Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը անարդյունավետ է աշխատում»

Սեպտեմբեր 30,2014 20:53

«Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Արևմուտքին, թե ինչու, այսպես կոչված, Ղարաբաղի օկուպացիայի հարցը չեն դարձնում քննարկման առարկա: Ուղղակի ադրբեջանցիների ձայները կտրելու համար այս հարցը մտցրել են Եվրոպայի խորհուրդ: Ղարաբաղի թեմայով զեկույցի նախապատրաստման նախաձեռնության չմերժելու գլխավոր պատճառը դա է»,-Aravot.am-ի հետ զրույցում «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց նախապատրաստելու՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությանը Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դրական արձագանքին այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 «կողմ» եւ 74 «դեմ» ձայնով։
Պարոն Մեհրաբյանի կարծիքով՝ Ադրբեջանն այսօր դարձել է Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Արևմուտքի ամենակոշտ քննադատության թիրախը, քանի որ այնտեղ սարսափելի կերպով խախտվում են մարդու իրավունքները: Այս առիթով քաղաքագետը մանրամասնեց. «Ադրբեջանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի, և ցանկացած այլակարծություն այնտեղ կարող է դառնալ հետապնդման պատճառ: Պետությունը այնտեղ ուղղակի տեռորի է ենթարկում քաղաքացիական հանրությանը, հատկապես կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված: Մենք գիտենք, որ այնտեղ բազում մարդիկ բանտարկված են հենց հայերի հետ համագործակցության համար, քանի որ դա այնտեղ վերաորակվում է որպես շպիոնաժ ՀՀ-ի օգտին»:

Հայկական կողմի դիրքորոշումը ևս չի գոհացնում պարոն Մեհրաբյանին. «Ցավում եմ, որ ԵԽԽՎ-ն դարձել է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների համար իրար հետ լեզվակռվի մի ասպարեզ: Բուն խնդիրները թողած երկու երկրների պատվիրակություններն այնտեղ իրար հաշվին ինքնահաստատվում են՝ փորձելով ասենք ներքին լսարանի համար միավորներ կորզել: Թե Ադրբեջանի, թե Հայաստանի պատվիրակությունների գործունեությունը ԵԽԽՎ-ում խիստ անարդյունավետ է, դրա վկայությունն է մարդու իրավունքների ողբալի իրավիճակը Ադրբեջանում և ճահիճը, որում գտնվում է  Հայաստանը»:

Այսօր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԵԽԽՎ-ն վերածվել է «մինի մեջլիսի դուստր ձեռնարկության և կարող է գալ մի պահ, երբ անհրաժեշտ լինի, որ ՀՀ-ն քննարկի իր և այս կառույցի հետագա հարաբերությունները»: Պարոն Մեհրաբյանը չի ցանկանում քննարկել այս դիրքորոշումը, պարզապես ասաց. «Ով նման հարց է բարձրացնում, ուրեմն նա կամ ընդհանրապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, կամ դա ՀՀ-ի և հայ հասարակության դեմ դիվերսիա է»:

Մեր հարցին՝ ադրբեջանցիների բերանը փակելու համար ԵԽԽՎ-ի Ղարաբաղի հարցով զեկույցի պատրաստումն ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի և ԼՂՀ-ի համար: Փորձագետը պատասխանեց. «Դա արդեն կախված է ՀՀ դիրքորոշման և ՀՀ դիվանագիտական ակտիվությունից: Գիտենք, որ մեր դիվանագիտությունը պարզապես ողորմելի է, այստեղ խնդիրն այն է, որ միակ հարթակը, որտեղ կարգավորվում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, Մինսկի խումբն է: Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան միասին միշտ ձգտել են վարկաբեկել Մինսկի խումբը, դրա ձևաչափից դուրս բերելն հարցի լուծման գործընթացը ու  դրանով փորձել Ռուսաստանից Հայաստանի շահերի հաշվին զիջումներ կորզել»:

Մեր հստակեցմանը, ստացվում է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակություն անարդյունավե՞տ է աշխատում, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Մեր պատվիրակությունները ընդհանրապես տարիներով աշխատել և շարունակում են աշխատել անարդյունավետ: Անարդյունավետությունն էլ ավելի է խորանում կապված կարևորագույն հարցերում ՀՀ-ի ընդունած խայտառակ որոշումների պառճառով, մասնավորապես սեպտեմբերի 3-ի, Ղրիմի վերաբերյալ որոշումը: Այս ամենն էապես գցում է հայկական պատվիրակության մանևրելու հնարավորությունը, և ինքը պատվիրակությունն էլ զբաղված է նրանով, թե ինչպես վարժ կերպով փակի ադրբեջանցիների՝ ցնդաբանություններ շաղ տվող բերանը, քան էական գործով զբաղվի ՀՀ-ի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930