Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի նախագծին

Հոկտեմբեր 02,2014 12:26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին և, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով սահմանվում են միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները և անցումային դրույթները, ցանկն այն ապրանքների և դրույքաչափերի, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր և այլն:
Անօթևան ընտանիքներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր

ՀՀ կառավարությունը Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով լուծելու նպատակով Շիրակի մարզպետարանին է հատկացրել 1.5 մլրդ դրամ: Սա ծրագրի առաջին փուլն է, որով վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Եվս 252 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա ծրագրի իրականացման երկրորդ փուլում: Գործընթացի պատասխանատու է ճանաչվել Շիրակի մարզպետը:

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման նպատակով գնման ձևով բնակարանի ձեռքբերման համար հատկացվել է մոտ 755 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Պաշտպանության նախարարության շինարարական ծրագրերի փոփոխության և խնայողության հաշվին հատկացրել մոտ 67 մլն դրամ, որով ավարտին կհասցվի Ագարակում և Մեհրաբում կառուցվող ծառայողական բնակելի շենքերի, ինչպես նաև Արարատում վերակառուցվող հանրակացարանի շինարարությունը:

Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է զինծառայողների չօգտագործած արձակուրդի օրերի դիմաց վճարվող փոխհատուցման չափի հաշվարկման կարգը, ինչպես նաև միանվագ դրամական օգնության տրամադրման անհրաժեշտ պայմանները:

Գործադիրը սահմանել է պարտադիր զինծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը:

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և մասնագիտական ուսուցման կազմակերպման նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է մոտ 27.5 մլն դրամ: Կրթաթոշակը պետք է վճարի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնը:
Շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 100 երեխաների օժանդակելու նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է ավելի քան 20 մլն դրամ:
Կգործարկվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտին

ՀՀ կառավարությունը «Էրա ՊՊ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ՌԱՕ Մարս» տարածքում հինգ տարով տրամադրել է շահագործողի թույլտվություն՝ լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն իրականացնելու համար: ԱՏԳ-ում ծավալված գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Կառավարության որոշմամբ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքի ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը: Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկը հանդիսացող այս ընկերությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միակն է, որ արտադրում է ալյումինե փայլաթիթեղ: Ստեղծումից՝ 2000 թվականից ի վեր կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Այժմ նախատեսվում է տեխնիկապես վերազինել միջանկյալ թրծաթողման տեղամասը և վերակառուցել փայլաթիթեղի երկայնական կտրման մեքենաներից մեկը: Դրա շնորհիվ ակնկալվում է տարեկան լրացուցիչ թողարկել 5 հազար 600 տոննա փայլաթիթեղ:
Նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այդ փաստաթուղթը համապատասխանեցրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին, որով կապահովվեն երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկության հավաստիությունը և օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության անաչառ գնահատումը:
Կբարելավվի հրդեհային անվտանգությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ և ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին տվել ԱՎՕ-ի փորձաքննության մեջ ներառվող հրդեհապայթյունավտանգավորության և հրդեհային անվտանգության փորձաքննություն կատարելու իրավասություն, ինչի շնորհիվ կբարձրանա հրդեհային անվտանգության մակարդակը, տնտեսվարող սուբյեկտների համար կկիրառվի մեկ պատուհանի սկզբունքը: Որոշման կիրառմամբ պետական մասնագիտացված կառույցն հնարավորություն կունենա մատուցել որակյալ և մատչելի ծառայություն, կստեղծվեն նոր աշխատատեղեր և կավելանան պետբյուջեի մուտքերը:

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի բնագավառի արտոնագրերը համապատասխանեցնելով «Լիցենզիաների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» որոշման առաջին կետը, որով փաստաթուղթն համապատասխանեցվել է մի շարք օրենսդրական ակտերի: Ցանկում լրացվել են նույնականացման քարտը, վերադարձի վկայականը, քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի համար՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, ճամփորդական փաստաթուղթը, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը:
Կպաշտպանվեն կենսաթոշակառուի իրավունքները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, արխիվային տեղեկանքների ստացումը իրականացնում է լիազոր մարմինը: Առաջարկված օրենսդրական կարգավորումը կենսաթոշակառուի համար շահեկան կլինի թե՛ բարոյական և թե՛ նյութական առումներով, կնվազեն ոլորտում առկա խնդիրները, կկրճատվի վարչարարությամբ նրա վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները, կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսից ու քաշքշուկից:
Կառավարությունը քննարկել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա հիմնավորմամբ օրինագծի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն իրացնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի քանի առաջարկ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Նիստում քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և սահմանել լրացուցիչ աշխատավարձ, հավելում, հավելավճար, լրավճար և պարգևատրում հասկացությունները: ՀՀ կառավարությունը, չառարկելով նախագծի ընդունմանը, նախագծի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում իր օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով ներկայացվելիք նախագծի քննարկման ժամանակ՝ դրանք միավորելով համատեղ, մեկ միասնական տարբերակում:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2014թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը՝ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ:

Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ, ՌԴ Սիբիրի Մ. Ռեշետնյովի անվան օդատիեզերական պետական համալսարանի ասպիրանտուրայի սան Հակոբ Սուքիասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը:

Հոկտեմբերի 5-ին նշվելիք «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին տրամադրելու համար գործադիրն հատկացրել է շուրջ 10 մլն դրամ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031