Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատության եւ գործազրկության ցուցանիշները չեն նվազում

Սեպտեմբեր 30,2014 14:17

Հայաստանի առաջ ծառացել է աղքատության խնդիրը, որը երկրում սրվեց հատկապես համաշխարհային ճգնաժամից հետո։ Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը։

Պրն Պետրոսյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 1999 թվականին երկրում աղքատությունը 56,5 տոկոս էր։ Նրա պնդմամբ՝ հետեւողական աշխատանքի եւ ջանքերի արդյունքում 2008 թվականին աղքատության մակարդակը իջել էր մինչեւ 24 տոկոս։ Սակայն կրկին 2012 թվականին այն բարձրացել եւ հասել է 32,4 տոկոսի. «2013 թվականի ցուցանիշները դեռեւս չկան , սակայն դրանք մոտ են 2012 թվականի ցուցանիշին։ Մեզ համար թիվ մեկ խնդիրը աղքատության հաղթահարումն է։ Ամբողջ աշխարհում քանդվում էին տնտեսությունները, մեզ մոտ էլ քանդվեց»։

Պրն Պետրոսյանը նաեւ ներկայացրեց, որ գործազրկության բարձր մակարդակը դեռեւս պահպանվում է երկրում՝ 17 տոկոսից մի փոքր ավել, եւ որ ամենաանհանգստացնողը երիտասարդների գործազրկության մակարդակն է՝ 24 տոկոս։

«Կենսաթոշակների մակարդակը նույնպես մեզ դեռեւս չի բավարարում, այն չի կարող ապահովել ծերերի արժանապատիվ կյանքը։ Նաեւ աշխատավարձերի բարձրացում եղավ պետական համակարգում 2014 թվականին, որն իր դրական ազդեցությունը ցույց է տալիս։ Եթե նախկինում պետական համակարգը մրցակցության մեջ էր մասնավորի հետ եւ ցածր աշխատավարձով որակյալ պետական ծառայություն մատուցելը իրատեսական չէր համարվում, ապա պետական համակարգում աշխատավարձի այդ բարձրացումները դրությունը որոշակի չափով փոխեցին»։ Արա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ամեն դեպքում աշխատավարձերի խնդիրն ամբողջությամբ լուծված չէ եւ կառավարության առաջիկա ծրագրերում քննարկվելու է աշխատավարձերի բարձրացման խնդիրը՝ այն եւս հինգ հազար դրամով ավելացնելու համար։ Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ երկրում կա գրանցված 193 հազար հաշմանդամ, որոնցից միայն 7-8 տոկոսն են աշխատանքով ապահովված. «Սա շատ ցածր ցուցանիշ է, մարդուն հասարակության ինտեգրման ամենակարեւոր գործոնը աշխատանքն է եւ այստեղ մենք իսկապես լրջագույն խնդիր ունենք լուծելու»։

Սոցիալական մեկ այլ անհանգստացնող խնդիր էլ պրն Պետրոսյանը համարում է ծնելիության խնդիրը. «Մեր ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, որը բնակչության վերարտադրությունը չի ապահովում, այն պետք է լինի 2.1 եւ ավելի»։

Բանախոսը տեղեկացրեց, որ բոլոր նշված հարցերն արձանագրված են կառավարության նոր ծրագրում եւ մինչեւ 2025 թվականը ստանալու են իրենց լուծումները։

Պրն Պետրոսյանը տեղեկացրեց, որ սոցիալական ոլորտում խնդիրները լուծելու համար բյուջեից ներկայումս հատկացվող 362 միլիարդ դրամին ավելանալու է եւս հինգ միլիարդ դրամ՝ կենսաթոշակների բարձրացմանը եւ մեկ տարվա աշխատանքային ապահովագրման ծախսերին ուղղված եւ եւս 1,2 միլիարդով էլ ավելանալու է ընտանեկան բյուջեի չափը՝ 16 հազար դրամից դառնալով 17 հազար դրամ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930