Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի թոհուբոհից՝ դեպի հայաստանյան ԲՈՀ-ը

Հոկտեմբեր 17,2014 13:00

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ Բեյրութում լույս տեսնող «Հայկազեան հայագիտական հանդէսի» հերթական՝ 34-րդ տոմարի շնորհանդեսը: Ինչպես միշտ, այն անցավ շատ ջերմ եւ բարձր հայրենասիրական ներշնչումով: Ինչպես հայտնի է, հանդեսը սկսել է գործել Բեյրութի Հայկազեան համալսարանի հիման վրա՝ 1970 թ. եւ մինչ օրս սերտորեն համագործակցում է ներկայիս սփյուռքի ամենահզոր գիտակրթական հաստատության հետ: Ներկայացնելով տարեգրքի բարձր մասնագիտական որակները եւ նրա հետեւողական հայանպաստ գործունեությունն անցած տարիների ընթացքում, պատմաբան Վարդան Մաթէոսեանը, բանասեր եւ կինոգետ Արծվի Բախչինյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձան նաեւ ժամանակի նոր հրամայականներին եւ դրանց արձագանքելու անհրաժեշտությանը: Մեծ ոգեւորությամբ ընդունվեց «Հայկազեան հանդեսի» եւ համալսարանի ղեկավար Փոլ Հայդոստեանի ջերմ խոսքը՝ այդ օջախներում անընդմեջ կատարվող եւ իրար լրացնող աշխատանքների մասին՝ շեշտելով, որ ամենակարեւորը նրանցում ապրող հայրենասիրական ոգին է:

Հարկ է նշել նաեւ, որ լինելով խստագույն գիտական պահանջներին բավարարող լուրջ ակադեմիական ուսումնասիրությունների շտեմարան, որտեղ տարին մեկ անգամ լույս են տեսնում նյութեր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն լեզուներով՝ «Հայկազեան հայագիտական հանդէսը» մեծապես նպաստում է նաեւ Հայաստանի եւ սփյուռքահայ մտավորականության մերձեցմանը եւ ճանաչում է բերում տաղանդավոր երիտասարդ հետազոտողներին՝ միջազգային գիտական հանրության կողմից:

Թվում է, որ կորցնելով Վենետիկի Մուրադ-Ռաֆայելեան եւ Կիպրոսի Մելքոնեան վարժարանները, համայն հայությունը պետք է աչքի լույսի պես պահեր Հայկազեան համալսարանը եւ նրա կողմից հրատարակվող հանդեսը՝ տարեցտարի ամրապնդելով նրա կապերը մայր հայրենիքի հետ: Սակայն այս տարի՝ որպես լրացում լիբանանյան պատերազմի եւ մշտական ֆինանսական խնդիրների, հանդեսի խմբագրությունը մի նոր մարտահրավեր ընդունեց, այս անգամ Հայաստանի ԲՈՀ-ի կողմից: Բանն այն է, որ այս տարվանից «Հայկազեան հայագիտական հանդէսը», ինչպես նաեւ արտասահմանում հրատարակվող բոլոր պարբերականները դուրս են ընկել ԲՈՀ-ի կողմից հաստատված գիտական պարբերականների ցուցակից: Հայաստանյան ամսագրերից ցուցակից եւս դուրս են մղվել որոշ պարբերականներ, մասնավորապես, «Էջմիածին» հանդեսը, որը 1944 թվից հրատարակվել է Մայր Աթոռի կողմից՝ նպաստելով հոգեւոր եւ աշխարհիկ մտավորականության փոխըմբռնմանը: Ի՞նչն է դրա պատճառը: Եվ նշանակո՞ւմ է դա արդյոք, որ վերոհիշյալ պարբերականները հեղինակազրկված են եւ դրանցում կատարված հրապարակումները՝ որպես գիտական պահանջներին չբավարարող եւ այլեւս նշանակություն չունեն թեկնածուական եւ դոկտորական թեզերի պաշտպանության գործընթացներում: Եթե դա այդպես լինի, ապա այս «բարեփոխումը» որքան անմիտ է, այնքան էլ չարագուշակ. չէ՞ որ հայտնի է, որ մեր գիտությունների ակադեմիայի հումանիտար ոլորտում հաստատվում են միմիայն հայագիտական ուսումնասիրությունները (ինչը առանց այն էլ սահմանափակում է գիտնականների մտահորիզոնը, սակայն դա առանձին խնդիր է): Միեւնույն ժամանակ ատենախոսներից պահանջված արտասահմանյան հրապարակումները՝ որպես միջազգային հանրության ճանաչման նշան՝ սույն որոշմամբ պարզապես անիմաստ կդառնային: Ասվածը հատկապես ակներեւ է բանասիրության, պատմագիտության, ազգագրության եւ արվեստագիտության ոլորտներում, թեեւ, անշուշտ, դա իրեն զգացնել կտա ցանկացած ոլորտում:
Մտորելով այն մասին, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ապագան ԲՈՀ-ի հաստատած պարբերականների նոր ցուցակի պայմաններում, որտեղ ներկայացված են միմիայն Հայաստանում հատուկ ինդեքսային ցուցիչներ ստացած պարբերականները՝ հակառակ ատենախոսությունների հեղինակների առջեւ դրված պահանջների, ես եկա այն համոզմանը, որ այդ ցուցակը չի կարող վերջնական լինել՝ եթե, իհարկե, չեն փոխվել նաեւ այդ պահանջները: Եվ իսկապես, ցուցակը հավելող ծանոթագրության մեջ գտա հետեւյալ դրույթը. «Ի գիտություն. ցուցակը կվերանայվի 2015թ. հունվարին»: Ցավոք, այնտեղ որեւէ ակնարկ չկա առ այն, թե ի՞նչ սկզբունքների հիման վրա այն պետք է վերանայվի եւ ինչպե՞ս պիտի կայանան ընթացիկ տարվա ատենախոսների պաշտպանությունները:

Կարծում ենք, որ նշված իրավիճակը չի վրիպել հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում կայացած Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (AIEA/ՀՈՒՄԸ) 13-րդ համաժողովի մասնակիցների ուշադրությունից եւ դա, անշուշտ, փառք չի բերել մեր գիտական հանրությանը: (Ի դեպ, վատ չէր լինի, որ, օգտվելով այդ հայանպաստ գիտական իրադարձությունից՝ ԲՈՀ-ի աշխատակիցները հանդիպեին համաժողովին ժամանած Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Լիբանանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներին): Կարելի է ենթադրել, իհարկե, որ քանի որ ցուցակում չի մատնանշված արտասահմանում լույս տեսնող որեւէ պարբերական, ապա ցանկացած պարբերականում տպագրված հոդվածը ընդունելի է, այսինքն՝ de facto դրանք բոլորն էլ դեռեւս հավասար պայմաններում են: Այդ դեպքում ԲՈՀ-ի դիրքորոշումը հասկանալի կլիներ, եթե պարզապես մեկ նշում արված լիներ նման հավասարեցման մասին՝ տիրող իրավիճակը օրինականացնելու համար: Սակայն, եթե նման հավասարության մասին խոսք անգամ լինել չի կարող, ապա հարկավոր է, այնուամենայնիվ, որոշակի զատումներ անել: Այդ առումով, քանի որ այսօր աշխարհի հեղինակավոր հայագիտական պարբերականներն արդեն իսկ սերտ գործնական կապեր են հաստատել Հայաստանի բոլոր հայագիտական կենտրոնների հետ՝ տրամաբանական կլիներ, որպեսզի դրանք ճանաչվեին ԲՈՀ-ի կողմից առաջին հերթին՝ զետեղվելով հայաստանյան պարբերականների կողքին, թեեւ հատուկ ենթաբաժնում: «Հայկազեան հայագիտական հանդէսից» բացի, այդ ենթաբաժնում իրենց արժանի տեղը կգտնեին միջազգային գիտական հանրության ճանաչումը դարեր ի վեր վայելող Մխիթարեան միաբանութեան «Բազմավէպը» (1843) եւ «Հանդէս ամսօրեան» (1887), ինչպես նաեւ ավելի երիտասարդ՝ Փարիզի համալսարանի Revie des լtudes Armռniennes (1920) եւ ամերիկյան Բելմոնտի «Journal of Armenian Studies», որը 1975 թվից լույս է տեսնում Մասաչուսեթս նահանգի Narional Association for Armenian Studies & Research ընկերության կողմից եւ Ֆրեզնոյում տպագրվող Կալիֆոռնիայի Պետական համալսարանի «Journal of the Society of Armenian Studies» (1984) պարբերականները: Հնարավոր է նաեւ, որ վերոհիշյալ ցուցակը կազմելիս, ԲՈՀ-ի աշխատակիցները պարզապես չեն մտածել կամ մոռացել են այդ մասին: Հույս ունենք, սակայն, որ այս ցավալի թյուրիմացությունը շուտով կբացատրվի եւ կշտկվի՝ չսպասելով Հայաստանի եւ սփյուռքի հայագիտական ինստիտուտների եւ առհասարակ առողջամիտ մտավորականության վրդովված բողոքների: Այլապես ոչ միայն մեր հայագետ հյուրերը, այլեւ Հայաստանը ներկայացնող գիտնականները ստիպված կլինեն եզրակացնել, որ այսօրվա մեր գիտական կյանքը կառավարվում է միմիայն ծայրահեղ լճացմանը բերող Պարկինսոնի օրենքով: Պարզ է, որ դա ուղեղների նոր արտահոսքի առիթ կդառնա…
Համենայնդեպս, ցանկալի է լսել ԲՈՀ-ի մասնագետների կարծիքները խնդրո առարկա ցուցակի մասին, քանի դեռ հիասթափության ալիքը անդառնալի չի դարձել:

ՆԱՏԱԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պատրաստակամ ենք տպագրել նաեւ ԲՈՀ-ի պարզաբանումները:

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031