Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջային արկածներ

Հոկտեմբեր 21,2014 18:41

Հեռախոսահամարը նման է աղջկա. մինչեւ նրա հետ հարաբերություններ սկսելը անպայման պետք է ճշտել՝ մինչեւ քեզ ի՞նչ կյանք է ունեցել, ո՞ւմ հետ է շփվել, խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Մի բան, որը ես չարեցի:

Ուրեմն՝ այսպես հեռախոսահամարը գնելու հենց հաջորդ օրը «Երեւան ջուրը» ինձ կարճ հաղորդագրությամբ հիշեցրեց, որ ես պարտք ունեմ, այն դեպքում, երբ բոլոր վճարումները կատարել էի: Մտածեցի՝ տեխնիկական խնդիր է, սակայն հաջորդ ամիս էլ ստացա նույն հաղորդագրությունը: Ստիպված եղա զանգահարել կազմակերպությանը, պարզվեց՝ հեռախոսահամարի նախկին տերերը՝ Ասատրյանները, մոռացել են վճարել ջրի վարձը:

Այս հարցը հազիվ էի լուծել, երբ անծանոթ համարից զանգ եկավ, զանգահարողը ռոմանտիկ ձայնով մի երիտասարդ էր.

«Սյուզի՞»:

«Սյուզին չի, սխալ եք զանգել»:

«Սյուզ ջան, ինչի՞ ես հետս էդպես վարվում»:

«Ասում եմ՝ սխալ եք զանգահարել»:

«Սյուզ ջան, մի խաբի էլի» …

Երիտասարդը հասկացավ, որ Սյուզիի հետ չի խոսում միայն այն ժամանակ, երբ իր հերթական զանգերին պատասխանեց ընկերս: Պարզվեց՝ ռոմանտիկ ձայնով տղան Լեւոնն էր, Սյուզիի հետ էլ շփվել էր մինչեւ բանակ գնալը, զորացրվելուց հետո զանգահարել էր Սյուզիին, բայց Սյուզին արդեն վաղուց այդ համարից հրաժարվել էր եւ երեւի թե չէր էլ կասկածում, որ Լեւոնն իրեն է փնտրում …

Կյանքը իր բնականոն հունով էր ընթանում, սակայն նորից ինձ զանգահարեցին անծանոթ հեռախոսահամարից. «Արմե՞ն» լսափողից գոռում էր մի պապիկ: Մի պահ վատ զգացի, որ Արմենը չեմ, բայց ստիպված էի պատասխանել. «Արմենը չի, սխալ եք զանգահարել»:

«Ո՞նց, Աշոտի տղա Արմենը չի՞»,- շարունակում էր բղավել պապիկը:

«Չէ՛, չէ՛, Արմենը չի»:

«Հը՞»:

«Ասում եմ՝ սխալ եք զանգահարել»:

Պապիկը ինձնից նեղացած անջատեց հեռախոսը, բայց ինչպես պարզվեց ապագայում, պապիկը այդպես էլ չհավատաց, որ Արմենը չեմ. նա շարունակում էր օրը մեջ ինձ զանգել ու համոզել, որ Աշոտի տղա Արմենն եմ: Մեր, հուսով եմ, վերջին հեռախոսազրույցը եղել է մի քանի օր առաջ. պապիկը, նեղացած ինձնից, հեռախոսը փոխանցեց տարիքով շատ ավելի երիտասարդ մի կնոջ:

«Չեմ հասկանում, Արմե՛ն, մեծ մարդ ես տեսել ուզո՞ւմ ես խաբես: Սխալ եք զանգելը ո՞րն ա: Չես ուզում գործ անես, տենց էլ ասա, ոչ թե էս մեծ մարդու հետ խաղեր խաղա»,- վրդովված բղավեց կինը:

«Տիկին ջան, ասում եմ, սխալ եք զանգել, ես Արմենը չեմ»:

«Ո՞նց, Աշոտի տղա Արմենը չես»,- կրկին չհավատաց ինձ կինը, (գոնե ռոմանտիկ ձայնով Լեւոնը ինձ Սյուզիի հետ էր շփոթում):

«Չէ՛, տիկին ջան, խնդրում եմ, էլ ինձ չանհանգստացնեք»,- ստիպված ասացի ու անջատեցի հեռախոսը՝ կրկին վատ զգալով, որ Արմենը չեմ:

Այս պատմությունն էլ նոր էր ավարտվել, երբ կարճ հաղորդագրություն ստացա. «Ձեր հաշիվը վերալիցքավորել է 200 դրամով»: «Ի՜նչ լավ է,- մտածեցի,- ո՞վ է էդ բարի մարդը, որ չի ալարել իմ համարն է լիցքավորել»: Արդեն ուրախացած մտածում էի` ում զանգահարեմ շնորհակալություն հայտնեմ, այն էլ այդ բարի անձնավորությունը շուտով ինքն իր ոտքով հայտնվեց.

«Քույրիկ ջան, ես նոր օպերատորի կոդը շփոթեցի ու մայրիկիս հեռախոսի տեղը քոնը լիցքավորեցի, կարո՞ղ ես հետ փոխանցել այդ 200 դրամը»:

Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ ալարում եմ իմ հեռախոսահամարը լիցքավորել, ու՞ր  մնաց ուրիշի հեռախոսահամարը լիցքավորեմ, բայց այդ կինը այնպիսի տոնով խնդրեց, որ ես այլ հնարավորություն չունեի, քան ասեի՝ «Լա՛վ»:

Ճիշտ է, անմիջապես չփոխանցեցի, եւ կինը անընդհատ զանգահարում էր՝ հիշեցնելու համար այդ չարաբաստիկ 200 դրամը, բայց զանգահարում էր աշխատանքային ժամերին, երբ չէի կարող զանգերի պատասխանել: Ամեն դեպքում մի գեղեցիկ օր, մի կողմ դնելով իմ ալարկոտությունը, լիցքավորեցի հեռախոսահամարը, մտածում էի վերջ, այս խնդրից էլ պրծա: Բայց լիցքավորելու հենց հաջորդ օրը հեռախոսիս բաց թողնված զանգերի մեջ գտա նաեւ տիկնոջ հեռախոսահամարը: Այդպես էլ չիմացա՝ ուզում էր շնորհակալություն հայտնե՞լ, թե՞ ուզում էր պահանջել գումարը:

Դա իմ վերջին հեռախոսային արկածն էր, բայց վստահ եմ, դեռ հեռախոսահամարիս շատերը կզանգահարեն ու կհամոզեն, որ Վազգենը կամ Վաղինակն եմ: Իսկ եթե նյարդերս տեղի տան ու հրաժարվեմ այդ համարից, ինձնից ձեզ խորհուրդ՝ այդ համարը չգնեք:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031