Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնազրկված պրոռեկտորը նորանշանակի մասին. «Մի քիչ հասունանար, հետո նոր…» (տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2014 23:57

Ինչպես անդրադարձել ենք,  օրերս կադրային փոփոխություն է տեղի ունեցել  Երևանի տնտեսագիտական  համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Տնօրենի երկարամյա տեղակալ, մաթեմատիկոս Պարույր Գոմցյանին փոխարինել են ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ, երիտասարդ  Արման Առաքելյանով: Ու թեև մաթեմատիկոս-գիտնականին առաջարկվել է դեկանի պաշտոն, այդուհանդերձ կատարվածը անակնկալի է  բերել   Պարույր  Գոմցյանին,  որը մեզ  հետ զրույցում  կիսեց իր մտահոգությունները:

«Մասնաճյուղը հիմնադրվեց  1997 թվականին: Այդ օրվանից ես հրամանագրվել եմ փոխտնօրեն` ուսումնական աշխատանքների գծով: Նախքան դա, աշխատել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում, որից հետո տեղափոխվել եմ այստեղ. աշխատել եմ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը: Թե որն էր ինձ պաշտոնից հանելու պատճառը, պատկերացրեք, մինչև սեպտեմբերի  մեկը ես էլ չեմ իմացել, բայց, ապրիլի սկզբներին, թե ապրիլի կեսերին խորհրդի նիստ տեղի ունեցավ, տնօրենը հայտարարեց, որ մենք ունենալու ենք երկրորդ փոխտնօրենը, բայց խոսք չգնաց, որ դա Գոմցյանի տեղի համար է: Ինքն ասաց, որ երիտասարդ տղա է, տնտեսագետ է մասնագիտությամբ:

Կարծիքներ հայտնեցին, ելույթ ունեցան…Ես իմ ելույթի մեջ հայտնեցի, որ պարոն Առաքելյանը դե շուտ է, որ նման պաշտոնի հավակնի, որովհետև դա բավականին ծավալուն ու աշխատատար աշխատանք է, պետք է փորձառու լինես, դեռ իր ժամանակը չէ միանգամից փոխտնօրենի պաշտոն զբաղեցնելու: Խնդրեմ, հարակից պաշտոններ կարելի էր  զբաղեցնել, մի քիչ հասունանար, հետո նոր…Սա մեզ մնալու չէր, բոլորս էլ գնալու ենք, ավելի լավ է, որ ավելի գիտակ, ավելի երիտասարդ մարդ կանգներ բուհի ուսումնական աշխատանքների կողքին,  բուհը սահուն անցներ իր  հետագա անցնելիք ճանապարհը: Նույնիսկ ասի` պտուղը ե՞րբ  են ծառից իջեցնում, երբ հասունանում է:  Ասի` նա դեռ հասուն չէ նման աշխատանքներին», -ասաց Պարույր Գոմցյանը:

Տնօրենի նախկին տեղակալի ասելով, նորանշանակ տնօրենի տեղակալը ժամանակին դասերի անգամ չի հաճախել, կես դույք է պարապել, շատ անտարբեր մոտենալով իր աշխատանքին: Ըստ Պարույր Գոմցյանի, երբ գործավարը զանգահարել է, թե ինչու Արման Առաքելյանը աշխատանքի չի ներկայացել, տնեցիներն ասել են, թե քնած է կամ ճանապարհին է, կգա:

«Ես ամիսներով նրան բուհում չեմ տեսել: Սա անցավ, որից հետո կաբինետ է տրվել իրեն, որտեղ երկու տեղով փակցվել է փոխտնօրեն,  փոխտնօրեն…Բազում բողքներ եմ լսել, որ իմ տեղս հարմար չէ , ինձ քիչ լիազորություններ են տրված: Ուշադրություն չեմ դարձրել, թե իմ նախկին ուսանողն է, թող աշխատի, մենք պետք է ընդառաջենք նրան: Եկավ սեպտեմբերը,  տնօրենը ինձ կանչեց, թե մենք ֆինանսական սուղ պայմաններում ենք գտնվում, երկու փոխտնօրեն պահել չենք կարող, պարոն Գոմցյան, դուք պետք է ազատվեք աշխատանքից: Բնական է, ես պետք է ասեմ, որ 3-4 ամիս առաջ բերեցիք երկրորդ փոխտօրեն, էդ ժամանակ չէի՞ք մտածում, որ կանոնակարգով մեկ փոխտնօրեն է ձեզ հասնում, երկրորդին ինչո՞ւ էիք բերում: Տնօրենը պատասխանեց` դե դա իմ ուժերից վեր է, ես չգիտեմ և այլն, և այլն… Գնացել եմ Երևան ռեկտորի մոտ, ռեկտորն ասել է, պարոն Գոմցյան,  ձեր մոտ  կա թափուր տեղ դեկանի պաշտոնի համար, խնդրում եմ գնացեք դեկանի տեղի համար աշխատեք հրամանով, հետագայում մրցույթ կհայտարարենք, թե ինչ կլինի, կտեսնեք, թող այդպես լինի, էդտեղ չակերտներով և բազում բաներ»,-պատմեց նա:

Պարույր Գոմցյանը վիրավորված է երիտասարդ  փոխտնօրենի  վարվելակերպից, նրա պատմելով, օրերից մի օր գործավարներից մեկը եկել է, թե փոխտնօրենը  ձեզ կանչում է, ասում է`«ասեք հլը էդ դեկանին գա ինձ մոտ»: Պարույր  Գոմցյանը շատ ծանր է տարել սա: Նա հիշեցնում է, որ ինքն է երաշխավորել  այդ երիտասարդին, որպեսզի նրան պահեն բուհում: «Շատ ծանր տարա, 17-18 տարվա  իմ աշխատանքային չարչարանքը  բուհի համար…Երբ որ հիմնադրվեց բուհը, նույնիսկ քանդված դպրոցներից իմ մեքենայով վառարաններ եմ բերել, որպեսզի բուհը տաքանա, նստարաններ, գրատախտակներ, հիմա էլ  նորելուկ երիտասարդները, այսպես ասած վունդերկինդները այսպիսի վերաբերմունք են ցույց տալիս»:

cucak gomcyani ashxatanqneridiplomgomcyani girqparuyr gomcyani diplomՄեր այն դիտարկմանը, թե բուհի տնօրեն Սամսոն Դավոյանը  իր պաշտոնազրկումը մեկնաբանում է տնտեսագիտական կրթություն չունենալով, մաթեմատիկոս  լինելով, պարոն Գոմցյանն  ասում է, որ ինքը  43 գիտական, գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, որից 16-ը վերաբերում են մաթեմատիկական մոդելները տնտեսագիտության մեջ թեմային: Ըստ նրա, 6-ը տպագրվել են  դրսում: Վերջինս  հարկ համարեց  ցույց տալ իր փաստաթղթերը, տպագրած գիրքը, որը ծառայել է որպես ձեռնարկ:

Մեր այն հարցին, թե  հանրապետական լինելը օգնե՞լ է երիտասարդ Արման Առաքելյանի  փոխտնօրեն նշանակվելուն, Պարույր  Գոմցյանը, չպատասխանելով,  միայն ասաց, թե  բոլորն էլ գիտեն ամբողջ երկիրը ինչ վիճակում է:

Մանրամասները` տեսանյութում


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Ani says:

    Հարգելի պրն Գոմցյան, անկախ հանգամանքներից և Ձեր նկատմամբ կիրառվող անարդարացի որոշումներից Դուք Ձեր ուսանողների համար միշտ կլինեք բարձր որակավորում ունեցող դասախոս, պարտաճանաչ և մարդկային հատկանիշներով օժտված ՄԱՐԴ: Եթե ոմանց պաշտոնն է արժեք տալիս, ապա Դուք նույնիսկ առանց պաշտոնի կընկալվեք բարձրարժեք մարդ, բուհը առաջ մղող շարժիչ և տնտեսագիտության հիմքը հանդիսացող մաթեմատիկական գիտելիքներ սերմանող ՈՒՍՈՒՑԻՉ: Իմացե՛ք, որ բոլոր տարիների ուսանողները Ձեզ գնահատում են առավել, քան որևէ մեկին ՀՊՏՀ ԳՄ-ում:

  2. Ռուզաննա says:

    Բուհի կառավարման համակարգում վաղուց հասունացել էր նոր միտք ներմուծելու գաղափարը և լավ է, որ այն կատարվեց հենց այդ մակարդակում: Խնդրւմ եմ ասածս չանձնավորել: Յուրաքանչյուր նոր մարդ, առավել ևս երիտասարդ, իր հետ նոր միտք ու նոր աշխատելավոճ է բերում, իսկ դա կօգնի, թե կխանգարի բուհի բնականոն աշխատանքին` ցույց կտա ժամանակը: Ի վերջո մենք` բոլորս ինչ-որ տարիքում պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին, ուստի հարգի չեմ համարում նրանց մուտքը բուհ սվիններով դիմավորել: Իմ տեսակետն ու աշխատելաոճն է իմ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն աջակցել և վարչական աշխատողի իմ բազմամյա փորձը փոխանցել բուհում աշխատող ցանկացած երիտասարդի:

  3. Армен Сагсян says:

    Հարգելի խմբագրություն
    Որպես ընթերցող ակնկալում եմ Ձեր արձագանքն ու պատասխանը մի քանի հարցերի, որոնք ինձ թվում է միտումնավոր խեղաթյուրվում են այս և մյուս հոդվածների մեջ: Նախ և առաջ ինչու են անընդհատ խոսում մեկ փոխտնօրենի մասին և այն մասին, որ իբր Առաքելյան Արմանին նշանակել են Գոմցյանի տեղը, այդ բուհում մինչև հիմա էլ, հենց այս պահին կան երկու փոխտնօրեններ: Կարող եք ցանկացած մեկին ուղարկել դա ստուգելու պարզապես զննելով աշխատասենյակների ցուցանակները: Ինչ կապ ունի կանոնադրությամբ առաջնորդվելը այս պարագայում, եթե պաշտոնավարում են երկու փոխտնօրեններ: Մյուս հարցը այն է, որ հիմքերը որոնցով բողոքարկվում է փոփոխությունը մեղմ ասած նման է բամբասանքի, <>: Եվ վերջապես, ինչու է անընդհատ շեշտվում գիտնականի հանգամանքը: Գիտնական լինելը ինչ կապ ունի վարչական պաշտոնի հետ: Գիտնականի տեղը գիտությունների ազգային ակադեմիան է:

  4. Hasmik says:

    Անհրաժեշտ է տնօրռնին փոխել, այլ ոչ թե փոխտօրենին։ Նա արդեն 17 տարի աշխատում է այդ պաշտոնում, իսկ գիտության և կրթության օրենքով թույլատրվում է աշխատել 2 անգամ հինգ տարի, այսինքն առավելագույնը 10 տարի։ Եթե կարելի է ՀՀ օրենքը խախթել, ապա ինչու համար է աշխատում Ազգային Ժողովը։

  5. Արմինե says:

    Ինքս չեմ սովորել Գյումրիում,ինչի համար շատ ուրախ եմ,բայց շատ լավ ճանաչում եմ Պարույր Գոմցյանին թե որպես լավ մարդ,թե որպես խելացի,մտավոր հզոր կարողություններով օժտված մասնագետ:Չի կարելի վիրավորել մի մարդու,ով իր մեծ ներդրումն է ունեցել թե ինստիտուտի կայացման գործում,թե ուսանողների գիտելիքների կայացման մեջ:Ի վերջո, Արման Առաքելյան,դուք էլ եք ձեր գիտելիքների մեծ մասը կերտել այս մարդու դասընթացների ժամանակ:Մի քիչ հարգանք տածեք մեծի նկատմամբ,հակառակ դեպքում,ուզում եք տասը համալսարան ավարտեք կամ հարյուրավոր գիտական աշխատություններ գրեք ու հրապարակեք,միևնույնն է,դուք միշտ կգտնվեք շատ ցածր մակարդակի վրա,որովհետև ամենաառաջնայինն ու կարևորագույնը զուտ մարդկային ազնիվ հարաբերություններն են:

  6. A.A. says:

    Երբ պետք է այս ամենը ավարտվի

  7. Gevorg says:

    Ամեն ինչ հստակ ներկայացված է

  8. Hasmik says:

    Գրողի ծոցին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ հանդերձյալ կյանքում Սամսոնը ևս շարունակելու է պաշտոնավարել…

  9. Իսկանդարյան Անի says:

    Իմ շատ սիրելի համալսարան
    Իմ շատ սիրելի դասախոս, մեծ մտքի տեր պրն Գոմցյան
    Ինքս սովորել եմ այս համալսարանում 2004-2010թթ: Պ. Գոմցյանը մեծ ներդրում է ունեցել իմ եւ շատերի` հետագա բարձրագույն գիտելիքներ ստանալու գործում, եղել է մեր կուրսղեկը: Միայն և միայն դրական խոսքերով կարող եմ բնութագրել թե’ որպես մասնագետ, թե’ որպես գիտնական, թե’ որպես մարդ` օժտված մարդկային վեհ արժանիքներով: Նույն Արման Առաքելյանն էլ է ինչ-որ դասախոսություններ կարդացել կուրսում, չեմ էլ հիշում ինչ առարկայից, հիշում եմ , որ տեսել եմ տարեսկզբին և տարեվերջին ` քննության ժամանակ, ինչը չեմ կարող համեմատել պրն. Գոմցյանի դասախոսությունների հետ: Այստեղ շեշտը չեմ դնում, թե ով է ավելի լավ ու մատչելի դասախոսություններ կարդացել,այլ թե ով է ավելի պատասխանատու մոտենում իր աշխատանքին: Եվ թող ցանկացած փոփոխություն լինի ըստ արժանվույն: Շատ ավելի արժանի մարդիկ կան բուհում: Պետք չէ երբեմնի` ցուրտ ու դժվար տարիներին վեր հառնած համալսարանը, որն ունի մեծ պոտենցյալ, հավասարեցնել քաղաքի մյուս միջակ բուհերին: Ցավ եմ ապրում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930