Լրահոս
Օրվա լրահոսը

Գագի՛կ, նախագահ, կամ` նախագահականից Ազատության հրապարակի հարթակ կես քայլ է

Հոկտեմբեր 10,2014 12:27

Այսօր ծրագրված է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը: Դատելով մարզային հանրահավաքներից` հասարակության մոտ որոշակի հետաքրքրություն կա եռյակի գործունեության նկատմամբ, գոնե այսօրվա հանրահավաքին մասնակցության առումով: Այսօրվա հանրահավաքն էլ, վստահաբար, մարդաշատ կլինի:

Եռյակի ուժերի հայտարարություններում ու մեկնաբանություններում, սակայն, որոշակի անորոշություն է պահպանվում: Մեկը հայտարարում է, թե ժողովուրդը կգա ու կորոշի` ինչ պիտի անեն, «հետոն որոշելու է ժողովուրդը», եռյակի մյուս ներկայացուցիչը հայտարարում է, թե քննարկման փուլում է այն հարցը, թե արդյոք հանրահավաքները վերածվելո՞ւ են անընդհատ շարունակվող նստացույցի, թե՞ ամեն հանրահավաքի հայտարարվելու է հաջորդ հավաքի ժամկետների մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, նշել է, որ հանրահավաքային պայքարի սցենարների մասին որոշակի անհստակության պատճառը պայմանավորված է մարտավարական հաշվարկների հետ: Հիմա ժողովո՞ւրդն է որոշելու հանրահավաքում, թե՞ եռյակը…

ԲՀԿ-ական նույն գործիչը վերջին օրերին վստահեցնում է. «Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը»: Սակայն նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանն էլ նշում է` իշխանափոխություն ասածը ինքնանպատակ չի. «Մենք գործ ունենք գնացող նախագահի եւ նրա հետ գնացող քաղաքական իշխանության հետ։ Եթե ոչինչ չպատահի, ժամկետը լրանում է, եւ իշխանափոխությունը կլինի՝ այսպես, թե այնպես։ Ի՞նչ պրոցես կգնա այս ընթացքում, ինչպե՞ս իրենց կպահեն իշխանությունները՝ մենք չգիտենք։ Եթե իշխանությունները պահեն ադեկվատ, որոշակի քննարկման խնդիր կառաջացնի: Եթե` չէ, ընթացքում կառաջանան ավելի ռադիկալ պահանջներ։ Իշխանափոխությունն արտահերթ, թե հերթական՝ երկրում անպայման լինելու է»: Այնուհետեւ Ս. Մարգարյանը հավելում է. «Չեմ կարծում, որ «Սերժ Սարգսյան, հեռացիր» կոչը-պահանջը Հայաստանի բոլոր խնդիրների լուծումն է»:

Եռյակին հաջողվեց առանձնահատուկ ինտրիգ հաղորդել այսօրվա հանրահավաքի հարթակում` լիդերների մասնակցության հարցի շուրջ: ԲՀԿ-ականներից նախ տեղեկացանք, որ երեք լիդերները կլինեն հանրահավաքում, թեեւ նշում էին նաեւ, թե ո՞ր հանրահավաքի հարթակի՝ այսօրվա՞, թե՞ հետագա հանրահավաքներում։

Բայց զավեշտը նրանում է, որ առաջնորդների` սեփական հանրահավաքի հարթակում հայտնվելը ներկայացվում է որպես քաղաքական լուրջ, անսպասելի, աննախադեպ իրադարձություն: Եթե այդպես է, ապա որպես ավելի ցնցող փաստ պետք է ընկալել նաեւ երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանի ներկայությունը նախագահականում` դեմքի բավական գոհունակ արտահայտությամբ, երբ Սերժ Սարգսյանն ընդունում էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Մինչդեռ այդ նույն պահին Գյումրիում ԲՀԿ-ական գործիչները խոսում էին երկիրը թալանող իշխանությունից ու իշխանության «կրիմինալ նշանակումներից»:

Երեկ Ծառուկյանը վերջապես ասաց այն, ինչը շատերը սպասում էին. «…եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ դժվարին պահին, որ իմ թեկնածությունը պետք է դնել, հիմա ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ»:

Այսպիսով՝ «թեժ աշնան» կայացման բոլոր նախադրյալները առկա են. պաթետիկ ելույթներ, հասարակությանը «թասիբի գցելու» կոչեր: ՀԱԿ վարչության անդամներից մեկի ելույթն ամբողջացնում է ասվածը. «…Ուրեմն բռնենք ու կատաղենք ու հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակը լցնենք, պատմական բախտորոշ հնարավորություն է լինելու եւ հզոր հարթակ. Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ նշանակում է այս հարթակում միտքն է, գաղափարը, ծրագիրը, կոնսոլիդացիայի ճարտարապետը, Գագիկ Ծառուկյան՝ ամենադժվարին ճանապարհ անցած ու ապացուցած, որ միակ նպատակը ժողովրդին ծառայելն է, եւ միշտ ապացուցած, որ նշանաբանն է՝ «մեր խոսքը գործ է»:
Թե ինչ «դժվարին ճանապարհներ» է անցել Գագիկ Ծառուկյանը եւ ինչ կորուստներ է ունեցել եւ շարունակում ունենալ այսօր որպես «ոչ իշխանության» ներկայացուցիչ` որեւէ մեկին հայտնի չէ:

Պարզ է նաեւ, որ այսօր «ոչ իշխանական» ուժերի հայտարարությունները քննարկողները` «հաճախորդներ» ու «իշխանության կամակատարներ» են անվանվելու, սակայն այդպես մտածողներից որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ո՞րն է իշխանությունների եւ «ոչ իշխանական» ուժերի տարբերությունը, օրինակ, Եվրասիական միությանը` Հայաստանի անդամակցության կողմ կամ դեմ լինելու հարցում, օլիգարխիայի, մենաշնորհներից օգտվելու արտոնությունների եւ այլ կարեւորագույն հարցերում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031