Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթի եւ ընկերների գործը, ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանի խարանն է

Սեպտեմբեր 30,2014 13:48

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ քաղբանտարկյալների» խմբի համակարգող Վրեժ Զատիկյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձան անցյալ տարվա նոյեմբերի 5-ից ազատազրկված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների քրեական գործին:

Ավետիք Իշխանյանն իր խոսքը սկսեց Սյունիքի մարզպետի նշանակմամբ. «Երբ իմացա, որ Սուրիկ Խաչատրյանին նշանակել են, մտքումս միայն հայհոյանքներ էին: Այդ նշանակումը հերթական բացահայտիչն է, որով կորցնում ենք պետություն, արժանապատվություն»:
Նա զուգահեռ անցկացրեց «Սուրիկ Խաչատրյան- Բուդաղյաններ» եւ «Շանթ Հարությունյան-ընկերներ» գործերի միջեւ: Մի դեպքում օրինական է դիտվել Խաչատրյանների «ինքնապաշտպանությունը», իսկ մյուս կողմից անչափահաս Հարությունյանի գործողությունները, որը ցանկացել է ընդամենը պաշտպանել իր հորը եւ նրա գաղափարական ընկերներին, պետության կողմից դիտվում է հակաօրինական եւ նրա համար մեղադրողը պահանջում է 5 տարվա ազատազրկում:

Ավետիք Իշխանյանը հարցրեց՝ «Իրավաբան կոչվածները թող լուրջ դեմքով բացատրեն ինչ է սա նշանակում: Սա Հայաստանի խարանն է»: Իրավապաշտպանը մտահոգություն հայտնեց, որ այսուհետ օրինական են դիտվելու Սուրիկ Խաչատրյանինը, հակաօրինական՝ Շանթի եւ նրա ընկերների գործողությունները:

Չմանրամասնելով Հելսինկյան կոմիտեի գրասենյակ այցելած պատգամավորական խմբի այցը (Եվրոպական երկրներից մեկի 7 պատգամավոր), Իշխանյանն ասաց, որ երբ ինքը նրանց ասել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ Վոլոդյա Ավետիսյան, Շանթ Հարությունյան եւ մյուսներ, այդ պատվիրակությունը, պարզվել է՝ նույն հարցը ուղղել է ԱԺ պատգամավորներին եւ նրանք պատասխանել են, որ մեզ մոտ քաղբանտարկյալներ չկան:
Խորհրդային Միության զոհերից՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին այցելությանը ԱՄՆ: Ըստ նրա՝ «օտար երկրում Շանթի եւ նրա ընկերների անմեղության կանխավարկածն է խախտել նախագահը, միեւնույն ժամանակ սպառնացել է մեկ այլ երկրի քաղաքացու, ասելով՝ քո օրերն են վերջանալու (Գոքոր Յաղնուկյան): Դա ուղղակի լկտիություն է եւ սպառնալիք, ամբողջ հայ ազգին է խայտառակում»:

Ապա անդրադառնալով Շանթի եւ ընկերների գործին, ասաց, որ նրանք ազատության համար են այսօր հայտնվել բանտերում, միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ վաղը դատական նիստից մեկ ժամ առաջ հանրահավաք է կազմակերպելու՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Վրեժ Զատիկյանը փորձեց օրակարգից «դուրս» գալ, խոսել նաեւ նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից «ցեղասպանության ճանաչման մասին արտահայտությունների, երեք նախկին նախագահների մասին, նրա խոսքը ընդհատվեց մի պարզ պատճառով, որ օրակարգում Շանթի եւ նրա ընկերների խնդիրն էր դրված:

Ի դեպ, Ավետիք Իշխանյանը նկատեց, որ այսօրվա քաղաքական ուժերից Շանթի եւ ընկերների գործով մեծ աջակցություն չկա եւ դա բացատրեց կուսակցական էգոիզմով:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ «Շանթ եւ ազատություն» հիմնադրամի պատասխանատուներից մեկը: Նա ասաց, որ Շանթը եւ նրա ընկերները ունեն 26-30 երեխա, որոնք մնացել են առանց հայրերի խնամքի եւ հիմնադրամը ստեղծվել էր ֆինանսական օգնություն այդ ընտանիքներին ցույց տալու նպատակով, սակայն այն լուծարվել է, քանի որ, ըստ նրա՝ մեր հասարակությունը ուժ չգտավ օգնել հիմնադրամին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930