Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացին, որ փրկվեն, մնային՝ ի՞նչ անեին»

Հոկտեմբեր 23,2014 14:00

Բալետի պրեմիեր պարողն ու հրավիրյալ բալետմայստերը՝
օպերային թատրոնից մասսայաբար հեռացողների մասին

Թվում էր՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հրաժարականից հետո (շուրջ 6 ամիս առաջ), Վիլեն Գալստյանի գալուստով, բալետի հարցերը կլուծվեն, մանավանդ՝ բալետմայստերների փոփոխությունը համընկավ նոր տնօրենի եւ նրա թիմի ձեւավորման հետ: Մինչդեռ ստացվեց հակառակը՝ ընթացիկ թատերաշրջանը սկսվեց միանգամից 6 մենապարողների հեռանալով: Թատրոնից հեռացան Ահարոն Պետրոսյանը, Արթուր Բարանովը, Հայկ Քյուրքչյանը, Արթուր Գեւորգյանը, Էդուարդ Սարգսյանը եւ Ինգա Դեմետրյանը. նրանք աշխատանք են գտել Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Իհարկե, սա խոսում է մեր պարարվեստի պետական քոլեջի բարձր վարկանիշի մասին: Վաղուց արդեն արեւմտյան առաջնակարգ թատրոնների եւ բալետային խմբերի կազմում են հայաստանցի շուրջ 40 պարողներ:

Մինչ մեկնելն «Առավոտը» հանդիպել էր վերոնշյալ արտիստների հետ: Նրանք իրենց հեռանալը Հայաստանից արդարացնում էին մեր թատրոնի աղքատ բալետային խաղացանկով, ոչ հաճախ կազմակերպվող հյուրախաղերով եւ ամռանը «բարձրացված» աշխատավարձով: Մեր զրուցակիցների խոսքերով՝ իրենց մասնագիտական գործունեությունը երկար կյանք չունի եւ չեն պատրաստվում այն անցկացնել Երեւանի թատրոնում՝ համարյա պարապուրդի մատնված: Փաստեցին, որ վերջին բալետային պրեմիերայից՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ից (խորեոգրաֆ՝ Ռ. Խառատյան) անցել է 3 տարի, հիմա էլ թեեւ Վիլեն Գալստյանը պատրաստվում է բեմ բարձրացնել Խաչատրյանի «Դիմակահանդեսը», սակայն իրենք վստահ են, որ գոնե այս թատերաշրջանում դա չի կայանա: Իսկ թե ինչո՞ւ՝ մեր զրուցակիցները օրինակ բերեցին արդեն տարիներ շարունակ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձգձգումը՝ կապված ֆինանսական խնդիրների հետ:

Ահարոն Պետրոսյանը գտնում է, որ օպերային կամ բալետային ներկայացումներ իրականացնելու համար պետք չէ փնտրել աստղաբաշխական գումարներ: Ճիշտ է, օրինակ՝ «Աիդայի» եւ «Սպարտակի» դեպքում դրանք գտնվեցին, բայց այսօր ներկայացումներն անցնում են կիսադատարկ դահլիճում: Արթուր Բարանովն էլ ասաց, որ եթե պետությունը տարեկան շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրում օպերային թատրոնին՝ աշխատավարձերի եւ շենքի սպասարկման համար, ապա տնօրենը կարող է այդ գումարից տնտեսել՝ «Կարմենը» ոչ թե 40, այլ գոնե 20 մլն դրամով բեմադրել: Ինգա Դեմետրյանն էլ հիշելով քոլեջի իր դասատուներին՝ ասաց, որ նրանք հիացմունքով էին պատմում, թե 1960-ականներին քոլեջի սաների ուժերով ի՜նչ մանկական ներկայացում է բեմադրել Նորայր Մեհրաբյանը: Դա Սակիլարիի «Չոփչոփիկ» բալետն էր: Եվ որ ամենակարեւորն է՝ այս բալետը խաղացվում էր շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ եկամուտը ծախսվում էր քոլեջի խնդիրները լուծելու նպատակով:

Արթուր Գեւորգյանն էլ համոզված է, որ պրեմիերաներ կարելի է իրականացնել պետությունից գումար չստանալով, ճիշտ տնօրինելով դահլիճը տարբեր միջոցառումների համար տրամադրելուց եկած վարձավճարները:

Մեր զրուցակիցները նշեցին նաեւ վերջերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն հյուրախաղերի մեկնելը, երբ բալետային խումբը ստիպված էր Մոսկվայի օդանավակայանում սպասել 5 ժամ, այն դեպքում, երբ թատրոնի ղեկավարները ուղիղ չվերթով են մեկնել:

«Առավոտը» բալետի արտիստների հեռանալու առիթով մեկնաբանություն խնդրեց որոշ մասնագետներից: Ռուդոլֆ Խառատյանը, որն այսօր թատրոնում է իբրեւ հրավիրյալ խորեոգրաֆ, հայտնեց. «Մնային՝ ի՞նչ անեին: Տեսեք՝ ամիսը քանի ներկայացում է գնում, քանի ժամ են նրանք աշխատում: Պետք է գնային, որ փրկվեին…»: Ռեպլիկին՝ ստացվում է՝ Վիլեն Գալստյանը ոչինչ չի՞ անում, պարոն Խառատյանը պատասխանեց. «Եթե Վիլիկը մի բան կարողանար անել, վերջին 40 տարում կիրականացներ իր ծրագրերը, իսկ ես հասել էի նրան, որ բալետի արտիստներն աշխատում էին մինչեւ երեկոյան 5-6-ը, ուզում էի նրանց հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Մարդիկ չուզեցին, հետո հավաքվեցին ու գնացին բողոքեցին…»: Հրավիրյալ խորեոգրաֆը ի՞նչ է պատրաստվում բեմադրել թատրոնում, պարոն Խառատյանը պատասխանեց. «Վերջերս մշակույթի նախարարի օգնությամբ նախագիծս հասել է ՀՀ նախագահին եւ հավանության արժանացել: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով բեմադրելու եմ «Զույգ արեգակներ» բալետային ներկայացումը: Սա միջազգաիյն նախագիծ է, որում մրցույթով կընդգրկվեն ինչպես արտերկրի, այնպես էլ մեր թատրոնի արտիստները»:

Պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանի փոխանցմամբ՝ իր կոլեգաների հեռանալու պատճառը կապված է 3 գործոնի հետ. աղքատ խաղացանկի, «բարձրացված» աշխատավարձի եւ հյուրախաղերի: Արտիստի ձեւակերպմամբ՝ 2-3 տարվա ընթացքում մեկ հյուրախաղ ունենալը հավասարազոր է չունենալուն:

Մեզ հետ զրույցում պարարվեստի քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը նշեց, որ ինքն ու իր ուսուցչական կազմը արտիստների հեռանալու առիթով ցավ են ապրում. «Մեծ ցավ է ապրում նաեւ Վիլեն Գալստյանը»:

Երեկ ողջ օրվա ընթացքում չկարողացանք կապվել թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա եւ օպերային թատրոնի տնօրենի տեսակետները՝ նույնպես:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` ՀՀ-ից հեռացած պրիմա Ժակլին Սարխոշյանն ու գործող պրեմիեր Ռուբեն Մուրադյանը:

«Առավոտ» օրաթերթ
22.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031