Լրահոս
Օրվա լրահոսը

Բոմժ եւ մեծահարուստ

Սեպտեմբեր 28,2014 22:40
bomj

Հետաքրքիր է, կյանքում մարդ արարածի ճակատագրի վրա ավելի մեծ դեր են խաղում նրանից դուրս գոյություն ունեցող հանգամանքներն ու հարաբերությունները, թե՞ նրա ունեցած հնարավորությունների ու ներուժի՝ ճշգրիտ և օպտիմալ օգտագործումը: Փորձենք ասվածն անցկացնել մեր օրերի պրիզմայով:

Գաղտնիք չէ, որ մարդկանց մի «բախտավոր» խմբաքանակ կա, որի ներկայացուցիչները` հատկապես աշխատանքային գործունեության մեջ մեծ հաջողություններ են գրանցում ոչ այն պատճառով, որ իրենք խելացի, կրթված, պրոֆեսիոնալ են, այլ այն պատճառով, որ նրանց «պապաների» կողմից իրենց համար մշտապես ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ առանց խոչընդոտների երթևեկելու կյանքի դժվար անցանելի մացառուտներում: Ամեն հերթական հաջողությունից հետո, նրանք երբևէ իրենց հարց չեն տալիս, թե ինչպե՞ս պատահեց, որ առանց ջանք թափելու՝ այդ ամենը հեշտությամբ տրվեց իրենց: Ավելին, նշված մարդիկ անխնա կերպով օգտվում են միայն այդ հաջողության պարգևած իրավունքներից, իսկ պարտականությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Ավելին, նրանք համոզված են, որ այդ «հաջողության» նավն իրենց սեփականն է և այն իրենց համար մշտապես՝ առանց ցնցումների նավարկելու է, եթե նույնիսկ շուրջ բոլորը հուժկու փոթորիկ է: Այդ ամենին զուգահեռ, շատ ցավալի մի բան էլ է կատարվում. նրանք այդ ընթացքում` առանց գիտակցելու շարունակաբար կորցնում ու կորցնում են Աստծո կողմից իրենց տրված` թեկուզ փոքրիկ ունակությունները, որոնք գնալով՝ ժամանակի ընթացքում լրիվ զրոյանում են: Սակայն, ի զարմանս առողջ տրամաբանության, այսքանից հետո էլ «հաջողության» նավը շարունակում է իր ճանապարհը և էլ ավելի բարձունքների է հասցնում նրանց: Հայաստանի նման փոքրիկ երկրում՝ կողք-կողքի ապրող և աշխատող մարդկանց համար այս ամենը հստակ տեսանելի է և նման բացահայտ անարդարությունը շատ-շատերի մեջ սպանում է բազմապիսի` անգնահատելի մարդկային արժեքներ: Հատկապես մեր օրերում, երբ գործազրկությունը երկրում հասել է աննախադեպ չափերի, այս երևույթը էլ ավելի մեծ տարածում է գտել, որի հետևանքով մարդկանց դժգոհությունները համատարած բնույթ են կրում` ժամ առ ժամ ավելացնելով գործազուրկների ու արտագաղթողների ստվար բանակները:

Թվում է Աստծո գերագույն ստեղծագործության՝ մարդ էակի համար, այս ամենը պետք է որ դուրս լիներ բարոյականության բոլոր սահմաններից, այնինչ՝ այն այսօր ոչ միայն բազմաթիվ արարածների կենսակերպն է, այլ շատ հաճախ՝ նրանց ինքնագոհության և հպարտության գերագույն խարիսխը, որի մասին նրանք` նաև վեհորեն բարձրաձայնում են: Նման իրավիճակը հիմնովին պատնեշում է շատ ու շատ արժանավոր, մասնագետ, գրագետ մարդկանց անցնելիք ճանապարհը, շատ հաճախ նրանց ուղղակիորեն տեղափոխելով բոմժերի դաշտ: Զարմանալի է, բայց այդ նույն ընթացքում, անտեսելով և նույնիսկ շրջանցելով` Աստծո սահմանած պատիժների մշտարթուն դաշտը, «պապաների ինստիտուտը» այդ դաշտին հարիր բազմաթիվ անձնավորությունների տանում և դարձնում է մեծահարուստներ: Այլ խոսքով, բարոյական լուրջ արժեքներ կրող բազմաթիվ մարդիկ դառնում են բոմժեր և պարտադրված մուրում՝ հենց այդ ճանապարհով բարձունքների հասած մեծահարուստներին: Բոմժերի դաշտում հայտնված մարդիկ որքան էլ մեծ ճիգեր գործադրեն, միևնույն է չեն կարող լքել իրենց դաշտը, քանզի նրանց իրական ճանապարհները նախօրոք պատնեշված են՝ «ի վերուստ արժանավոր և արտոնյալ» արարածների կողմից: Փաստորեն, Հայաստանում չգրված կանոն է աշխատում. ով ուզում ես եղիր, միևնույն է ոչնչի չես հասնի, եթե իրենցից չես: Չգրված այդ կանոնն անվարան գործում է` իր ճանապարհին ջնջելով բարոյական նորմերի ողջ համակարգը, առանց փոքրիկ խղճի խայթ արձանագրելու:

Հայաստանը մի բուռ երկիր է և չցանկանալու դեպքում անգամ, բոլորն ամեն ինչ տեսնում են: Հատկապես, տարբեր միջոցառումների ժամանակ ում խոսեցնես, բոլորն անվարան ասում են, որ խաբելը մեծագույն մեղք է: Իսկ ինչ անուն կարելի է տալ այն վիճակին, երբ պաշտոնյա այրերը խաբում են նույնիսկ այն հարցերում, որոնց մասին տեղյակ չլինելն՝ ուղղակի անհնար է: Եթե չեք կարող չխաբել (դա մարդու մի այլ տեսակ է), գոնե խաբեք այն հարցերում, որտեղ փոքրիկ մութ կետեր կան: Այս առումով, ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած արտառոց մի իրողության մասին: ՀՀ կառավարության հերթական նիստում՝ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ի լուր ժողովրդի հայտարարում էր, որ Երևանում կապամոնտաժվեն միայն լքյալ և երկար ժամանակ փակ վիճակում գտնվող կրպակները: Եվ դա այն դեպքում, երբ հենց նույն պահին՝ ժողովրդի «պահապան» ոստիկանների օգնությամբ, տեղական իշխանավորները Երևանի Փափազյան փողոցում ապամոնտաժում էին աշխատող, նույնիսկ՝ պայմանագրերի ժամկետները չլրացած որոշ կրպակներ, որը պատեհ առ պատեհ ուղեկցվում էր նաև ծեծ ու ջարդով: Տպավորությունն այնպիսին էր, որ Երևան քաղաքում բոլոր հարցերն արդեն իսկ՝ լիովին լուծված են, մնում է կրպակների ապամոնտաժման միջոցով իրագործել այս վերջին՝ Երևանի գեղեցկացման հարցը: Կարծում եմ, միայն այս օրինակը բավական է չհասկանալու այն մարդկանց, ովքեր մինչև այսօր ողբում են Կարեն Կարապետյանի հրաժարականը: Այս ամենը ևս գալիս է նրանից, որ շատ ու շատ պաշտոնյաներ՝ վերը նշված ճանապարհով են հասել իրենց զբաղեցրած դիրքերին և մեղմ ասած, այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է պաշտոնյա լինելը: Եթե նույնիսկ նրանց մի մասը մասնագիտական առումով պրոֆեսիոնալներ են, այդ դեպքում նրանք` գոնե շատ պարզ մի այլ բան չեն հասկանում. յուրաքանչյուր երկրում, քաղաքում, մարզում, համայնքում ամենամեծ արժեքը մարդն է և պաշտոնյաների կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է առաջին հերթին ուղղված լինի հենց այդ նույն մարդու բարօրությանը: Ամեն ոք պարտավոր է հստակ հասկանալ, որ պաշտոնի անցնելու մի բանաձև պետք է գործի. նախքան պաշտոնյայի որևէ միտք՝ ուղեղից կիջնի շուրթերին և կյանքի կկոչվի, այն պետք է լինի 100 տոկոսանոց ճշմարիտ և պրակտիկորեն իրագործելի: Այ, եթե պաշտոնյաներն այս տարրական թեզը ընկալեն և այդպես վարվեն, ապա ժողովուրդը հաստատ սատար կկանգնի նրանց և նրանք ավելի հեշտորեն կլուծեն իրենց առջև դրված խնդիրները: Ակնհայտ է, որ նման դեպքում` երկրում առկա պրոբլեմներն էլ ավելի քիչ կլինեն և եղածներն էլ` ավելի հեշտությամբ կլուծվեն: Հեծանիվ հնարելու հարկ չկա. աշխարհը վաղուց արդեն գնում է այս ճանապարհով:

Եթե մեր երկրում ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է արվում, ապա արժանավորները՝ հիմնականում տեղ են զբաղեցնելու բոմժերի դաշտում, իսկ անարժանները՝ ունևորների դաշտում և աշխարհը՝ Հայաստանին նայելու է որպես բոմժերի, այլ ոչ թե՝ արժանապատիվ երկրի:

Սիրելի հարուստներ, պաշտոնյաներ և «ի վերուստ արժանավորներ», չարժե շատ ոգևորվել, քանզի կյանքի անիվը բավականին տարօրինակություններ ունի և երբեմն՝ անսպասելիորեն, առանց նախազգուշացնելու շեղվում է ցանկալի հետագծից և խառնում կյանքի բոլոր դաշտերը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930