Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Առաջին նախագահը, չի ծանոթացել այդ փաստաթղթին, նման խնդիր իր առջեւ չի դրել»

Հոկտեմբեր 17,2014 12:56

«Ոչ միայն որպես իշխանության ներկայացուցիչ, այլ նաեւ որպես հանձնաժողովի անդամ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, որը նման պնդում է անում, թող այդ հայեցակարգի մեջ կարողանա հայտնաբերել մի հատված, որը կհաստատի դա: Ես կարծում եմ, որ հայեցակարգն այն տեսքով, ինչ ներկայացվել է ՀՀ նախագահին, լուրջ քայլ է կատարվել առաջ: Բուն գաղափարախոսությունը բնականոն քաղաքական զարգացումների արտացոլումն է եւ երկրի կառավարման համակարգում առկա թերությունների վերհանումը: Ուղղակի փնովել կարելի է ցանկացած փաստաթուղթ՝ առանց կարդալու: Ժամանակն է, որ քաղաքական ուժերը լրջորեն ծանոթանան այդ փաստաթղթին, թե կան թերի կողմեր, բարձրաձայնեն հենց դա: Պիտակավորումը լավագույն քննադատության ձեւը չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսպես պատասխանեց եռյակի քննադատություններին, որ Սահմանադրական փոփոխություններով իշխանությունը լուծում էիր վերարտադրության հարցը:

Նա ասաց, որ այսօր այդ փաստաթուղթը բավականին «եփված» փաստաթուղթ է, որն արժանի է լուրջ մասնագիտական քննարկման:

Aravot.am-ի հարցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի իր ելույթում ասաց, որ միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կասի, որ այդ փոփոխություններն արվում են՝ երկրի, ժողովրդի բարօրության համար, ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Եվ ընդհանրապես համոզմունք կա, որ այս իշխանությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել, եթե ինչ-որ բան անում են, ուրեմն տակը մի բան կա: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ ընդհանրապես ցանկացած լուրջ քննարկման ժամանակ երբ լսում եք ընդամենը գնահատական, բայց ոչ բովանդակային քննադատություն, դա խոսում է հենց այդ գնահատականի արժեքի մասին: Երբ լսում եք մեղադրանքներ, դա կարելի է հնչեցնել ցանկացած փաստաթղթի վերաբերյալ՝ անգամ ծանոթ չլինելով դրան: ՀՀ առաջին նախագահը, ցավով եմ նշում, չի ծանոթացել այդ փաստաթղթին, ինքը նման խնդիր իր առջեւ չի դրել: Իր նպատակն այլ էր, դրա համար նա հնչեցրեց գնահատական: Ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որ կքննադատեն լուծումների ուղղությունները: Նրանք շատ ավելի մանրամասն կներկայացնեն իրենց դիրքորոշումը, բայց խոսքը կվերաբերի բովանդակությանը, այլ ոչ թե ընդհանուր գնահատական կլինի: Եթե չեն բերում բովանդակային որոշակի դրույթներ եւ ասի՝ դրանք թերի են, որովհետեւ մեզանում կարող են առաջանալ գործող իշխանության վերարտադրման որոշակի վտանգ, օրինակ` այս հատվածից ելնելով: Եթե դուք այդպիսի տեքստ չեք լսում, դա նշանակում է, որ դա ընդամենը գնահատական է, հռետորաբանություն, որը որեւէ աղերս չունի բովանդակության հետ»:

Մեր հարցին՝ եռյակը մի քանի օր ժամանակ է տվել այս իշխանությանը՝ ողջամիտ առաջարկներ ներկայացնելու, պատրաստվո՞ւմ եք նման առաջարկներ ներկայացնել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Տպավորություն է ստեղծվում, որ մեր պատասխանները ողջամիտ չեն եղել: Խնդիրը պետք է լինի իրենց դաշտում, իրենք պետք է ասեն, թե ինչու են մեր առաջարկները համարում ոչ ողջամիտ: Մենք համարում ենք, որ մենք ներկայացրել ենք ողջամիտ առաջարկներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031