Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Կոչ եմ անում, որ լրագրողը դիմի մեզ»

Հոկտեմբեր 02,2014 19:23

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-ում իր զորակցությունը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ ՀՀԿ-ականների ճնշումների հետ կապված: Հիշեցնենք, որ օմբուդսմենը ներկայացնում է 2013-ի տարեկան զեկույցը:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ համակարծիք է դատախազության մասին հնչեցրած գնահատականի հետ: Ըստ պատգամավորի, իսկապես, դատախազությունը մոռացել է իր իրական գործառույթը եւ վերածվել է պարտակող մի մարմնի. «Ինչպես  ձեր զեկույցը, այնպես էլ մեր բարձրացրած հարցերը մնում են օդում կախված: Հայաստանում չի կարող ՄԻՊ-ի ինստիտուտը կայանալ, քանի դեռ մարդը մեր երկրում իրական արժեք չի ներկայացնում, եւ նրա իրավունքները ոտնահարվում են պետական կառույցներում: Ես ուզում եմ ձեր կարծիքը լսել՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացրած ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ էին թե՞ ոչ»:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Մենք իրավունք չունենք որեւէ գործով, մինչեւ դրա կարճվելը կամ դատարանի վերջնական վճիռը, որեւէ բան ասել՝ ըստ որակման»:

Լյուդմիլա Սարգսյանին չգոհացրեց պաշտպանի պատասխանը. «Ուզում եմ հնչի այս կարծիքը՝ դուք երկու բառ օգտագործեցիք ձեր ինստիտուտի մասին, որ ՄԻՊ-ը հոգեւոր եւ բարոյական հարթության մեջ է նաեւ: Ես, որպես քաղաքացի իրավունք ունեմ այս կարծիքն արտահայտելու՝ Շանթ Հարությունյանի որդու նկատմամբ կիրառվող այդ բեսպրեդելը բարոյազրկում է մեր ամբողջ ազգին, ոչնչացնում է մեր բոլոր հոգեւոր արժեքները: Եթե մարդը տեսնում է, որ հանրության առաջ ոստիկաններն իր հորը ոտքերով հարվածում են, որդին այլեւս մտածելու բան չունի, քան պաշտպանել իր հորը»:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքն իրավունք չունի Շահեն Հարությունյանի հետ կապված էլ կարծիք հայտնելու, քանի որ կա որոշակի գործընթաց: Նա խոստացավ իր տեսակետն այդ մասին հայտնել ավելի ուշ՝ ասելով, որ կտեսնեք, մենք էլ ունենք մեր խիղճը, մեր բարոյականությունը. «Մի քիչ նախանձելի է ձեր՝ այստեղ անկաշկանդ գնահատականներ հնչեցնելը»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ զեկույցում կա անդրադարձ լրագրողների դեմ տեղի ունեցած բռնություններին: Ընդամենը օրեր առաջ ՀՔԾ-ն կրկնեց նույն վարույթը եւ ԱԺ անվտանգության ծառայության ղեկավարի կողմից բացահայտ խախտման համար գործ չհարուցվեց. «Ես կոչ էի արել, որ ծառայողական քննություն նշանակվեր, այն դեռ նշանակված չէ»: Նիկոլ Փաշինյանը խնդրեց պաշտպանին որ նա էլ միջամտի. «Անպատժելիության փոքր եւ մեծ օրինակներ չեն լինում»:

Պարոն Անդրեասյանը համաձայնեց, որ ամոթ է, որ խոսքի ազատության հարցում հետընթաց արձանագրենք. «Կոչ եմ անում, որ լրագրողը եթե մեզ դիմի, մենք կարող եք իրավական գնահատական տանք: Բայց ես չեմ կարող ընտրովի գնալ եւ ասել, որ իմ նախաձեռնությամբ ես պիտի անեմ: Իմ նախաձեռնությամբ ես միայն մեծ, զանգվածային նշանակության դեպքերն եմ բացում եւ սկսում անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031