երբ հազարավոր ռուսներ կգան Հայաստան՝ ծանոթ լինելով Ցեղասպանությանը, իսկ հազարավոր հայեր կմեկնեն Ռուսաստան, իմանալով ռուսերեն, այն ժամանակ հարաբերությունները նորմալ կդառնան»,- շարունակեց Թեւան Պողոսյանը` հարց ուղղելով պարոն Շվիդկոյին` «Քանի՞ ռուս պատմաբան կասի, թե՝ ադրբեջանցինե՛ր, այ այսքան գիրք, որ մեզ մոտ տպագրում եք, էլ չեք տպագրելու, որովհետև մենք՝ որպես ՌԴ գիտությունների թեկնածուներ, չենք կարող կարդալ այն գիրքը, որում գրված է, թե այստեղ 10 հազար տարի առաջ ադրբեջանցիները ապրում էին և այդտեղ այդ ժամանակ հայեր չկային: Հանուն պատմական ճշմարտության նման բան պետք է ասվեր, բայց… դուք նախկին նախարար եք, հիմա էլ շատ մոտ եք նախագահին, խորհրդական եք, կարող եք չէ՞ նրան հուշել, ատոմային զենք տալ և Հայաստանին և Ադրբեջանին, որ խաղաղությունը միանգամից հաստատվի: Կամ էլ կարող եք օրենք մշակել, որ ով Կովկասում զենք վաճառի սանկցիաների կենթարկվի: Ես վստահ եմ, որ այդ ժամանակ ոչ ոք զենք չի վաճառի, այդ թվում և Ռուսաստանը»: 


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930