Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ի ամառը «թեժ» է լինելու, պայքարը՝ «հուժկու»

Հոկտեմբեր 22,2014 17:00

Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն օրերս հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։
«Ոչ իշխանական» ուժերը ցնծության մեջ են: Վստահաբար, Սերժ Սարգսյանի կողմից ժամանակ ձգելու մարտավարությունն առաջիկա՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքում կներկայացվի որպես «ոչ իշխանական» ուժերի կամ համաժողովրդական շարժման հերթական հաղթանակ եւ «ռեժիմի» կողմից կատարված հերթական ճարահատյալ քայլ:

«Իշխանությունը նահանջում է համաժողովրդական նոր ձեւավորված ճնշման շնորհիվ»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով. «Սա ակնհայտ նահանջ է իշխանության կողմից, որովհետեւ իրենք իրենց որոշումը, որը պլանավորել էին, որ պիտի կատարեին հիմա, սրանով հետաձգում են մինչեւ մարտ։ Ակնհայտ է եւս մեկ բան, որ այս հետաձգումը, այս նահանջը կատարվել է համաժողովրդական նոր ձեւավորված ճնշման շնորհիվ»։
Ինչպես հայտնի է, «ոչ իշխանական» ուժերը համարում են, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներով «իր վերարտադրման ծրագիրն» է փորձում իրականացնել, հետեւաբար՝ եթե այս պահին հրաժարվում է այդ գաղափարից` հետաձգելով այն մի քանի ամսով, ուրեմն նահանջում է «ահագնացող համաժողովրդական շարժման ճնշման ներքո»։

Բայց հետաքրքիր է, թե իր ո՞ր քայլից է նահանջել Սերժ Սարգսյանը: Վերհիշենք Սերժ Սարգսյանի՝ այս տարվա ապրիլի 10-ին արված հայտարարությունները:
Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն այդ օրը Սերժ Սարգսյանը նշել էր բառացիորեն հետեւյալը. «Ինչ վերաբերում է պետության կառավարման ձեւին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, եւ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է»: Այնուհետեւ Ս. Սարգսյանը հավելել էր. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ՝ ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»:

Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ սահմանադրական բարեփոխումների կողմնակից է, ավելին՝ հստակ հասկացրել է, որ գործող կիսանախագահական կառավարման մոդելն է իրեն առավել հոգեհարազատ: Հետեւաբար` ի՞նչն է խանգարելու 2015 թվականի մարտ ամսին նրան հայտարարել հետեւյալը. «Ինչպես նշել էի անցյալ տարվա ապրիլի 10-ին, մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է»:

Դեռեւս գարնանը ցույց տալով, որ սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու կողմնակից է` Սերժ Սարգսյանը ի սկզբանե էլ այն հապշտապ ընդունելու նպատակ չէր դրել: Ավելին՝ գործընթացը երկարաձգելը հենց նրա օգտին է, այդ երկարաձգումից շահողը բացառապես Սերժ Սարգսյանն է:
Թե ինչու են «ոչ իշխանական» ուժերը դա սեփական հաղթանակ համարում, մեղմ ասած` անհասկանալի է: Գուցե նրանց ուրախացնում է այն փաստը, որ Սերժ Սարգսյանը նրանց դրդում է ձմեռային անբարենպաստ եղանակի պայմաններում հանրահավաքնե՞ր անցկացնել, ժողովրդի՞ն զբաղեցնել:

Ինչո՞վ են զբաղվելու «ոչ իշխանական» ուժերը մինչեւ մարտ ամիս: Օրինակ՝ առաջիկա հանրահավաքներում Սերժ Սարգսյանի կողմից արված քայլի համատեքստում «ոչ իշխանական» ուժերը դարձյալ բարձրացնելո՞ւ են արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու հարցը։

Արժե հաշվի առնել նաեւ արտաքին քաղաքական գործոնները: Հայաստանը 2015-ից անդամակցելու է Եվրասիական միությանը, եւ մեր երկրին սպասվում է բարդ ճանապարհ Ռուսաստանի գլխին կուտակվող «սեւ ամպերի» պայմաններում: 2015-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, իշխանություններն ակնկալում են մի շարք երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների ու պատվիրակությունների այցեր:

Դատելով 2015-ին սպասվող իրադարձություններից` իշխանությունները բավական բազմազբաղ են լինելու գարնանից սկսած, ինչը չի կարելի պնդել «ոչ իշխանական» ուժերի գործունեության պարագայում: Բայց այսօր արդեն իսկ վստահաբար կարելի է կանխատեսել, որ 2015 թվականի ամառը «թեժ» է լինելու, «ոչ իշխանական» ուժերի պայքարը` «հուժկու»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031