Լրահոս
Օրվա լրահոսը

«Թակարդը» Զարուհի Փոստանջյանին «քսիֆ» է ուղարկել, որ Սուրիկ Խաչատրյանին կաշառքով են մարզպետ նշանակել

Հոկտեմբեր 01,2014 18:08

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նշանակման հետ կապված հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին: Նա ընթերցեց մի նամակ՝ ասելով, որ այն իրեն ուղարկել է քրեական աշխարհում հայտնի «Թակարդը»: Ըստ Զարուհի Փոստանջյանի, այդ քաղաքացին Սեւան քրեակատարողական հիմնարկից իրեն ուղարկած քսիֆով տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը քրեական աշխարհից Սյունիքի մարզպետի թեկնածու են փնտրել եւ հայտարարել են մրցույթ: Գողական սխոդկայում որոշվել է, որ Սուրիկ Խաչատրյանը դեռ չի մարսել վերջին սպանությունը, հետեւաբար նա չի կարող մարզպետ նշանակվել:

Սխոդկայում որոշվել էր, որ տվյալ անձը ամենահարմար թեկնածուն է. «Այժմ քաղաքացին բողոքում է մրցույթի անարդար պայմաններից, ասում է, որ Սուրիկ Խաչատրյանը 47 միլիոն դոլար կաշառք է տվել՝ մարզպետի պաշտոնում նշանակվելու համար: Քաղաքացին հարցնում է՝ ինչո՞ւ է կեղծվել մրցույթի արդյունքները»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ոգեւորվեց. «Երանի ես պատասխանեի այս հարցին»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծիծաղեց եւ պատրաստակամություն հայտնեց այդ հարցի պատասխանը թողնել «Գալուստ Գրիգորիչի» վրա: Վարչապետի խոսքերով՝ «Ես գիտեի, որ դուք պատգամավոր եք, փաստաբան, բայց չգիտեի, որ սխոդկաներ եք անցկացնում»: Նա հորդորեց Զարուհի Փոստանջյանին չափի մեջ խոսել, կոռեկտ լինել եւ այդ փողոցային խոսակցությունները չբերել ԱԺ դահլիճ»:

Զարուհի Փոստանջյանը շարունակեց նույն ոճով եւ ամենայն լրջությամբ նորից արծարծեց քրեական աշխարհի «Թակարդի» դժգոհությունը, որ ինքն ավելի շատ դատվածություն է ունեցել ու ավելի հարմար է եղել Սյունիքի մարզպետի պաշտոնի համար, քան Սուրիկ Խաչատրյանը. «Սա փողոցային խոսակցություն չէ, քաղաքացին պնդում է, որ «Մարիոթ» հյուրանոցի տեսաձայնագրման ժապավենը կա, որը ֆիքսել է, թե ինչպես է Լիսկան գումարներ փոխանցում կաշառքի համար: Նա պնդում է անում, որ մրցույթի պայմանները խախտվել են: Դուք չեք եղել անկեղծ, մրցույթը հայտարարվելու ժամանակ ասվել է, որ ոչ մի կաշառք չի լինի, բայց կաշառքով մարզպետ եք նշանակել Լիսկային»:

Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չտեղավորվեց Զարուհի Փոստանջյանի այս սցենարի մեջ: Նա շփոթվեց, թե ինչ նամակ, ինչ մրցույթ, ինչ բողոք. «Մարզպետին նշանակում է կառավարությունը, եւ որեւէ մրցույթ չի անցկացվել: Ես օգտվելով առիթից՝ ուզում եմ ասեմ, որ կոռեկտ չեմ համարում, երբ պատգամավորները գնում են միտինգների, հայհոյում երկրի ղեկավարներին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել: Հերիք է վիրավորել, ես չգիտեմ՝ էդ ի՞նչ նամակ է, ո՞վ է փոխանցել ձեզ, ինչի՞ մասին եք խոսում: Ես գտնում եմ, որ նման թեմաները պետք է լինեն չափի մեջ: Նման որեւէ միջոց չի ազդելու կառավարության գործունեության վրա: Ամեն մարդ ինչ-որ գործողություն է սահմանում, իր չափն ու մակարդակն է ցույց տալիս, տիկին Փոստանջյան, եղեք չափի մեջ: Ուզում եմ բոլոր պատգամավորներին չափի մեջ հրավիրել, եթե չէ, մենք բազմաթիվ չափանիշներով կարող ենք ընդդիմախոս հանդիսանալ նման պատգամավորներին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031