Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական որոշ գործիչներ էյֆորիայի մե՞ջ են

Հոկտեմբեր 01,2014 16:00

Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին Վահրամ Բաղդասարյանը կխոսի մեկ տարի անց, իսկ քառյակն, իր կարծիքով, հիասթափեցնում է հասարակությանը:

– Եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», արդեն մարզային մի քանի հանդիպումներ է ունեցել: Հանրահավաքներում եւ քննադատություն հնչեց, եւ հայհոյանքներ, եւ կոչեր եղան: Հետեւե՞լ եք ընդդիմադիրների ելույթներին, վերլուծություններ արե՞լ եք, ի՞նչ եզրահանգումների եք եկել:

– Իհարկե, հետեւել եմ, նաեւ երբ Ռումինիայում էի՝ խաչքարի բացմանը: Ոչ միայն ես, այլ նաեւ ինձ հետ հետեւողները հիասթափություն էին ապրում: Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ իրենց հանրահավաքներին շատ մարդիկ մասնակցեն, որպեսզի իրենց ականջով լսեն այդ ամենը:

– Ի՞նչը:

– Առանց հիմնավորումների պահանջները: Մենք գալիս ենք այն եզրակացության, որ մարդիկ իրենց ուժերը գնահատելով` հասկացել են, որ ի վիճակի չեն սահմանադրական եղանակով ինչ-որ ճանապարհ անցնել, որն իրենց երազանքն է: Ցանկությունը ներքաղաքական անկայունություն մտցնելն է՝ անկարգությունների միջոցով, չեմ ուզում «մայդան» բառն օգտագործել, բայց երեւի հարեւան պետության այդ իրավիճակն իրենց դուր է եկել, եւ ցանկանում են Հայաստան բերել այն:

Եռյակն իր օրակարգից շեղվում է: Օրակարգում, որքան գիտեմ, սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցեր են, բայց հանրահավաքում որոշ ուժեր թեման փոխում են, սկսում են ընդհուպ մինչեւ ականջ շոյող, պոպուլիստական հայտարարություններ, հայհոյանքներ օգտագործել, որպեսզի կարողանան ձգել ժամանակը, որ մարդիկ գնան ու լսեն այդ անիրականանալի հայտարարությունները: Այսինքն՝ ցանկություն կա, որ քաղաքականությունը խորհրդարանից տեղափոխեն փողոց: Մենք կհետեւենք այդ ամենին: Բայց ինձ թվում է, որ այս հանրահավաքների շարունակականության արդյունքում հանրությունը կհասկանա` իրենք ասելիք չունեն, իրենց ասածների տակ որեւէ հիմք չկա: Արտահերթ ընտրություններ՝ ի՞նչ հիմքով:

– Հանրապետության ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ընդհանրապես՝ հանրապետությունում առկա բարդագույն իրավիճակը հիմք չէ՞ արտահերթ ընտրությունների համար:

– Մենք պետք է նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին նայենք: Հայաստանում սոցիալական խնդիրներ կան, որը բարձրաձայնում ենք մենք, դրանք զետեղված են նաեւ կառավարության ծրագրում, մեր ուշադրության կենտրոնում են: Մենք բազմիցս ընդդիմությանը հրավիրել ենք համատեղ քննարկումների: Իրենց մտավախությունն այն է, որ քննարկումների արդյունքում երբ գանք ընդհանուր հայտարարի, բա իրենք էլ ի՞նչ պետք է խոսեն: Որովհետեւ իրենց նպատակը ոչ թե իրավիճակը դրական դինամիկայի տանելն է, այլ ավելի խառնելը, որ այդ պղտոր ջրից իրենք կարողանան օգտվել, եւ հանկարծ երկնքից մանանա թափվի, ու իրենք գան իշխանության:

– Եթե ընդդիմության նպատակը դա է, ինչո՞ւ է իշխանությունը խոչընդոտում հանրահավաքներին եւ թույլ չի տալիս, որ պատռվի ընդդիմության դեմքը:

– Երբ ինչ-որ տեղ ձախողում են, վերագրում են իշխանությանը, ինչ-որ մարդիկ են փնտրում` նրա վրա մեղքը բարդելու: Դրանք բոլորը պատրվակներ են: Ի՞նչ է, իրենց նախորդ երկու հանդիպումներին չէի՞նք խոչընդոտում: Եթե խոչընդոտում ենք, բոլորը պետք է խոչընդոտենք: Իրավիճակին նայեք: Հանրահավաքների նախորդ երկու վայրերում իրենք մեծամասնականով ընտրված պատգամավորներ ունեն, այդտեղ քանակ կար: Մարդիկ միգուցե պարտադրված են գնում լսում: Մեզ են մեղադրում, որ պարտադրված տանում եք հավաքների: Հիմա էլ ե՞ս ասեմ, որ պարտադրված են մարդիկ գնում: Իսկ մյուս տեղերում իրենք այն ժամանակ էլ ձայներ չեն բերել, հիմա էլ չունեն:

Ինձ ձեռնտու է, որ այդ հավաքներին շատ մարդ գնա: Երբ մարդիկ լրատվությունից են ծանոթանում, արդեն մշակված խոսք են լսում, կարդում, դա գայթակղում է իրենց, մտածում են` մի լուրջ բան կա: Բայց երբ որ անձամբ գնում լսում են ու տեսնում են, որ ժամավաճառությամբ են զբաղված, շոյիչ խոսքեր ու հայհոյանքներ են հնչեցնում, աստիճանաբար հիասթափվում են: Ժողովուրդն իմաստուն է: Առանց հիմքերի, առանց պատճառների հեղափոխական կոչեր, տարածված բառեր` թավշյա հեղափոխություն եւ այլն: Ասում են՝ առանց ցնցումների, բայց իրենց նպատակը միայն ցնցումներն են: Ուզում են նորից երկիրը 30-40 տարի ե՞տ տանել: Ովքե՞ր են խոսում խարդախությունների մասին` ընտրական խարդախությունների կնքահայրերը, թալանի մասին խոսում են Սովետական Միության ամբողջ հարստությունը թալանածները:

– Ելույթ են ունենում Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Արմեն Մարտիրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը. նրանցից ո՞վ է ընտրակեղծիքի կնքահայր կամ թալանչի:

– Իրենց համակարգն էր: Առաջին երկուսը երբ խոսում են ընտրակեղծիքների մասին, որի ականատեսն եմ եղել ես, իմ դեմ է կիրառվել այդ ամենը… խոսե՞նք դրա մասին: Ի՞նչ եղան Սովետական Միության հարստությունները, գործարանները, որոնք մինչեւ վերջին հաստոց, անգամ շենքերի տանիքները թալանվեցին: Մարդիկ խոսում են թալանի մասին: Խոսե՞նք:
Բայց մենք իրենց ասում ենք` անցյալին չենք անդրադառնում: Եկեք նստենք քննարկենք առկա խնդիրները, որոնք նաեւ մենք ենք բարձրաձայնում: Բազմիցս մենք իրենց հետ նստել եւ օրենքներ ենք քննարկել, եկել ենք ընդհանուր հայտարարի, բայց հաջորդ օրն իրենք հրաժարվել են՝ մտածելով, որ կարող է արդյունք տալ: Հիմա իրենք նորից գնացել են փողոց, բայց նաեւ բերել են օրենսդրական նախաձեռնություն` «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այո, կա խնդիր. մենք ցանկանում ենք գործարարներին հարկային դաշտ բերել, բայց այդ ճանապարհին հնարավոր են նաեւ ինչ-որ վնասներ: Մենք պատրաստ ենք քննարկել` նվազագույն վնասներով իրավիճակից դուրս գալու համար: Ես ողջունում եմ համատեղ աշխատանքը, դա է հնարավորությունը փուլերով առաջ գնալու, բայց քանի որ մենք ենք ասում, իրենք ասում են` ոչ: Եթե մենք ասենք` ոչ, իրենք կասեն` այո: Այդպես չենք կարող առաջ գնալ: Բոլոր դատողություններն ու եզրահանգումները բերում են նրան, որ այս մարդիկ չեն ցանկանում ինչ-որ լավ բան անելու ընդհանուր եզրեր գտնել:

– Արդեն կայացած հանրահավաքներում մի ուշագրավ բան նկատվեց. հատկապես ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ դժգոհ են, համակարգային փոփոխություններ են ուզում, բայց կառավարության հրաժարականը չեն պահանջելու: Ի՞նչ է սա նշանակում:

– Ես որքան տեղյակ եմ, իրենց օրակարգում սահմանադրական բարեփոխումների հարցն է դրված: ԲՀԿ-ն մասնակիորեն այդ պարիտետը պահում է. հատուկենտ քաղաքական գործիչներ իրենց կարծիքները կարող է բարձրաձայնեն: Քաղաքական ընդհանուր գաղափարախոսություն, որ բոլորը մի բան ասեն` այդ էլ չեմ տեսնում: Նույնը՝ եռյակում: Որոշել են օրակարգը, բայց մեկը խոսում է մարզպետի նշանակումից, մյուսը` կառավարության փոփոխությունից, երրորդը` իշխանափոխությունից: Իրենց օրակարգում իշխանափոխության խնդիր կա՞: Եթե կա` թող բոլորն էլ պահանջեն: Ի՞նչ են հասկանում իշխանափոխություն ասելով` կառավարությունը մնա, մյուսները փոխվե՞ն: Ես չեմ հասկանում իրենց պահանջները: Իրենց հետ, ԲՀԿ-ի պատգամավորների հետ առանձին-առանձին երբ խոսում ես` մարդիկ իշխանափոխությունը պահանջված չեն համարում, կարծես նաեւ իրենց քաղաքական խորհրդում էլ քննարկված չէ այդ հարցը: Բայց հանրահավաքում ընկնում են էյֆորիայի մեջ, մի հատ էլ ծափ են լսում ու շեղվում են: Ժողովրդին ինչի՞ տեղ ենք դրել: Կարծում են՝ հարյուր հոգու ծափը երկու-երեք միլիոն ժողովրդի վրա՞ պետք է տարածվի…

– Իսկ Սուրիկ Խաչատրյանի կրկին նշանակումն ինչպե՞ս կբացատրեք:

– Դա արդեն փաստ է: Այն ամենը, ինչ որ ասվում է, դա իրավապահ մարմինների գործն է: Իր կառավարման հետ կապված՝ ես բացասական կարծիք հայտնել չեմ կարող: Բայց ես իմ կարծիքը մեկ տարի հետո կասեմ:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններ պարտադրելու մասին Սյունիքում խոսեց ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Առավոտ» օրաթերթ
30.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031