Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեկան լուրջ խնդիրները դեռ դատավճիռ չեն»

Հոկտեմբեր 08,2014 14:13

Շիզոֆրենիան հիվանդություն է, որը ազդելով մարդու ուղեղի վրա, ընթանում է մտածողության ճեղքվածություն եւ հույզերի աղքատացում։ Շիզոֆրենիային նպաստում են ժառանգական եւ միջավայրի գործոնները։ Այս մասին այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում պատմեց հոգեբույժ Մարուքե Եղիյանը։

Նա նշեց, որ այս տարվա հոգեկան առողջության միջազգային օրվա խորագիր է ընտրվել «Ապրել շիզոֆրենիայով» կարգախոսը, քանի որ դա հիմնականում նպատակ ունի հանել այն պիտակավորումը մարդկանցից, որը հենց վնաս է հասցնում հոգեկան առողջությանը. «Դրանով մենք զրկում ենք մարդկանց ստանալ անհրաժեշտ բուժում, որի արդյունքում նրանք չեն դիմում մասնագետների։ Այս խորագրի միջոցով հանվում է պիտակը, հոգեկան հիվանդությունը նույն հիվանդությունն է, ինչպես որեւէ օրգանի հիվանդությունը, ուղղակի հիվանդ է ուղեղը»։

Հոգեբույժի խոսքով՝ պետք է հնարավորություն տալ մարդկանց օգտվել գիտության նվաճումներից, քանի որ մեր երկրում այդ ոլորտում մեծ առաջընթաց կա։

Ասուլիսին ներկա ՍՂՀՀ Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանի խոսքով էլ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ գոյություն ունի կարծրատիպ, որի առկայության դեպքում հոգեկան խնդիրների ժամանակ հաճախ խուսափում են դիմել մասնագետների եւ խնդիրը խորանում է եւ դառնում է հիվանդություն։
Մելինե Թովմասյանը ներկայացրեց, թե որոնք են հոգեկան խնդիրների առաջացման պատճառները. «Հոգեկան բնույթի խնդիրները շատ տարածված են։ Յուրաքանչյուր չորրորդ մարդ իր կյանքի ընթացքում ունենում է հոգեկան խանգարում։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կարծում են, որ խարանը եւ խտրականությունը իրենց նկատմամբ, հիվանդության հաղթահարման ամենադժվար բաղադրիչներն են, իսկ հոգեկան հիվանդության բացակայությունը դեռ չի նշանակում հոգեկան առողջություն»։

Մելինե Թովմասյանը տեղեկացրեց, որ խնդրի լուծման համար իրենց գործողությունները հիմնականում ուղղված են հանրության իրազեկությանը, որպեսզի հասկանան, որ հոգեկան խնդիրները դեռ հոգեկան հիվանդություն չեն եւ որ հոգեկան լուրջ խնդիրները դեռ դատավճիռ չեն։ Դրանք ունեն իրենց լուծումները։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանի ներկայացրած տվյալների համաձայն էլ՝ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան բնույթի խնդիրներ։ Ամբողջ աշխարհում հոգեկան հիվանդությունները կազմում եմ հիվանդությունների մինչեւ 15 տոկոսը, իսկ ԱՄՆ-ում մինչեւ 20 տոկոսը։ Մինչդեռ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կան նաեւ Հայաստանում, սակայն նրանց թիվը կազմում է մեկ տոկոս։

Հոգեբանը մասնագիտական տեսանկյունից նշեց, որ հոգեկան առողջությունը ազգի անվտանգության գրավականն է. «Եթե ուզում են որեւէ երկրում էթնիկական խնդիրները պարզել, ինքնասպանությունների եւ սպանությունների քանակն են ստուգում առաջինը։ Հոգեկան խնդիրների նկատմամբ զգայունությունը չափելու համար չափում են քունը՝ արդյոք փոփոխվա՞ծ է, թե՞ ոչ, լա՞վ է սնվում, թե՞ ոչ, կամ ինչպես է վերաբերվում օբյեկտիվ սահմանափակումներին, օրինակ՝ անձրեւին, կամ օդանավակայանում թռիչքը հետաձգվելուն։ Մյուս չափանիշը, թե ինչպես է վերաբերվում քննադատությանը»։ Նրա խոսքով՝ հոգեկան դժվարություն ունեցող մարդիկ այս ամենի նկատմամբ հոգեկան ուժեղ ռեակցիա են ունենում, իսկ հոգեպես առողջ մարդը կարող է կարճ ժամանակում հաղթահարել դրանք։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031