Երբ տեսանելին դառնում է անտեսանելի

Երբ տեսանելին դառնում է անտեսանելի

Կամ՝ ինչպես Ցիցերոնն էր ասում՝ դատավորը խոսող օրենքն է,
իսկ օրենքը՝  համր դատավորը

Երբ դատարանում տեսանելին դառնում է անտեսանելի եւ անհերքելին հերքվում է, դու պապանձվում ես, ակամայից ուզում ես այդպիսի դատարանի վրա… մեղա քեզ Աստված, օրենքն արգելում է ոչ հարգալից վերաբերմունք դատարանի եւ դատավորի նկատմամբ:
Այսպես կոչված՝ մրցակցային դատավարության գոյություն ունեցող սկզբունքը պահանջում է, որ դու բոլոր փաստարկներդ հանես, փռես դատավորի առջեւ, համոզես նրան (դատավորն առաջնորդվում է նաեւ համոզմունքով), վեճի բռնվես քո հակառակորդ կողմի հետ: Բայց քո հակառակորդ կողմը՝ հետաքննիչն ու դատախազը, ծպտուն չեն հանում քո փաստարկների դեմ, դու ներկայացնում ես խնդրո առարկա տեսաձայնագրառումը, ճգնում ապացուցել, որ այն կատարվել է գաղտնի, ապա մոնտաժվել ու ներկայացվել դատարան:

Բայց քեզ լսող, ոչ էլ առարկող չկա: Մտածում ես՝ «Կարո՞ղ է ՀՀ Սահմանադրության 23 եւ Քրեական օրենսգրքի 144 հոդվածներն արդեն կորցրել են իրենց ուժը»: Այլապես դատախազն այդ ի՞նչ օրենքով է հաստատել նորաթուխ հետաքննիչի որոշումն այն մասին, որ գաղտնի չի եղել ձայնագրառումը: Ո՞նց թե գաղտնի չի եղել, այդ դեպքում ինչո՞ւ է ձայնագրության սարքը թաքցվում սեղանի տակ: Դատախազն այստեղ լռում է: Նրա փոխարեն դատավորն է պատասխանում՝ «Իսկ ինչո՞ւ թույլ տվեցիք սեղանի տակ թաքցնելու»: Թվում է՝ ֆարս ես դիտում թատրոնում կամ այդ պահին դատավորը մտքով իր հաջորդ՝ Վարդան Պետրոսյանի դատի հետ է: Պարույր Սեւակը նման դեպքում ասում էր՝ «կուզես պատռվիր մեջտեղիցդ, բերանիդ բարձ խոթիր, գլուխդ պատեպատ տուր», միեւնույն է՝ նրանք իրենցն են առաջ տանելու: Ամեն ինչից երեւում է՝ այստեղ դատավորն իր համոզմունքն ունի, այն չի փոխվի, որովհետեւ այդ համոզմունքն ունի նաեւ դատախազը: Հաճախ ենք լսում շատերից՝ մեր օրերի դատական համակարգը սա է: Ընդամենը մի անգամ է եղել լեգենդ դարձած մի դեպք, երբ դատավորը, կոնկրետ դատավոր Ռաֆայել Բլբուլյանը (բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի հայրը) ընդդիմացել է դատախազի ճնշումներին եւ սանկցիա կիրառել նրա նկատմամբ: Անցյալում էր դա: Կոնկրետ մեր դեպքում դատավոր Վաղինակ Մկրտչյանն իր գործընկեր դատախազ Վ. Ռշտունու (ի դեպ, նա նոր է դատավորի պաշտոնից դատախազ դարձել) ոչ մի օրենքով չպատճառաբանված կարծիք -ենթադրությունը դարձրել է իր համոզմունքը, որին դեմ գնալը կարծես իր համար սրբապղծություն է: Նույնը կարելի է ասել Վերաքննիչ դատարանի այս գործը քննող նախագահող դատավոր Գ. Ավետիսյանի մասին: Դատաքննությունից պարզվեց, որ նա դեռեւս ծանոթ էլ չէ գործի բոլոր նյութերին, սակայն դա չի խանգարում, որ ձեւի համար մտնի խորհրդակցական սենյակ, որպեսզի որոշում կայացնի դատախազի որոշման copy paste տարբերակով: Գուցե սա ընդունված կարգ է մեր իրականության մեջ եւ հենց այս փաստով էլ կարող ենք եզրակացնել, թե ինչու այսքան խորն են անկում ունեցել մեր դատարանները: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ իրավապահներն այսպես ջերմեռանդորեն պաշտպանում են այս անձին: Գուցե նրանց վախեցնում է այն փաստը, որ այս ստահակը (դատարանի վճռով հաստատված է անպատկառ նրա ստահակությունը) մամուլում տարածել էր հաղորդումներ այն մասին, որ ինքն ունի նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն»: Հավանաբար նրանց վախը բռնել է պետք, կամ երեւի «Այսքան սրբերի աղոթելու փոխարեն՝ մի Աստծո աղոթենք, պրծնենք»: Կամ գուցե իրավապահներն այս անձի ինչ-ինչ ծառայությունները հատուցելու համար էին 11 ամիս ձգել նրա սուտ մատնության հիման վրա քրեական գործ հարուցելու գործընթացը: Դա արդեն թեմա է, որը պիտի դառնա նոր դատի գործ, ինչից հիմա նրանք խուսափում են…

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրազդան» հեռուստաընկերության
խմբագիր

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք