Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ուսուցիչ. «Կռվի տարիներին գյուղում ավելի շատ աշակերտ կար, քան հիմա»

Հոկտեմբեր 17,2014 17:50

Բազմիցս ենք մեր հրապարակումներում անդրադարձել Սյունիքի մարզի գյուղերի ծերացման, արտագաղթի, ծնունդների պակասի եւ աշակերտ չլինելու պատճառով դպրոցների հետագա գործունեության դադարեցման վտանգին:

Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ալբերտ Թումանյանը ցավով նշեց, որ այսօր Նորաշենիկ գյուղի դպրոցում եւս աշակերտների թիվը նվազել է եւ ներկայումս գյուղում ընդամենը 18 աշակերտ է սովորում: Մինչդեռ դպրոցում աշխատելու իր առաջին տարիներին, որը համընկավ Արցախյան գոյամարտի ժամանակահատվածի հետ, գյուղի դպրոցում սովորող աշակերտների թիվն ավելի մեծ է եղել, քան այսօր:

Norashenik-gyugh

«Կռվի տարիներին գյուղում ավելի շատ աշակերտ կար, քան հիմա: Իմ աշխատելու առաջին տարում մենք 50-ից ավելի աշակերտ ունեինք, թեեւ դա էլ իր բացասական կողմն ուներ: Կռվի տարիներն էին, կրակոցների պատճառով քաղաքաբնակները տեղափոխվել էին գյուղ եւ տեղի դպրոց էին հաճախում աշակերտները: Անգամ ունեինք մանկապարտեզային խումբ` 20 աշակերտով, սակայն աստիճանաբար փակվեց…: Այսօր, ինչպես ամբողջ հանրապետությունում, աշխատանք չլինելու պատճառով արտագաղթ կա նաեւ մեզ մոտ…», – ասաց 1993թ.-ից Նորաշենիկում գործող միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ալբերտ Հարությունյանը, որ նաեւ ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել:

Նա նաեւ ցավով նշեց, որ աշակերտների բացակայության պատճառով` տարիներ առաջ դադարել է գործել Կապանի Շրվենանց գյուղի դպրոցը, որտեղ ժամանակին սովորելու էին գնում տարբեր բնակավայերի բնակիչները` այդ թվում նաեւ նորաշենիկցիները: «Այդ դպրոցի պատմությունը մեր ժողովրդի մի ամբողջ մշակութային պատմության մի հատորն է երեւի: 1901 թվականին մեծահարուստ Գասպար Իվանիչը բերեց Շրվենանցում դպրոց կառուցեց, հանրակացարան կար նույնիսկ, հանգուցյալ հայրս էլ էր Շրվենանցի դպրոցում սովորում: Ասում էր` երկու հերթափոխով էր գործում դպրոցը, ինչքան աշակերտ կար այն տարիներին, բայց այսօր աշակերտ չլինելու պատճառով` փակվեց դպրոցը: Նորաշենիկից անտառի միջով` կարճ ճանապարհով, մոտ 3 կմ ճանապարհ էին գնում, որ Շրվենանցում սովորեն, քանի որ այդ ժամանակ Նորաշենիկում դպրոց չէր գործում», – ասաց պատմության ուսուցիչը եւ պատմեց, թե ինչ դժվարությունների էին բախվում դպրոցի գործարկման սկզբնական ժամանակահատվածում: Գրեթե ոչինչ չկար` կավիճ, գրատախտակ եւ այլ անհրաժեշտ դպրոցական պարագաներ, նույնիսկ տրանսպորտ չկար գյուղ հասնելու համար:

«Ծանր տարիներ էին…տարբեր տեղերից կավիճ, գրատախտակ, վառարան եւ այլ իրեր ենք հայթայթել բերել դպրոց ու պահպանում ենք մինչեւ օրս: Նույնիսկ դպրոցի շենքի սեփականաշնորհմանը դեմ գնացինք, ամեն ինչ արել ենք դպրոցը գործարկելու ու պահպանելու համար: Իսկ այսօր մենք դիմում ենք կապանաբնակ նորաշենիկցիներին, որ իրենց երեխաներին ուղարկեն գյուղ, որպեսզի կրթօջախը շնչի, շարունակի աշխատել, մինչեւ տեսնենք ինչ է լինում…», -նշեց Նորաշենիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ալբերտ Թումանյանը:

Դեռեւս 2013թ-ի հունվարին մեր հրապարակումներից մեկում  նշել էինք, որ գյուղում 7 տարի է երեխա չի ծնվում, երիտասարդ ընտանիքները թողել-գնացել են գյուղից,տեղացիներն էլ փաստել էին, որ դպրոց հաճախող աշակերտների քիչ տոկոսն է տեղացի, մյուսները` հիմնականում Կապանից են գալիս:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031