Լրահոս
Օրվա լրահոսը

100 համերգ այն երկրներում, որտեղ հայերը սփռվել են Ցեղասպանությունից հետո

Հոկտեմբեր 21,2014 19:24

Հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա անվանի դաշնակահար Տիգրան Համասյանն իր խմբի՝ Սեմ Մինայի (բաս-կիթառ) և Արթուր Հնաթեքի (թմբկահար) հետ:

Օպերայի բեմում սա նրա առաջին մենահամերգն է, որի ընթացքում կհնչեն դաշնակահարի հին ու նոր ջազային գործերը, կլինեն երգեր ինչպես վերջերս թողարկված «Ստվերների թատրոն» ձայնասկավառակից, այնպես էլ 2015-ին թողարկվելիք ձայնասկավառակից. «Կլինեն ստեղծագործություններ, որոնք Հայաստանում չեն հնչել, իսկ հայ հանդիսատեսին արդեն ծանոթ ստեղծագործությունները նորովի կմատուցվեն: Երաժշտությունը, առհասարակ, ապրող երևույթ է, հետևաբար՝ միշտ փոփոխվում է ու զարգանում: Եվ ամեն մի ստեղծագործություն ձայնագրելուց կարճ ժամանակ անց սկսում եմ այլ կերպ կատարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Համասյանը:

Անվանի դաշնակահարն ասում է, որ չի կարողանում իր ձայնասկավառակները լսել. «Ես ինձ միայն ձայնագրման ընթացքում եմ լսում, հետո չեմ կարողանում: Գուցե մեկ-երկու տարի հետո ինչ-որ մի տեղ լսեմ: Բայց ժամանակ առ ժամանակ լսում եմ համերգային կատարումներս, որպեսզի տեսնեմ՝ ինչն է փոխվել, ինչով է այս կատարումս տարբերվում նախորդից, ինչ աճ կա և այլն»:

Տ. Համասյանն ասաց նաև, որ Երևանի պետական կամերային երգչախմբի հետ (գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան) ձայնասկավառակ ձայնագրելու աշխատանքներն արդեն ավարտված են, և այն, հավանաբար, կթողարկվի 2015-ի աշնանը: Նոր ձայնասկավառակը 5-20-րդ դարերի հոգևոր ստեղծագործությունների հավաքածու է, որոնք Տ. Համասյանը մշակել է երգչախմբի և դաշնամուրի համար. «Սա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծրագիր է, և մենք այս խմբով նախատեսում ենք 100 համերգ ունենալ այն երկրներում, որտեղ հայերը սփռվել են Ցեղասպանությունից հետո»,- ասաց դաշնակահարը:

Ի դեպ, 2015-ի հունվարին էլ պատրաստ կլինի Տ. Համասյանի, Սեմ Մինայի և Արթուր Հնաթեքի նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինեն հայկական ժողովրդական երկու ստեղծագործություններ՝ մշակված Տ. Համասյանի կողմից, իսկ մնացած ստեղծագործություններն արդեն հեղինակային են:

Այս տարի լրանում է Կոմիտասի 145-ամյակը, ինչի առթիվ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, իսկ Տ. Համասյանը Կոմիտասին նվիրված համերգ չի նախատեսում: Ինչո՞ւ:

«Ես դեռևս այնպիսի համերգ չեմ ունեցել, որի ծրագրում Կոմիտասի ստեղծագործություններից ընդգրկված չլինեն: Նա միշտ եղել է իմ ծրագրերում: Ես այդ թվերին ուշադրություն չեմ դարձնում: Պարտադիր չէ սպասես, որ հոբելյան լինի, նոր հնչեցնես»,- ասում է նա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031