Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիների նկարագրածը չափազանցությո՞ւն է, թե՞ քաղաքական, բարոյական կամ այլ պատճառ կա

Հոկտեմբեր 22,2014 13:30

«Անաբելի անեծքը» շարունակում է բոյկոտվել կինոթատրոններում

Վերջերս էկրան բարձրացած՝ ռեժիսոր Ջեյմս Վանի «Անաբելի անեծքը» ամերիկյան սարսափ ֆիլմը սարսափեցրեց մարդկանց ու պակաս աղմուկ չբարձրացրեց, ինչպես դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Նինֆոմանուհին» ֆիլմի ժամանակ էր, չնայած այս ֆիլմերն իրարից ժանրերով տարբերվում են:

Հայտնի «Նինֆոմանուհին» որոշ տեղերում նույնիսկ արգելվեց «բաց» տեսարանների պատճառով: Այն չցուցադրվեց նաեւ Հայաստանում, ու բոյկոտը սկսվեց Ֆրանսիայից: «Անաբելի անեծքի» դեպքում էլ՝ Ֆրանսիան առաջինը դարձավ, ֆրանսիական մի շարք կինոթատրոններ չեղյալ հայտարարեցին ֆիլմի ցուցադրումը, հայտնելով, թե կինոդիտման ժամանակ հանդիսատեսի շրջանում ագրեսիայի բռնկումներ են տեղի ունեցել, մարդիկ սկսել են վիրավորանքներ տեղալ այլ մարդկանց հասցեին, ոչ պատշաճ վարք ցուցաբերել։ Ֆրանսիական լրատվամիջոցները նաեւ գրում են, թե ֆիլմն այնքան է ազդել մարդկանց վրա, որ հանդիսատեսը դարձել է անկառավարելի, վնասել կինոթատրոնների գույքը: Նշեմ, որ «Անաբելի անեծքը» Ջեյմս Վանի «Նզովք» թրիլերի պրիկվելն է (ֆիլմ, որի սյուժեն կապված է նախկինում նկարված մեկ այլ ֆիլմի սյուժեի հետ), ու թեեւ Հայաստանում այն դեռ չի ցուցադրվել եւ պարզ չէ, թե ինչպիսին կլինեն ֆիլմի հայկական արձագանքները, այն դիտեցի նաեւ ես: Նշեմ, որ «Անաբելի անեծքը» չշեղեց, անկառավարելի չդարձրեց ինձ ու ոչ ադեկվատ պահվածք չցուցաբերեցի:

Ֆիլմի հիմքում պարզապես սովորական ամերիկյան ընտանիքի պատմություն է, որին ահաբեկում է չար հոգին, եւ որը բուն է դրել խամաճիկ տիկնիկ Անաբելի մեջ:
Չնայած «Անաբելի անեծքը» քաղաքական, բարոյական, էթիկական, գաղափարախոսական եւ այլ պատճառներով տարբեր երկրներում համալրել է արգելված ֆիլմերի ցանկը, Հայաստանի կինոգետները դեռ չեն որակավորել այն:

Անդրադառնալով ֆիլմի դիտումից հետո դրսեւորված վարքին՝ «Առավոտը» զրուցեց հոգեբան Կարինե Հովհաննիսյանի հետ, որի փոխանցմաբ՝ ընդհանրապես ֆիլմերը հանդիսանում են սոցիալական դերերի կլոններ, ազդում դեռ չհասունացած սոցիալական կողմնորոշման տեր դեռահասի պատկերացումների, ներաշխարհի վրա: «Այն, թե ինչպիսի պահվածք է ցուցաբերվում այս կամ այն ֆիլմը դիտելուց հետո՝ պայմանավորված է մարդու ներաշխարհի բովանդակությամբ: Տեսողական տեղեկատվությունը, անկախ իր բովանդակությունից, ազդում է դեռահասների հոգեբանության վրա, բայց ասել, թե մեկ ֆիլմից մի քանի րոպեում կամ հենց դրա ընթացքում այն առաջացրել է ագրեսիա, անկառավարելի դարձրել այն աստիճանի, որ սկսել են միմյանց հայհոյել, անշնորհքություններ թույլ տալ՝ հնարավոր չէ, քանի որ կոնկրետ այդ ֆիլմը չափից դուրս թույլ է նմանատիպ ազդեցություն թողնելու համար:

Թե ինչու են ֆրանսիացիներն այդպես մեկնաբանել ֆիլմի մասին թողած տպավորությունները՝ ինչ գաղափարախոսությամբ կամ ինչ քաղաքական պատճառներից ելնելով՝ չգիտեմ: Նկարագրվածը չափազանցություն է: Իսկ ընդհանրապես, որպես կանոն, դեռահասների մոտ վառ արտահայտված է ընկալունակությունն ու նորի փնտրողականությունը, եւ հանդիսանում է նրանց հետաքրքրությունների դրսեւորման դրդապատճառ: Հարկ է նկատել, որ ֆիլմերը միանշանակ ազդեցություն թողնում են դեռահասների սոցիալականացման վրա, սակայն չպետք է թույլ տալ, որ դրանցում ցուցադրվածը դառնա կրկնօրինակելու առարկա: Ինչ վերաբերում է տարիքային այլ խմբերին, ավելի մեծահասակներին, հոգեպես կայուն մարդկանց, որոնք ունեն կյանքի փորձ, հասուն միտք, պատկերացումներ իրականի ու անիրականի մասին, դժվար թե ինչ-որ ֆիլմ այն աստիճան խաթարի նրանց հոգեկան անդորրը, որ սկսեն ֆրանսիացիների նկարագրածի նման պոռթկալ»,-ավելացրեց Կարինե Հովհաննիսյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Յունարէն Νύμφη (նի՛Մֆի) բառից,,

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031