Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղն Արտեմ Ասատրյանը ո՞ր մուտքից դուրս կգա

Հոկտեմբեր 22,2014 22:30

Մայրության նպաստ. այս նոր ձեւակերպումն առաջին հայացքից մարդասիրական է թվում, ու անուն մտածողները հավանաբար հաշվարկել են, այն գեղեցիկ է հնչում, մարդկանց սրտին կկպնի, բայց արդյոք հաշվարկե՞լ են մայրության նպաստից բխող խնդիրները:

Մայրության նպաստի նախագծով կառավարությունն  առաջարկում է աշխատող հղիների աշխատավարձերի ներկայումս 100%-ի չափով տրամադրվող նպաստը կրճատել, դարձնել՝ 80%, նույն մայրության նպաստով էլ չաշխատող հղիներին տրամադրել 275 հազար դրամ:

Օրերս մասնակցել եմ սեմինարի, որի ընթացքում ներկայացվում էր հենց այս նախագիծը. բավականին տպավորիչ էր, երբ նախագիծը ներկայացնող պաշտոնյան ասաց, որ, ա’յ տեսեք. մենք չաշխատող հղիներին փորձում ենք օգնել, նրանք մեր հոգածության կարիքն ունեն: Իհարկե, սա բարիկամեցողություն է կառավարության կողմից,  բայց երբ պատճառաբանվեց, որ բյուջեն սուղ է, եւ անհրաժեշտ է աշխատող հղիների նպաստը կրճատել, քանի որ 2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ դրամ, բարիկամեցողության տակ վատ բան ընկալվեց:

Տրամաբանական հարց ծագեց` ինչո՞ւ է կառավարությունը աշխատող հղիների հաշվին լավություն անում չաշխատողներին, պատասխանը հետեւյալն էր` նրանց հաշվին չէ, որպեսզի չաշխատող հղիներին նպաստ տրվի, լրացուցիչ գումարներ են հարկավոր: Իսկ թե որտեղի՞ց այդ լրացուցիչ գումարները պիտի հայթայթեն, նախագծի հեղինակներն էլ չգիտեն:

Ես ոչ ֆինանսիտ եմ, ոչ էլ պետական աշխատող, բայց որպես սրտացավ քաղաքացի եւ հղիներին հարգող անձ, միամտորեն առաջարկեցի` գուցե իսկապես կառավարությունով մեկ լծվեք ստվերի կրճատմանն ու լրացուցիչ գումարները ջրի պես կհոսեն բյուջե, աշխատող հղիներին էլ չնեղացնեք: Հարցիս, ըստ էության, պատասխան չհնչեց, հարցը քաղաքական էր, եւ միջին օղակի պաշտոնյան նման հարցի չէր կարող պատասխանել:

Այդ սեմինարի ընթացքում լրագրողներով փորձում էինք հասկանալ, գլուխ կոտրել, թե ի՞նչ լուծում կարելի է գտնել, որպեսզի մայրություն կոչվող նպաստից ոչ մի տուժող մայր չլինի: Մեր որոշ առաջարկությունները նախագիծը ներկայացնողները գրի առան, թե հետո ինչ կանեն` կնստեն կկարդան ու կծիծաղե՞ն, թե իրոք հաշվի կառնեն, չգիտեմ:

Նախագծի կետերից մեկը նախատեսում է բարձր աշխատավարձ ստացող հղիների նպաստն, ի տարբերություն ցածր ստացողների, ավելի շատ կրճատել:

Հարցիս` ինչո՞ւ է նման բան անցել նրանց մտքով, բանախոսը պատասխանեց` «Դե բարձր աշխատավարձ ստացողները, ոնց էլ չլինի, մի քիչ փող հետ գցած կլինեն, երեխայի ծնունդին պատրաստվում են»: Ես ապշեցի նման պատճառաբանությունից, անկեղծ, չէի սպասում, այսպես երեւի միայն հայ տղամարդիկ կարող են մտածել: Բայց չէ՞ որ դա խտրականություն է, չէ՞ որ բարձր աշխատավարձի հասնելու համար այդ կինը կարող է երկար տարիներ ուսում է ստացել, գումար է ներդրել իր կրթության համար, ի վերջո բարձր աշխատավարձով այդ կանայք համարժեք ծախսեր են անում, այսինքն, մի բան ավելի են առնում, գուցե հիփոթեք են գրվում, ի վերջո երիտասարդ ընտանիքների համար հազար ու մի ծախս կա: Իմ այս դիտարկմանը բանախոսն, էլի ըստ էության չպատասխանեց, անդրդվելի էր` բարձր եկամուտ ունեցողը «զապաս» փող կունենա (մառազմ):

Անկեղծ եմ ասում, լրագրողներով մեծ ջանքեր թափեցինք՝ ի պաշտպանություն աշխատող հղիների, լրացուցիչ գումարների տարբեր աղբյուրներ մատնացույց արեցինք: Իմ դիտարկմանը, որքանո՞վ է արդար, երբ բյուջեի սղության դեպքում սոցիալական ծախսեր եք կրճատում, նույն ժամանակաշրջանում միլիոնների են հասցնում ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, ու դատավորների աշխատավարձերը: Պատասխանն իսկական ՀՀԿ-ականի էր` այո, նախագահի աշխատավարձը պիտի բարձր լինի, այո, վարչապետի ու դատավորի աշխատավարձը պիտի բարձր լինի, ու մնացած իմ նշած պաշտոնյանների աշխատավարձը` նույնպես: Հետո պարզեցի, որ այս պաշտոնյան դաշնակցական է:

Իսկ երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեցի` մտավախություն չունի՞, որ այս նախագիծը պարտադիր կուտակայինի ճակատագրին կարժանանա, եւ բողոքի ակցիաներ կլինեն, նախարարը կարծես թե ոչ մի մտահոգություն էլ չուներ: Իրեն ասել էին` սոցիալական ծախսերը պետք է արդյունավետ լինեն, ինքն էլ գնացել է այդ ճանապարհով: Պարոն Ասատրյանն իմ հարցին ի պատասխան, վստահություն հայտնեց, որ հասարակության մեծ մասը դրական կարձագանքի, քանի որ չաշխատող հղիներին էլ նպաստ են տալու, ու չբացառեց, որ մի քանիսն էլ դժգոհ կլինեն նախագծից:

Նախարարն երեւի չէր սպասում որ հղի կինը, (կներեք արտահայտությանս համար սիրելի հղիներ) փորիկը ցցած կգնա ու կառավարության շենքի մոտ ցույց կանի:

Ահավասիկ, վաղը կեսօրին` ժամը 12.30-ին բազմաթիվ աշխատող հղիներ կտեսնեք կառավարության շենքի մոտ, պարոն նախարար, ես սպասում եմ, ինչպես միշտ կվարվեք` ոչ թե ետնամուտիքց դուրս կգաք, հենց նիստն ավարտվի, այլ` գլխավոր մուտքով:

Նախագծից դժգոհ հղիներն անգամ աշխատանքը չեն բոյկոտում, նրանք իրենց ընդմիջման ժամին են գալու կառավարության շենքի մոտ:

Երանի մի օր կառավարության շենքի ետնամուտքը բետոնապատվի ու հավերժ փակվի:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031