Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ֆեստի» հայկական ծրագիրն այս տարի ոչնչով չի զիջում արտասահմանյան ծրագրերին». Արթուր Ղուկասյան

Հոկտեմբեր 01,2014 17:56

«Հայ ֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը մեկնարկում է:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Փառատոնի մեկնարկը կտրվի հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ:

Ներկայացման բեմադրիչ Սոֆի Բերսին առաջին անգամ է Հայաստանում: Ասում է, որ նախորդ տարիներին ևս իրենց թատրոնը հայտ ներկայացրել է «Հայ ֆեստ»-ին, սակայն միայն այս տարի է նրանց հաջողվել մասնակցել փառատոնին: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տպավորված է մեր երկրով, Ս. Բերսիին հատկապես գրավել է հայկական ճարտարապետությունը:

Անդրադառնալով իր «Կենդանի մակերես» ներկայացմանը՝ Ս. Բերսին այն այսպես ներկայացրեց. «Սա ներկայացում է առանց խոսքերի և առանց մարդկանց: Այսինքն՝ բեմում որևէ դերասանի դեմքով չեք տեսնի: Ամեն ինչ կներկայացվի էլաստիկ մակերեսի տակ՝ շարժումների միջոցով»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Թատերական իրարանցում» խորագրով փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը և կհյուրընկալի 18 երկրից (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և այլն) ժամանած մոտ 200 մասնակցի:

Երևանյան 10 բեմահարթակներում ավելի քան 50 ներկայացումներ կցուցադրվեն՝ դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային և այլն:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը վստահեցնում է, որ 12-րդ «Հայ ֆեստի» ծրագիրը շատ հագեցած է. «Հայկական ծրագրի մասին էլ չեմ ասում, այն այս տարի ոչնչով չի զիջում արտասահմանյան ծրագրերին»,- ասում է Ա. Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ երևանյան թատրոններից հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: Նաև ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց աշխատանքները «ԱՐՄՍՖԵՍՏ» ուսանողական ծրագրում:

Ներկայացումների մուտքն անվճար է լինելու, միայն այսօրվա՝ բացման ներկայացումը կլինի հրավիրատոմսերով:

Մինչև հոկտեմբերի 8-ը հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու մի շարք ներկայացումներ, ինչպես, օրինակ, «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան՝ արգոնավտների հետ» և այլ ներկայացումներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031