Ադրբեջանը Ֆինլանդիա չէ, հայերն էլ շվեդներ չեն

Ադրբեջանը Ֆինլանդիա չէ, հայերն էլ շվեդներ չեն

Ալանդական  մոդելը կիրառելի՞ է Ղարաբաղի համար:

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Մառնեուլիի  շրջանի Թեքալի գյուղում կայացան  հասարակական լսումներ, որոնց մասնակիցները ժամանել էին  Երեւանից, Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններից, Բաքվից, Ղազախի  եւ Թովուզի շրջաններից:

tekali

Հիմնական զեկուցողը ադրբեջանցի քաղաքագետ  Զարդուշտ Ալիզադեն էր: Նրա զեկուցման թեման էր՝ «Ալանդական մոդել: Ղարաբաղյան հակամարտության մոդելը  խթանելու քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների հնարավորությունները»: Նրա ընդդիմախոսը Շվեդիայում բնակվող  գրող, քաղաքական գործիչ Վահե Ավետյանն էր, ով ընդհանուր առմամբ  համամիտ էր Ալիզադեի հետ:

Թեմայի վերաբերյալ հատուկ  կարծիք  ներկայացրեց Թեքալիի  գործընթացի երիտասարդական հարթակը: Լսումների ժամանակ  ներկայացվեց   ինքնավարության ալանդական փորձը: Ալանդական կղզիներում բնակվում է 27 հազար շվեդ: Նրանք գտնվելով Ֆինլանդիայի կազմում, օգտվում են շատ  լայն ինքնավարությունից: Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի ադրբեջանական կոմիտեի նախագահ  Արզու  Աբդուլաեւան ասաց, որ  Ղարաբաղն ու  Ալանդական կղզիները աշխարհագրությամբ  հեռու են, հայերի եւ ադրբեջանցիների մենթալիտետն էլ տարբերվում է  սկանդինավցիների մենթալիտետից:

Նա որպես քաղաքական անկեդոտ հիշեց հետեւյալ պատմությունը:  1993թ. հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարնեըը: Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ իրենք կհամաձայնվեին ալանդական մոդելին, սակայն Ադրբեջանը Ֆինլանդիա չէ: Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Զուլֆիգարովն էլ  հակադարձել է՝ դուք՝ հայերդ էլ, շվեդներ չեք:

Հասարակական լսումների ավարտին Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը  քվեարկության դրեց հետեւյալ հարցը՝«Պե՞տք է մոդելավորել Ղարաբաղյան հակամարտությունը  եւ առաջ մղել հակամարտության կարգավորման մոդելները»: Քվեարկության արդյունքում 48 հոգի  կողմ արտահայտվեց, 5-ը՝ դեմ :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մեղրահամ հարց ու պատասխան:Կարևորը ֆաշիզմի մասին խոսք չկա:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք