Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ֆիզիկական բացակայությունը լրացվում է հոգևոր ներկայությամբ

Հոկտեմբեր 22,2014 21:55

Այսօր Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցավ ՀԳՄ նախկին նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին նրա ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, բարեկամները…

«Ես իմ հոր ներկայությունն ամենուր եմ զգում և ամեն օր փորձում եմ իմ աշխատանքում, ստեղծագործական գործունեության մեջ հետևել նրա թողած պատգամներին: Նա ինձ համար ոչ միայն հայր էր, այլև ընկեր, խորհրդատու, մի մեծ տիեզերք: Միշտ դժվար է խոսել հոր մասին, այն մարդու, որը քեզ արժեքներ է փոխանցել, սեր է սերմանել դեպի գեղեցիկը, գրականությունը, հայրենասիրությունը: Եվ, միևնույն ժամանակ, շատ հեշտ է, որովհետև ֆիզիկական բացակայությունը լրացվում է հոգևոր ներկայությամբ: Նրանից հետո պետք է ապրել, որովհետև իր սերը դեպի կյանքը և ծրագրերն ավարտին հասցնելու, ավարտուն տեսնելու, ամեն ինչ դեպի կատարելությունը տանելու պատգամն ավելի շատ ապրեցնում է: Կյանքն է ամեն ինչի պատասխանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Անանյանի որդին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ նշելով նաև, որ նախատեսում են հրատարակել Լ. Անանյանի երկերի ամբողջական անթոլոգիան. «Նրա ստեղծագործական ողջ ժառանգությունը կդրվի ընթերցողի սեղանին»,- ասաց Ա. Անանյանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր խոսքում կարևորեց մարդուն գնահատելու կարողությունը. «Թեև Լևոնն այն մարդկանցից էր, որոնք չեն մտածում գնահատվել-չգնահատվելու մասին, բայց գնահատել կարողանալը կարևոր բան է,- ընդգծեց նա,- եթե անգամ կենդանության օրոք դժվարանում ենք որևէ լավ բան ասել, գոնե նրա հեռանալուց հետո պիտի կարողանանք ասել՝ ով ինչ է արել: Օրինակ՝ այնքան տոներ, միջոցառումներ կային, որոնք մենք նշում էինք 70-80-ականներին (Թարգմանչաց տոնը, Մանկական գրքի շաբաթը, զանազան հանդիպում-քննարկումներ, գրողների հիշատակի օրեր, միջազգային փառատոներ և այլն): Դրանք մի տեսակ «խամրել» էին 90-ականներին և «արթնացան» Լևոն Անանյանի օրոք»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Ի դեպ, հուշ-երեկոյի ընթացքում ամփոփվեցին նաև Լևոն Անանյանի հիշատակին նվիրված՝ երիտասարդ գրողների (մինչև 35 տարեկան) ստեղծագործությունների մրցույթի արդյունքները:

Երիտասարդ վեց գրողներ դրամական մրցանակների արժանացան մրցույթի հովանավոր բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկյանի կողմից:

«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակը Արամ Մամիկոնյանինն էր, երկրորդը՝ Լուսինե Եղյանինը, իսկ երրորդ մրցանակն ստացավ Հարություն Հովակիմյանը:

«Արձակ» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արթուր Միկոյանը, երկրորդին՝ Նորայր Սարգսյանը, իսկ երրորդին՝ Լիլիթ Կարապետյանը:

«Լևոնը շատ էր մտահոգվում երիտասարդ գրողների համար, և երբ նա հեռացավ կյանքից, ես որոշեցի թեկուզ այսպիսի մի մրցանակաբաշխությամբ քաջալերել երիտասարդ գրողներին»,- ասաց Նաթելլա Լալաբեկյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Միկոյան says:

    Կներեք բայց իմ ազգանունը Նիկոյան չի Միկոյան է.-Արթուր Միկոյան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031