Լրահոս
Օրվա լրահոսը

Օրագիր իմ ու բոլորի համար. «Իրար հետ կռվել են ձին ու ջորին…»

Հոկտեմբեր 15,2014 15:00

«Մեռած եւ արդեն ծիծաղելի կուռքերի համառ ինքնաճանաչմամբ,
ուզում ենք մեզ ազատել գալիքի ստեղծման նեղությունից»։
Վահան ՏԵՐՅԱՆ

Արյունից արյուն, հիշվող մեր հանրահավաքներն ու իշխանություն փոխելու անդեմ կարգն ու ծեսը, ահա քսաներեք տարի է՝ մնում է նույնը, չի փոխվում։ Նույն դեմքերն են, հարթակից հնչող մեռած զրույցները, հայ գեղջուկի ազնվական խեղճության վրա խաղադրույք դնող իշխանների մեղսոտ հորդորները։ Ու անմեղի արյուն։

Չեմ ուզում հիշեցնել ու հիշել, կրկնել այն, ինչ բոլորս վաղուց գիտենք։ Բայց մի բան կա, որ իշխանությունից իշխանություն հստակ կրկնվում է ու դառնում օրինաչափություն մեր պետության առաջնորդների վարքում։ Դավաճանությունը։

Ես քաղաքագետ չեմ, ոչ էլ վերլուծաբան ու չեմ կարող կանխորոշել ներկա հարթակատերերի գործարքների տրամաբանությունը։ Գիտեմ միայն, որ անկեղծ չեն, քանի որ միշտ եւ ամենուր խաբել են մեզ։ Այդ խաբվածներից մեկն էլ ես էի, 2008-ին գրած իմ բոցաշունչ հոդվածով։ Ուզում էի հավատալ ու հավատացի։ Ես, ում աչքի առաջ տեղի էին ունեցել ամբոխամոլ սադրիչների կույր ու խելագար խրախճանքները՝ Մասիսի թունավորումներից մինչեւ թիկունքից խփված տասնյակ հերոսների մահվան առեղծվածը։ 2008-ի փետրվարյան հզոր միտինգներն ու ժողովրդին ոտքի հանած առաջնորդի դավաճանությունն ու փախուստը։ Արյունով ճնշված, ոհմակներից երկկողմանի տրորված, իր ազնվությանն ու միամիտ հավատին զոհ գնացած ժողովրդի անկումը։ Դեռ 1995-ից, անխտիր սա է եղել հարթակների արկածախնդրության այբուբենը։ Իսկ արդյունքը՝ հարթակատեր առաջնորդների սերտաճումը իշխանության կլանային բուրգին։ Որտե՞ղ է հիմա 1995-ի հուժկու հանրահավաքների առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ Նախագահին կից կամ առընթեր…

Որտե՞ղ է հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մի կուսակցության մեջքին, որի կնքահայրը իր ոխերիմ «բարեկամ» Ռոբերտ Քոչարյանն է՝ փողոց հանած ժողովրդի վրա կրակող դավաճանը։ Տրամաբանություն կարո՞ղ եք գտնել։ Եվ այսօրվա հարթակից, վեհ իդեալներից խոսող նրա կուսակցությունը 2008-ին եղբայրասպան դահիճների կողքին էր ու տապալում էր մարդասպանից հատուցում պահանջելու յուրաքանչյուր փորձ։ Բայց արի ու տես՝ Սահմանադրության ուրացումը իշխանության ամենաաններելի հանցանքը նկատվեց, ու կուսակցությունը նետվել է «վերականգնելու» օրենքապաշտությունը երկրում։ Ինչ իմանաս, այս անգամ ինչ դանակ ունի ծոցում պահած։ Տարբեր տարիների հարթակներից արդարության ցունամի փչող մարգարեների քաղաքական արշավանքը, թվում էր՝ 2008-ի ողբերգությամբ կավարտվի, ու էլ ոչ մի զոհ չի պահանջի ղեկավարը։ Բայց՝ չէ։ Ետ է եկել։ Ով կարող է գուշակել նրա մտքինը, ով կարող է իմանալ՝ ինչ գործարք է Լեւոն Տեր -Պետրոսյանի նման ինքնասիրահարված, փառասեր պրոֆեսորին բերել, հարթակում կանգնեցրել իր մասին երրորդ դեմքով խոսող գեղջուկ միլիոնատիրոջ կողքին։ Ով կարծես հավակնություն ունի նստել նախագահի աթոռին։ Իսկ ո՞րն է առաջին նախագահի շահը այս սրտամաշ հանրահավաքներից։ Իշխանությանը ներկայացրած տասներկու պահանջների մեջ պետության քաղաքական, տնտեսական ու բարոյական առողջացմանը միտված, իրոք, լուրջ ու ծանրակշիռ կետեր կան։ Բայց պատրա՞ստ են, արդյոք, հարթակում կանգնած, միմյանցից խոսքի ու հացի տարբեր վաստակով ապրող, բայց փառասիրությամբ իրար չզիջող առաջնորդները գնալ մինչեւ վերջ, իրագործել այդ ծրագրերը կյանքում, այս քառյակից ով է մեծ պատասխանատուն այս աղմուկի։ Ով է այն մարգարեն, հանուն որի ժողովուրդը վերստին հուսավառվել ու եկել է բազում փորձանքներով տեսած այս հրապարակը։ Երբ դեռ չի մարել նախկին ըմբոստության պարտությունն ու ամոթը իր սրտում։

Արյունից արյուն հանրահավաքային պատմության այս մեծ դասերը ստիպում են մեզ անվերջ կրկնվող այս անկումների պատճառները նախ փնտրել մեր գավառական հոգու թշվառ կապանքներին համակերպվելու խոտոր արյունի մեջ։ Եթե բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, ուրեմն պետության մեջ կեղծիքի սովոր ճամփան ու բռնության աստվածացումն է տիրապետելու։ Ու առաջնորդների դավաճանությանը համարժեք ժողովրդի ինքնադատաստանը։ Դա է միակ ու տրամաբանական վերջաբանն այս խելագար պտույտի։

Իսկ առայժմ, զսպիր եռանդդ, ժողովուրդ, հիացմունքի կամ ցնծության պատճառներ՝ դեռեւս չիք։ Ընտրություն չունենք, հարթակին նույն դեմքերն են, նույն ստվերներն անցյալի։ Բայց եթե ոգեւորությունդ անկեղծ է ու սիրտդ շիտակ ու գնում ես հրապարակ, որ իրոք փոխես կյանքդ, ուրեմն՝ պատգամդ խանդոտ, կամքդ անսասան, որպես վերջնագիր մատնանիշ արա հարթակին։ Ասա, որ բազուկդ ամուր է ու թիկունքդ վեհ։ Ասա, որ այս անգամ թույլ չես տալու անմեղի արյան խրախճանքը մեր երկրում։ Հստակ ցույց տուր, որ առաջնորդների խոստման դրժումն ու փախուստը, զազիր ու նենգ գործարքներն այս անգամ չե՛ն ներվելու։ Հայտարարիր քեզ զինվորն ու պարտապանը այս պայքարի, ու ՏԵՐԸ վերջնական արդյունքի միայն դո՛ւ եղիր։

Այլապես՝ ինքնակոչ թամադաների մեր երկրում, հանկարծ վերստին կպարզվի, որ իրար հետ ընդամենը… էլի կռվել էին ձին ու ջորին… մնացածը՝ ըստ Ջիվանու հանճարեղ տեքստի…

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

«Առավոտ» օրաթերթ
14.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ Լեւոնյան says:

    Եվրոպաներից խորհուրդներ տալը հեշտ է, ինչպես նաեւ՝ տուրիստի հայացքով իրողությունները գնահատելը:
    Հարց է՝ ո՞ր իրավունքով…

  2. dyadyur says:

    Իսկ ես համամիտ եմ Պրահայում բնակվող այդ տիկնոջ հետ: Ամենայն հավանականությամբ,նա խոսում է ՀԱՅԻ իրավունքով և ոչ ոք իրավունք չունի սահմանափակի կամ խոչընդոտի նրա խոսքի իրավունքը:

  3. Նարեկ Լեւոնյան says:

    ՀՀ քաղաքացին ապրում է Հայաստանում, պահում է հողը ու ոչ մեկին դասեր չի տալիս, դրա փոխարեն պայքարում է կամ փորձում է պայքարել այն չափով, որ չափով կարողանում է:
    Ու խորհուրդ տվողներից էլ մինչեւ կոկորդը կուշտ է:

    • Շուշան Ղազարյան says:

      Պատահում է նաեւ, որ Հայաստանի հանրապետության քաղաքացին ապրի դրսում, աշխատանքային գործուղման շրջանակներում, Նարեկ; Եթե չգիտես, իմացիր, այդպիսի քաղաքացիներ էլ կան, այդպիսի կարգ ու աշխատանք էլ կա;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031