Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատանիների տիրակալի» տեսողական էֆեկտների հայ  հեղինակը Երևանում է

Սեպտեմբեր 22,2014 23:05

Տասնվեց ժամ ինքնաթիռում և տեսողական էֆեկտների վետերան Ռոջեր Կուպելյանը  «Թումո» ստեղծարար կենտրոնում է՝ երկժամյա հանդիպմամբ: Նա կինոսիրողներին հայտնի է  «Մատանիների տիրակալը» , Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ֆիլմերում կատարած աշխատանքներով, սակայն   այսօրվա այցի նպատակն իր  ընթացիկ աշխատանքը ներկայացնելն է: «Բյուզանդիայի արևելքը. պատերազմի աստվածները և պատերազմող սրբերը» փաստագրական մինի-սերիալների շարքի ստեղծման մասին  ոգևորված խոսելուց առաջ մասնագետը «Ցմահ մոլուցք» անունը կրող սլայդ-պատմության օգնությամբ հյուրերին ներկայացնում է իր կյանքը, որի շարունակությունը նորաստեղծ ֆիլմն է:

Ռոջեր Կուպելյանը ծնվել ու կյանքի առաջին տասներկու տարիներն ապրել է Աֆրիկայի արևմուտքում ու  հեքիաթների փոխարեն  լսել է Վարդան Մամիկոնյանի մասին պատմությունները: Հենց սա էլ  պատճառ է դարձել Ավարայրի ճակատամարտի մասին փաստագրական մինի-սերիալներ նկարահանելու համար. «Հայրս փոքր տարիքում սովորեցրեց ինձ «Հայ եմ ես, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռն եմ ես» հայտնի  տողերը: Աֆրիկայում հայկական մշակույթի հետ առնչվելու միակ ճանապարհը հայոց պատմությունն ու հերոսներին իմանալն էր: Մենք անգամ չգիտեինք, որ Վարդանը նման տեսք ուներ, բայց նա այն հերոսն է, որի մասին լսելով  մենք մեծացել ենք:  Աշխարհում, որտեղ  պետք է գտնես քո փրկությունը, կարևոր է գտնել հերոսների, որոնք քեզ ուժ կտան: Վարդան Մամիկոնյանը մեծ դեր ունի իմ կյանքում»:

Ռոջեր Կուպելյանը  նկարների ու քարտեզների օգնությամբ ցույց տվեց դեպի Բյուզանդիա ստեղծագործական իր ողջ ճանապարհը, դերասանների հագուստը, անիմացիոն լուծումները,  կիսվեց  գաղափարներով ու  նույնիսկ ֆիլմից փոքրիկ հատված ցուցադրեց: Նա  նաև նշեց, որ  ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Սերժ Թանկյանն է:

Կուպելյանը նշեց, որ  ֆիլմի հիմնական շեշտադրումը Վարդան Մամիկոնյանի  կերպարի վրա է, սակայն ֆիլմում զուգահեռ խոսվում է նաև հունական, հռոմեական, բյուզանդական պատմության մասին, այդ իսկ պատճառով ֆիլմը արտասահմանցիներին նույնպես  կհետաքրքրի: «Մեզ՝ հայերիս պետք է «օտար մթնոլորտում» լավ համագործակել ու իրար ձեռք բռնել այնպես, ինչպես հրեաներն են անում: Ամեն տարի երեք-չորս  ֆիլմ են պատրաստում իրենց ցեղասպանության մասին: Մեկը ստացվում է  լավ, մյուսն ավելի լավ և այդպես շարունակ: Իսկ մենք ցանկանում ենք միանգամից շատ լավ ֆիլմեր նկարահանել, այդպես հնարավոր չէ: Եվ առհասարակ,միայն մեր ցեղասպանության վրա կենտրոնանալը սխալ է, մենք հիանալի պատմական անցքեր ունենք՝ ֆիլմ նկարահանելու համար»:

Ֆիլմի հիման վրա  տպագրվել է կոմիքսային պատմությունների գիրք, որը շուտով  նաև Հայաստանում կլինի, իսկ ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ  հաջորդ տարվա ապրիլին:

Լուսանկարը «Թումոյի»

Սյունե Սևադա

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930