Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Ջաղինյանին. «Ամբողջ ժողովրդին մտցրել էիք ղումարի շրջապտույտի մեջ, մեր տները դարձրիք կազինո»

Սեպտեմբեր 30,2014 17:42
pashinyan

Այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի բովանդակության հետ կապված իր գոհունակությունը հայտնեց եւ ասաց, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում. «Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, այստեղ վիճակն այնքան էլ լավ չի: Եթե դրական ինչ-որ բան հիշելու լինենք, կարող ենք հիշատակել օրերս ի հայտ եկած Ստեփան Զաքարյանի հեղինակային հաղորդումը: Իսկ ահա թե ինչ տեղի ունեցավ ֆուտբոլային հեռարձակման ժամանակ՝ խայտառակություն է, ամբողջ ժողովրդին մտցրել էին ղումարի շրջապտույտի մեջ, թե ով ինչի վրա ինչ խաղադրույք կատարի: 15 րոպեն մեկ՝ այս մեկն ավելացավ, այս մեկը պակասեց, սա խայտառակություն է: Իբր թե խաղատների սահմանափակման քաղաքականություն է իշխանությունը վարում, բայց մեր տները դարձրիք կազինո: Պետք է Հ1-ից ամբողջ գովազդը հանվի, կարծես թե դուք էլ կողմ էիք դրան: Բայց հիմա էլ ստացվում է, որ Հանրայինի եթերից սննդամթերքի գովազդը հանենք՝ ղումա՞րը գովազդենք՝ հովանավորության անվան տակ: Այն, ինչ դուք ասում էիք՝ արժեքներ, արժեքներ, այն, ինչ ռեալ քարոզել եք, խաղադրույքներն են, համազգային ղումարը»:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց. «Արդեն ուրախացնում է, որ դուք ինչ-որ դրական փոփոխություններ տեսնում եք: Մի ժամանակ դուք այստեղ ասում էիք, որ Հանրայինը չի ցույց տա ֆուտբոլ, ցույց կտան ուրիշ հեռուստատեսություններ: Հանրայինն աշխատեց, որ ցույց տա: Գիտեք, դա կախված է ինչ-որ գումարներից: Այն կազմակերպությունը, որը հնարավորություն կտար եթերում ֆուտբոլ ցույց տար, պետք է բանակցություններ վարեին, մենք այդ գումարները բյուջեում չունենք: Իրենք ունեն ինչ-ինչ պայմաններ, որ մենք պետք է իրականացնեինք: Միգուցե դա ձեր պատմելով անհաջող է ստացվել: Մյուս անգամ մենք ավելի ուշադիր կլինենք, կփորձենք այդպես չլինի, բայց այդքան հաճախ էլ չէր, ինչ դուք ասում եք»:
Փաշինյանը արձագանքեց. «Հանրայինը, կտեսնենք, Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն ցույց կտա՞, թե՞ չէ: Բազմաթիվ քաղաքացիներ, ձեր հեռարձակած ֆուտբոլը նայելով՝ որոշեցինք առհասարակ ֆուտբոլը Հ1-ով չնայել: Հակամարզական ֆուտբոլ նայեցինք: Հասկանում ենք հնարավորության հետ է կապված, բայց դա չի նշանակում, որ ամեն գնով պետք է ֆուտբոլ հեռարձակեիք»:

Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ իրենք կարող են ցույց տալ մեր հավաքականի խաղերը, իսկ չեմպիոնների լիգայի խաղերը կարող են ցույց տալ այլ հեռուստաընկերություններ: Ռուբեն Ջաղինյանը խոստացավ, որ մյուս անգամ կփորձեն չխանգարել ֆուտբոլասերներին ֆուտբոլ նայել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930