Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնացին՝ Ալեք Ենիգոմշյանին բռնության ենթարկած ոստիկանների հարցը իրենց ձեւով լուծել (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 21,2014 16:47

Նախախորհրդարանի անդամ, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանին բռնի ուժով մեքենայից հանած ու փողոցում թողած քաղաքացիական հագուստով ոստիկանների նկատմամբ ծառայողական քննությունը կավարտվի ամենաուշը երեք օրից: Այսօր ոստիկանության շենքի մոտ Նախախորհրդարանի բողոքող անդամներին դիմավորեց ու այդ մասին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը:

Enigomshyan_cuyc-5 Enigomshyan_cuyc_2 Enigomshyan_cuyc-4 Enigomshyan_cuyc_3

«Մենք ուզում ենք անձամբ տեսնել ոստիկանապետին եւ պահանջել, որ հանրությանը տեղեկացնի՝ ինչ է կատարվում, հայտնաբերվե՞լ են՝ ովքեր են այդ մարդիկ, ինչ միջոցներ են ձեռնարկվում, որ այդ մարդկանց աշխատանքից ազատեն ու հանրային պարսավանքի ենթարկեն»,- պարոն Ահարոնյանին դիմեց Նախախորհրդարանի անդամներից մեկը:

Պարոն Ահարոնյանը հիշեցրեց, որ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել. «Վստահեցնում եմ՝ ծառայողական քննությունը կատարվում է պրոֆեսիոնալ, անաչառ: Ծառայողական քննության նյութեր են ոչ միայն կոնկրետ անձանց բացատրությունները, լրատվամիջոցների հրապարակումները, այլեւ ձեռքբերված տեսագրությունները: Քննությունն այս պահին ընթանում է, եթե լինեն քրեորեն պատժելի արարքներ, նյութերը կուղարկվեն հատուկ քննչական ծառայություն»:

Ոստիկանության անաչառ քննության մասին պարոն Ահարոնյանի պնդումից հետո «կասկածում ենք» բովանդակությամբ ռեպլիկներ հնչեցին:

Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն էլ հակադարձեց, թե ոստիկանության աշխատանքի մասին գնահատական իրավունք չունեք տալու. «Ոստիկանությանը գնահատական կտամ ես՝ որպես Հայաստանի քաղաքացի: Դուք ասացիք, թե հավաստիացնում եք, որ ոստիկանությունը անաչառ քննություն է կատարում, ոստիկանությունը անաչառ քննություն չի անում երբեք…տառապանքս փորձ ունի»:

Նախախորհրդարանի մեկ այլ անդամ էլ հետաքրքրվեց՝ կույր մարդուն բռնությամբ մեքենայից հանելն ու փողոցում մենակ թողնելը առհասարակ պատժելի արա՞րք է, թե՝ ոչ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն էլ ասաց՝ չի ցանկանում գնահատականներ տալ, ուսումնասիրվում են բոլոր նյութերը. «Այնտեղ չենք եղել, ու հետեւություններ կարող ենք անել հետո»:

Պարոն Ահարոնյանն էլ ասաց, որ եթե ծառայողական քննության արդյունքում պարզվի, որ արարքը քրեորեն պատժելի է, պատասխանատվություն կկրեն, իսկ եթե քրեորեն պատժելի արարք չգտնվի նրանց գործողություններում, ապա կարգապահական տույժեր կնախատեսվեն:

Ցուցարարներին չգոհացրին պաշտոնյաների պատասխանները, սկսեցին գոռալ «ԱՍԱԼԱ»: Ցուցարարներից մեկն էլ ասաց, թե իրենք դժգոհ են ոստիկանության աշխատանքից ու եկել են ասելու, որ ոստիկանությունը վերածվել է ռեժիմի գործիքի ու ոստիկանությունն իր գործը չի անում, ահաբեկում է ժողովրդին, ազգային հերոսին:

Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանն էլ զայրացավ ու սպառնաց՝ եթե այս պատմությունից Ալեք Ենիգոմշյանին մենակ թողած ոստիկանները «ջրից չոր դուրս կգան» ու չպատժվեն, ինքն անձամբ այդ ոստիկանների հարցը կլուծի.«Տեսնեմ՝ ձեր օրենքն ամբողջ ուժո՞վ է աշխատելու իմ նկատմամբ, թե՞՝ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031