Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրոնային գիրքը կերակուր է՝ առանց աղի». Ռուզաննա Բարսեղյան

Հոկտեմբեր 20,2014 17:41

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը վստահեցնում է, որ ընթերցանության հանդեպ սերը գնալով ոչ թե պակասում, այլ ավելանում է: Համենայն դեպս, այս գրադարանից օգտվողների թիվն այդ է փաստում. «Իսահակյանի անվան գրադարանի այցելուների թիվը տարեցտարի աճում է: Միայն անցյալ տարի գրադարանն ունեցել է շուրջ 36. 000 ընթերցող, որի 70%-ն ուսանողներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրադարանի փոխտնօրենը:

Քանի որ ընթերցողների մեծ մասն ուսանողներ են, Ռ. Բարսեղյանն ասում է, որ բավականին ակտիվ աշխատանքներ են տարվում գրադարանը մասնագիտական գրականությամբ համալրելու ուղղությամբ. «Իսկ, ընդհանուր առմամբ, երիտասարդությունն ավելի շատ նախընտրում է ժամանակակից գրականություն՝ Լևոն Խեչոյան, Նորայր Ադալյան, Աշոտ Աղաբաբյան և ուրիշներ»,- նշեց Ռ. Բարսեղյանը:

Ըստ նրա՝ այցելուների թիվն ավելանում է նաև գրադարանն էլեկտրոնային գրականությամբ համալրելու շնորհիվ: Թեև գրադարանի փոխտնօրենն անձամբ նախապատվությունը տալիս է տպագիր գրքին. «Ես նախընտրում եմ «իսկական» գիրքը, բայց հաճախ օգտվում եմ նաև դրա էլեկտրոնային տարբերակից: Գիտեք, էլեկտրոնայինը առանց աղի, առանց համեմունքի կերակուրի է նման. այսպես թե այնպես, դու տեղեկատվությունն ստանում ես, բայց չես վայելում այն հաճույքը, որ տպագիր գիրքն է տալիս»,- կարծում է Ռ. Բարսեղյանը:
Ինչ վերաբերում է Ավ. Իսահակյանի անվան գրադարան այցելողների տարիքին, բանախոսն ասաց, որ երեքից մինչև ութսուն տարեկան ընթերցողներ ունեն. «Երեք տարեկան երեխան գալիս է իր մայրիկի հետ: Կարծում եմ՝ սա կարևոր քայլ է երեխայի մեջ դեռ մանկուց ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու և գրադարանին կապելու ուղղությամբ»,- ասաց Ռ. Բարսեղյանը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկայում գրադարանում կանցկացվի «Համագործակցություն երիտասարդ լրագրողների հետ» խորագրով ծրագիր, որի նպատակը, Ռ. Բարսեղյանի ձևակերպմամբ, լրագրողների միջոցով ավելի շատ ընթերցողների ներգրավումն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գրողների, մտավորականների, ընթերցողների հետ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031