Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հուշարձան Չեքիջյանին՝ գրքի տեսքով

Հոկտեմբեր 03,2014 13:30

Մաեստրոն տպավորված է

«Երբ մաեստրո Հովհաննես Չեքիջյանն առաջարկեց դառնալ իր գրքի հեղինակը, ես զարմացա, ապշեցի ու սարսափեցի: Այստեղ էր, որ գլուխ բարձրացրեց նորին գերազանցություն վախը: Մտածեցի՝ Չեքիջյանը մեծ «նավ» է, մշտապես պատրաստ նավարկության, ինչն իրականացրել է հեղինակավոր սրահներում՝ ավելի քան 50 տարի, ղեկավարել 67 նվագախումբ, համագործակցել 246 մեներգչի հետ… ուրեմն ի՞նչ պետք է աներ նվաստս այդ մեծ ու խաղաղ օվկիանոսում: Կկարողանայի՞, արդյոք, վեր հանել գանձերով լի չեքիջյանական հարստությունը…»: Այս հիշողությամբ սկսեց «Առավոտի» հետ զրույցը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, որի իրականացրած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 13-րդ՝ «Հովհաննես Չեքիջյան» շքեղ գիրք-ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է: Մաեստրոյի հոբելյանական 85-ամյակի առիթով հրատարակված այս ժողովածուում, հեղինակի հավաստմամբ, տեղ են գտել նյութեր իր արխիվում պահվող Չեքիջյանի ֆոնդից: Օգտագործված են հայ եւ օտարերկրյա անվանի գործիչների՝ երաժշտագետների, կոմպոզիտորների, գրողների, լրագրողների, վերլուծական հոդվածներ, կարծիքներ, վավերագրեր, լուսանկարներ… «Հովհաննես Չեքիջյան» ստվարածավալ հրատարակությամբ ընթերցողը կտեղեկանա Չեքիջյանի ղեկավարած 3000-ից ավելի համերգների մասին: Հավելենք, որ խմբավարի ղեկավարությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի երեւանյան առաջին համերգը կայացել է 1961թ. նոյեմբերի 27-ին:

Cheqijyan-1

Սերգեյ Առաքելյանը (աջից)՝ Հովհաննես Չեքիջյանի հետ:

«Իմ գրքերի հերոսների, այդ թվում՝ Գոհար Գասպարյանի, Բաբկեն Ներսիսյանի, Գալյա Նովենցի, Երվանդ Ղազանչյանի, Օֆելյա Համբարձումյանի եւ մյուսների հետ, տասնյակ տարիներ մտերմություն եմ արել, նրանցից շատերի հետ եղել եմ խաղընկեր, այդ թվում՝ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի: Գրել եմ նրանց արվեստը ներկայացնող բազմաթիվ հոդվածներ, կազմակերպել եմ ցուցահանդեսներ, հանդես եկել դասախոսություններով Երեւանում ու մարզերում: Հիմնականում օգտվել եմ արխիվումս պահվող նյութերից: Ընդ որում, մեծերի, այդ թվում՝ Չեքիջյանի մասին արդեն հրատարակված գրքերում ոչ բոլոր փաստերը, նամակներն ու լուսանկարներն են տեղ գտել: Փափագս է մատենաշարս լրացնել մեծանուն Գոհար Գասպարյանին նվիրված երկրորդ աշխատությամբ, որը կուզենայի վերնագրել Հովսեփ Օրբելու՝ երգչուհուն տված բնորոշմամբ՝ «Հայաստանի Օրփեոս»: Հավելենք, որ այս տարի լրանում է Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Չեքիջյանն անդրադառնալով իր մասին գիրք-ալբոմին՝ ասաց. «Այսպիսի նվեր ինձ ոչ ոք դեռ չի արել, սա, առանց չափազանցության, կենդանության օրոք հուշարձան է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031