Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը՝ ԿԳ նախարարին. «Բոլորին արտաքսելու եք ու մնաք Առաքելական եւ ՀՀԿ-ական աղանդո՞վ»

Հոկտեմբեր 20,2014 13:52

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում  առաջարկել է վերադառնալ, իր ձեւակերպմամբ, մոռացված մի օրինագծի, որտեղ դեռեւս ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ հարց էր բարձրացրել արգելել մի շարք կրոնական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում:

«Դեռևս 2008 թվականին առաջարկել եմ ՀՀ օրենսդրությամբ ձևակերպել, թե որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելվի Հայաստանում: Ուսումնասիրել եմ խորությամբ եվրոպական մի շարք երկրների օրենսդրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները և այլն: Ստորև մի հատված առաջին ընթերցմամբ ընդունված ու, ցավոք, այս պահին մոռացված օրինագծից:

«Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների գիտակցության, մտածողության, անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության, սեփականության եւ վարքի վերահսկողություն»,-գրել է ԿԳ նախարարը Ֆեյսբուքում:

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով գրառումը՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ դավանելու ազատությունը Եվրոպական կոնվենցիայով էլ սահմանափակման ենթակա է, ու հստակ չափանիշներ կան, թե որ դեպքում կարող է կրոնական կազմակերպության գործունեությունը սահմանափակվել: «Դա վերաբերում է այնպիսի կրոնական կազմակերպություններին, որոնք, օրինակ, քարոզում են մարդկային զոհաբերություններ եւ ինքնազոհաբերություններ, առողջությանը վնասակար ինչ-որ հարցեր, մարմնավաճառություն, ստրկություն եւ այլն: Սա այն ցանկն է, որով կարող են արգելվել կրոնական կազմակերպությունները: Ինչ վերաբերում է պարոն Աշոտյանի այն մտքին, երբ ասում է, թե կրոնական կազմակերպություններն ազդում են գիտակցության վրա:

Իհարկե, ազդում են, եւ բոլո՛ր կրոնական կազմակերպություններն ու ուղղություններն են մարդկանց գիտակցության վրա ազդում: Ավելին, մարդկանց գիտակցության վրա ոչ միայն հոգեւոր ուղղություններն են ազդում, այլեւ քաղաքական կուսակցությունները, եւ այդ տեսակետից ես կառաջարկեի արգելել նաեւ բոլոր քաղաքական կուսակցությունները: Կարծում եմ՝ շատ հարցեր այստեղ սուբյեկտիվ են: Հաշվի առնելով նաեւ պարոն Աշոտյանի տեսակետները, որ նա դպրոց է մտցրել Հայ առաքելական եկեղեցու քարոզչություն, ես կարծում եմ, որ նա իր այդ նախագծով փորձ է անելու Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակել կամ արգելել: Այս դեպքում, ես հարց եմ տալիս պարոն Աշոտյանին՝ եթե արգելեցիք, դրանով հարցը լուծվո՞ւմ է, չէ՞ որ մինչեւ 2003 թ. Եհովայի վկաները գրանցված չէին, մի՞թե նրանք չէին քարոզում եւ չէին աշխատում:

Կամ՝ եթե արգելելուց հետո էլ աշխատեն, արդյոք այդ կրոնական կազմակերպություններին արտաքսելո՞ւ եք Հայաստանից, ինչպես ժամանակին թոնդրակյաններին էին արտաքսում: Հերթով պիտի արտաքսեք բոլորին ու մնաք միայն Առաքելական աղանդով ու Հանրապետական աղանդով գործիչներո՞վ: Զարմանում եմ, որ 21-րդ դարում Հայաստանի կրթության նախարարն այդքան նեղ է նայում աշխարհին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031