Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանայք գիտեն այն կոճակը, որը սեղմելով՝ ամուսինները կհայտնվեն իրենց կողքին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2014 15:24

«Ամուսնալուծությունների այսօրվա մեծ աճի մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ գլոբալիզացիան»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Նրա խոսքերով` ներկայումս երիտասարդները, եթե իրենց ինչ-որ բան դուր չի գալիս, շատ ավելի համարձակ են` չլռելու եւ չհանդուրժելու հարցում:

Հոգեբանը նկատեց, որ ամերիկյան հոգեբանները ընտանեկան հարաբերություններից դժգոհողների համար այնպիսի տակտիկաներ են մշակում, թե ինչպես դժգոհ կինը կամ ամուսինը պետք է իր «ես»-ը պաշտպանի, անկախանա, նա պետք է մտածի իր հոգեկան առողջության մասին. «Ամերիկյան հոգեբաններն ավելի շատ ուղղորդում են, որ ամուսնալուծության գործողությունը սկսվի»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ իրավաբան Մարինե Ֆարմանյանն էլ նշեց, որ Հայաստանում ամուսնական պայմանագրեր շատ քչերն են կնքում, հատկապես այն զույգերն են նախապատվություն տալիս պայմանագրին, երբ ամուսիններից մեկը օտարերկրացի է: Իրավաբանն իր պրակտիկայից օրինակ բերեց, նշելով, որ ամուսնալուծությունների վրա հաճախ ազդում է սոցիալական վիճակը, երբ ամուսինը չի կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը, դավաճանությունը, համացանցային տեղեկություններն ու ծանոթությունները, երբ ամուսինները ընտանիքից կտրվում են հոգեպես եւ ֆիզիկապես, եւ նոր հետաքրքրություններ են ունենում` ինտերնետային ծանոթությունները:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ շատերը գերադասում են համացանցում երկար ժամանակ անցկացնել ու հաճախ այլ անուններով ծանոթություններ փնտրել, հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասաց, որ մարդիկ հաճախ ինտերնետում իրենց հաճելի ու երազած կերպարով են հանդես գալիս. «Հաճախ կորցնում են հաղորդակցման հմտությունները, դառնում վիրտուալ հմուտ հաղորդակցվող: Ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, նույնիսկ կոմպյուտերային կախյալությունը քննարկվում է` արդյոք պետք է մտցնել հիվանդագին սովորությունների մեջ, ինչպես խաղամոլությունը. դա դարի հիվանդությունն է»:

Հոգեբանը ընտանիքներում համացանցի եւ այլ պատճառներով առաջացած խնդիրների լուծում առաջարկեց. կանանց խորհուրդ տվեց տանը ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի ամուսինները սիրով տուն գնան ու ցանկանան այնտեղ ապրել. «Կանայք գիտեն այն կոճակը, որը սեղմելով՝ ամուսինները կհայտնվեն իրենց կողքին»:

Հոգեբանի ներկայացմամբ՝ հետազոտություն կա, ըստ որի լինում են ամուսնալուծության դեպքեր, երբ երիտասարդ զույգերից մեկի մոտ տեղի է ունենում կարիերայի շեշտակի փոփոխություն. «Որովհետեւ հասարակական-սոցիալական նոր ստատուսի մեջ հանկարծ մեկն ու մեկը տեսնում է, որ կողքինն այնքան էլ չի համապատասխանում իր նոր ստատուսին, եւ անհարմար է զգում: Այս դեպքում, ամուսինը կամ կինը պետք է աշխատի իր վրա ու նոր հաջողություններ գրանցի, որպեսզի համապատասխանի նոր ստատուսին իր կողակցի»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031