Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը պետք է օգտվի Լեւո՞նի հեղինակությունից, թե՞ Լեւոնը՝ Ծառուկյանի». Ադիբեկյանի դիտարկումները

Հոկտեմբեր 20,2014 16:24

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ընդդիմադիր ուժերի խոստացած թեժ աշունը համարում է աթոռակռիվ՝ իշխանափոխության քողի տակ:

«Երբ դիտարկում ենք այն կադրերն ելույթների, որոնք կատարվում են հանրահավաքների ժամանակ՝ լինի սահմանադրական փոփոխության, թե Եվրասիական տնտեսական միության կամ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, տեսնում ենք, որ կամ հիմարներ ու տգետներ են այնտեղ իրոք գործում, կամ խելոքների ձայնը չի լսվում»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց սոցիոլոգը:

Վերլուծաբան Վիլ Պողոսյանին էլ հետաքրքրում է, թե որտեղի՞ց է բխում եռյակի՝ իշխանափոխության մասին կարգախոսը. «Իշխանափոխությունը վտանգավոր կարգախոս է, բայց նրանք չեն էլ զգում: Փոխանակ խոսեն կառավարություն եւ ընդդիմություն հակադրության մասին, նրանք ասում են իշխանափոխություն: Բայց, եթե ուզում են իշխանություն փոխել, ապա դրա իսկական ձեը հեղափոխությունն է, համակարգի փոփոխությունն է»:

Պարոն Ադիբեկյանն էլ շարունակեց, թե երբ խորհրդարանական ուժերը կողմ են իշխանափոխությանը, ստացվում է՝ այդ ուժերը դեմ են իրենք իրենց. «ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ունեն պատգամավորներ խորհրդարանում, իսկ խորհրդարանը իշխանության կողմերից մեկն է, եթե իշխանափոխություն են ուզում, ուրեմն իրենք իրե՞նց են ուզում փոխել: Եթե ուզում են ինչ-որ բան փոխել, պետք է փոխեն կառավարությանը, այդ ժամանակ դա կլինի իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն»:

Ըստ նրա, վարչապետի փոփոխությունը չի նշանակում, թե կառավարությունն են փոխել. «Որովհետեւ շարունակում է իշխող կուսակցության քաղաքական ծրագիրն իրականացնող մի դեմք, նա նախագահի ու խորհրդարանի մեծամասնության կողմից հաստատված դեմք է ու պետք է շարունակի այդ երկու կողմերի ծրագրային դրույթները»:

Սոցիոլոգի պնդմամբ, եռյակը խորամանկության է դիմում՝ խոսելով իշխանափոխության մասին, նպատակը՝ գործադիր իշխանության գալն է. «Հետեւաբար պետք է հստակ ասեն կառավարության ծրագիրն ինչով է թերի ու առաջարկեն իրենց միջոցները… եթե ուզում ես իշխանության գալ, մտիր կոալիցիա, դարձիր ավելի հզոր ուժ ու փոխիր իշխանությունը: Այնպես որ, որ ասում են՝ նախագահը թող հրաժարական տա, բայց դրանով ի՞նչ է փոխվելու, եթե 915 համայնքներից 675-ը վերահսկում է ՀՀԿ-ի դրածոն»:

Պարոն Ադիբեկյանի համար անհասկանալի է նաեւ, թե «հեղաշրջման» եկող ՀԱԿ ու ԲՀԿ առաջնորդներից որը ում վրա է հենվելու. «Հասկանալի չէ՝ Ծառուկյանը պետք է օգտվի Լեւոնի հեղինակությո՞ւնից, թե՞ Լեւոնն իր հեղինակությունն ուժեղացնի ԲՀԿ-ի ղեկավարի կարողություններով. Ո՞վ ում ուսի վրա է գալու իշխանության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ինչես և ակնկալելի էր, ամեն անգամ, երբ քաղաքական դաշտում ամեն բան տակնուվրա է լինում ՀՀԿ-ականների համար, Ահարոն ՍՈՒՏԻբեկյանը իհայտ է գալիս, իր սուտ սոցհարցումներով և կանխատեսումներով․․այնպես որ զարմանալի չի նրա այս պահվածքը, ոտքից գլուխ ստեր․

  2. Հրանտ Խաչատրյան says:

    Ահարոն Ադիբեկյանը խայտառակում է թե՛ իր մասնագիտությունը, թե՛ ինքն իրեն: Նա առհասարակ մի “բաժակ նայող” ա, ու նրա կատարմամբ նման անհեթեթ ելույթները նորություն չեն ինձ համար: Գրածը միանշանակ անհեթեթություն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031