Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեւկոմներ» եւ մերկապարանոց մեղադրանքներ

Հոկտեմբեր 22,2014 10:13

Ճիշտն ասած, ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր ընդդիմադիրները «ժողովրդական դատավճիռներ» են հրապարակում: Եթե կան «ժողովրդական տրիբունալներ», ապա պետք է լինեն նաեւ «ժողովրդական» դատավորներ, դատախազներ եւ դահիճներ, եւ այստեղ սուբյեկտիվ գործոնը բավականին մեծ է՝ ում կախել, ում գլխատել եւ այլն: Եթե պետք է ստեղծվեն «ռեւկոմներ», որոնց իրավասության մեջ մտնում է «ժողովրդական արդարադատություն» իրականացնելը, ապա, վախենամ, նրանք միայն իշխանավորներով չեն սահմանափակվի:

Երբ ոչնչացվում են «թշնամիները», դրանցից հետո «պատժիչ սուրը» փառքով պատյան չի դրվում, հերթը հասնում է նաեւ յուրայիններին՝ սկզբում ոչ այնքան մոտիկ յուրայիններին, հետո ոչ այնքան լոյալ յուրայիններին, հետո էլ ամենամոտիկներին: Հայտնի պատմություն է: Ոչ միայն Ռուսաստանում: Կարդացեք իշխան Պյոտր Կրոպոտկինի աշխատությունը Ֆրանսիական հեղափոխության մասին: Թե Հայաստանում, թե աշխարհում «ժողովրդական տրիբունալների» գաղափարը հնչում է ոչ առաջին, ոչ էլ, վստահ եմ, վերջին անգամ: Ասել, որ այդ ճանապարհով որեւէ տեղ ժողովրդավարություն է հաստատվել, խիստ չափազանցություն կլիներ:

Բայց եթե «հեղափոխական ռոմանտիզմի» դրսեւորումները կարելի է որակել որպես մեր երիտասարդ պետականության հասունացման հիվանդության անխուսափելի դրսեւորում, ապա իշխանության ձգտումը՝ ամեն ինչ բացատրել արտաքին թշնամու դավերով, «քյարթու» (ուրիշ բառ չեմ գտնում) խորհրդային սովորություն է: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիր ելույթներից սկզբում՝ Արեւմուտքի փողերի, իսկ հիմա արդեն՝ Ադրբեջանի նավթադոլարների հոտ է առնում:

Նման մերկապարանոց մեղադրանքները 20 տարի է՝ կրկնվում են իշխանության կողմից՝ դուք մեր մասին վատ բան մի ասեք, դրանով դուք ջուր եք լցնում թշնամու ջրաղացին: ՀՀԿ պատգամավորը ավելի հեռուն է գնացել ու մեղադրել թշնամու կողմից կաշառված լինելու մեջ: Ճիշտ է, զգուշություն է ցուցաբերել եւ ոչ մի անուն չի արտասանել, թե չէ՝ դա իսկական զրպարտություն էր, որի համար լավ կլիներ՝ տուգանք վճարեր: Հո միայն ԶԼՄ-ներին չպիտի տուգանեն զրպարտությունների եւ վիրավորանքների համար:

Ընդդիմախոսի մեջ տեսնել թշնամի՝ վատ է: Նրա մեջ տեսնել քո պետության հակառակորդի վճարովի գործակալին՝ պարզապես ահավոր է: Խնդիրը ոչ միայն այն է, որ դա փաստարկ չէ բանավեճում, այլեւ այն, որ նման մոտեցումներն ընդհանրապես ստեղծում են կասկածամտության, եթե չասեմ՝ պարանոյայի մթնոլորտ: Կարելի է տրամագծորեն հակառակ կարծիքներ ունենալ բոլոր հարցերում, բայց վստահ լինել, որ այդպես է մտածում հենց քո ընդդիմախոսը, ոչ թե նա «proxy» է եւ հնչեցնում է ուրիշի կարծիքը:

Իհարկե, հանուն արդարության պետք է նաեւ ասեմ, որ խորհրդարանի նիստերին հետեւում են հիմնականում լրագրողներն ու եւս մի քանի հարյուր քաղաքականացված մարդիկ, որոնք շահագրգռված են «դիմակայության» այս կամ այն ելքով: Մնացած բնակչությունը բանավեճին առանձնապես չի հետեւում: Գուցե՝ նաեւ այդ բանավեճի ցածր մակարդակի պատճառով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Մտքովս անցավ մի այսպիաի քաղաքական գովազդ…
    -Ձեզ առանձնապես դուր չի գալիս ժողովրդական տրիբունալը??? ուրեմն մենք գալիս ենք Ձեզ մոտ…))))
    Զգույշ եղեք, Արամ ջան…

  2. Վալոդ says:

    Արամ Աբրահամյանի ու Հրանտ Պապիկյանի գրառումները կարդալիս պատկերացնում եմ հետևյալ տեսարանը:

    Մի նվաստացված ու ստորացված մարդ՝ ստրուկ, ծանր բեռը մեջքին կապած, ոտքերը հազիվ քարշ է տալիս: Թե ուր է գնում, հայտնի չի: Երբ մի պահ թուլանում է ու փորձում շունչ քաշել, ետևից քայլող ստրկատերը ոտքով ու արմունկներով սկսում է ուժգին հարվածել ստրուկի դեմքին, որովայնին: Կարծես նույնիսկ հաճույք է ստանում: Հենց այդ պահին մեջ է ընկնում անկողմնակալ դիտորդը ու սկսում է ստրուկի գլխին օրինապաշտության ու խաղաղասիրության քարոզ կարդալ: Նույնիսկ ամոթանք է տալիս ստուկին, որ մտքով հանկարծ վատ բաներ չանցնեն: Անկողմնակալ դիտորդը նաև մի թեթևակի նախատում է ստրկատերին, բայց միայն իր օբյեկտիվության վարկանիշը բարձր պահելու համար …

    • Հրանտ Պապիկյան says:

      Կարծում եմ Դուք ուշ երեկոյան սնվելու սովորույթ ունեք: Բժիշկներն ասում են, որ վատ երազներ տեսնելը հիմնականում դրանով է պայմանավորված և մաքուր օդին քիչ գտնվելուց:

  3. Hayk says:

    Վ Բաղդասարյանը 100% ճշմարտություն է ասել: Ուրիշ բան, որ էդ դավաճանները միշտ էլ մի խղճուկ խումբ են եղել ցանկացած երկրում, ու ժողովուրդը շատ շուտ գլխի է ընկել , դուրս է վանել դրանց: Մեր դեպքում էլ նույնն է լինելու, համբերեք:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, կարծում եմ ճիշտ ժամանակն է որ մի ապագա խմբագրականով իմ նմանների համար լուսաբանեք, ինչպես մեր ԱԺ պատգամորները…Ռաֆաել Ղազարյանի նման մտավորկաններից «էվոյուցիա» ապրեցին մինչեվ այսօրվա Վարդան Այվազյանների, Շմայսների…
    Ինչպես եղավ որ Լեվոն Տեր Պետրոսյանը պատմաբան լինելով չփորձեց պետական կառավարման հիմնական ճյուղերը . Գործադիր, Օրենսդիր եվ Գերագույն դատարանը իրարից անկախ եվ իրար հետ մրցող ստեղծարար ուժերի վերածել, չէ որ իրեն մասնագիտությունը պիտի շատ օրինակներ իրեն տված լիներ…ինչպես եղավ որ որոշ ՀՀՇ ական նախրարներ իշխանիկների վերածվեցին որը հետեվանք դարձավ Հոկտեմբերի 28 ին…Կարծում եմ առանց անցյալը հասկանալու դժվար կլինի ձերբազատվել ներկայի ու ապագայի սխալներից…
    Կուզեի նայեվ դիմել Արսենին (Փարիզից), եթե դեռ կարդում է…որ վերադառնաս էս մեկնաբանությունների բաժինը…թերեվս երբեմն մեր անտեղի «սկզբունքանությունը» սխալ հասցեատիրոջ է գտնում ի դեմս «Առավոտի» հարգելի խմբագրի…ես որպես ավագ «հայրենադավ» դիմում եմ քեզ որ չմերժես խնդրանքս…գիտեմ որ չնայած քո հակաՀայաստանյան կեցվածքի, Դու էլ մտահոգ ես մեր երկրի քաղաքական եվ իրավական իրավիճակով…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031