Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանացիները անգլիացի չեն

Հոկտեմբեր 09,2014 21:55

Բայց, մյուս կողմից, ադրբեջանցի էլ չեն

Չորս տարի առաջ Կատալոնիայի Բլանես քաղաքի (Բարսելոնայից 60 կիլոմետր հյուսիս-արեւելք) սրճարանում գարեջուր էինք պատվիրել: Մեզ բերեցին «Estrella» գարեջուրը, եւ երբ հարցրինք՝ արդյոք այն իսպանակա՞ն է՝ նկատի ունենալով, որ չեխական կամ գերմանական չի, մատուցողի դեմքը խոժոռվեց: «Իհարկե, ոչ,- պատասխանեց նա,- կատալոնական է»: Այստեղ կար մի նրբություն, որը մենք, բնականաբար, չգիտեինք. կա նաեւ «Estrella Gallicia» իսպանական գարեջուր: Իսկ Բլանեսում մեզ մատուցածը շատ ավելի հին է, այն սկսել է արտադրվել Բարսելոնայում 1876 թվականին:

Կատալոնցիներն իրենց իսպանացի չեն համարում, այնտեղ ամեն քայլափոխի, կարելի է ասել՝ ամեն ցանկապատի վրա գրված է «independencia»: Նրանք արդեն ունեն շատ բարձր կարգի ինքնավարություն՝ ընդհուպ մինչեւ լեզվի հարցում (կատալաներենը նրանց պաշտոնական լեզուներից մեկն է, եւ ամեն ինչի վրա առաջինը կատալաներեն էր գրված, ապա նոր՝ իսպաներեն), բայց անկախություն են ուզում: Վերջերս Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասը հրամանագիր է ստորագրել՝ նոյեմբերի 9-ին իր ղեկավարած ինքնավարությունում «ինքնիշխանության մասին հարցում» անցկացնելու վերաբերյալ: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե անկախության, այլ ինքնիշխանության, եւ ոչ թե հանրաքվե, այլ հարցում: Նոյեմբերի 9-ին եթե այդ հարցումը կայանա, հարցերը դրված են այսպես. 1/ Դուք ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան լինի պետություն, 2/ Եթե այո, դուք ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան լինի անկախ պետություն:

Արթուր Մասը զուսպ, հավասարակշռված գործիչ է (ինչի համար քննադատվում է Կատալոնիայի ազգայնական ընդդիմութան կողմից) եւ իր հրամանագրերով չի ցանկանում սուր հակասության մեջ մտնել Իսպանիայի Սահմանադրության հետ: Իսկ այնտեղ, ինչպես եւ Ուկրաինայի, Ադրբեջանի եւ այլ երկրների Հիմնական օրենքներում, գրված է, որ Իսպանիայի ինչ-որ մի մասի անկախության հանրաքվեն անցկացվում է ամբողջ Իսպանիայի տարածքում: Սահմանադրությունների այս կետը, իմ կարծիքով, անհեթեթ է, որովհետեւ երբեք, ոչ մի պարագայում թույլ չի տալիս ազգերին ինքնորոշվել:

Չնայած Կատալոնիայի կառավարության այս քայլը բավականին զգուշավոր էր, այն զայրույթ առաջացրեց Մադրիդում, եւ կենտրոնական իշխանության բոլոր մարմինները՝ սկսած վարչապետից եւ խորհրդարանից, հայտարարեցին, որ հանրաքվեն անօրինական է, եւ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այն չկայանա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Շոտլանդիայում կարելի էր, իսկ Կատալոնիայում՝ ոչ: Բացի զուտ իրավական խնդրից՝ կա նաեւ քաղաքականը: Լոնդոնում գրեթե վստահ էին, որ շոտլանդացիները կասեն «ոչ», իսկ Մադրիդում միանգամայն վստահ են, որ Կատալոնիայում կասեն՝ «այո»:

Դա էլ, իհարկե, բազմաթիվ պատճառներ ունի: Առաջիններից մեկն այն է, որ շոտլանդացիներն ու անգլիացիները իրար կոտորում էին մի քանի դար առաջ, իսկ կատալոնցիների եւ բասկերի պայքարը հանուն անկախության ունի շատ ավելի թարմ եւ դրամատիկ պատմություն, այդ թվում նաեւ՝ իր արյունոտ դրսեւորումներով: Իսպանացիները, կատալոնցիները, բասկերը շատ ավելի տաքարյուն ժողովուրդ են, քան անգլիացիները: Իհարկե, կան նաեւ տնտեսական պատճառներ: Շոտլանդացիներից շատերը գնահատում են միասնական պետության մեջ լինելու տնտեսական առավելությունները, կատալոնցիների մեծ մասը վստահ է, որ իրենց տուրիզմով էլ (Իսպանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը) երկիր կպահեն: Որքանո՞վ է դա ճիշտ կամ սխալ՝ մասնագետները կասեն:

Կա եւս մի տարբերություն, որը հաստատում է այն հայտնի ճշմարտությունը, որ պետական ինքնիշխանությանը ձգտելու կարեւոր գործոններից մեկը լեզուն է: Կա երկու շոտլանդական լեզու` գելերեն (դա կելտական խմբի լեզու է), որով խոսում է 94 հազար մարդ՝ հիմնականում Շոտլանդիայի լեռնային շրջաններում, եւ, այսպես կոչված, scots-ը` դա, ըստ էության, անգլերենի բարբառներից մեկն է: Այդպես է Շոտլանդիայում խոսում 1,5 միլիոն մարդ, դա նաեւ Ռոբերտ Բյորնսի լեզուն է: Շոտլանդիայի բնակչությունը, հիշեցնեմ, համարյա 5,3 միլիոն է: Կատալաներեն (գրվում է «ա»-ով) բուն Կատալոնիայում խոսում է մոտ 5,7 միլիոն մարդ, իսկ ընդհանրապես աշխարհում` 9,4 միլիոն մարդ: Այդ լեզուն թեեւ ռոմանական է, բայց էապես տարբերվում է իսպաներենից: Կատալոնիայի բնակչությունը 7,5 միլիոն է:

Այս պայմաններում շատ բնական է, որ հանրաքվեի դեպքում Կատալոնիայի բնակչության մեծամասնությունը անկախությանը կողմ կլինի: Անկախ նրանից՝ նոյեմբերի 9-ին «հարցում» կլինի, թե ոչ, իսկ լինելու դեպքում՝ ինչպիսին կլինի արդյունքը՝ Կատալոնիայում շարունակվելու են քաղաքացիական խաղաղ ակցիաները, իսկ Մադրիդը կօգտագործի խաղաղ (նաեւ վարչական) ճնշման բոլոր լծակները: Իսպանիան Կատալոնիայի վրա չի հարձակվի, Կատալոնիայում պարտիզանական շարժում չի սկսվի: Կուշտ մարդիկ իրար հետ կռիվ չեն անում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031