Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ տարիքով մարդը շատ է մտնում զուգարան, դա ի՞նչ ասելու բան է, այ քեզ բան»

Հոկտեմբեր 23,2014 16:00

Անահիտ Բախշյանը՝ ԱԺ զուգարանների մոտ տեղադրված տեսախցիկների
եւ դժգոհ աշխատակիցների մասին

«Վա՜յ, ո՞նց կարող են տեսախցիկներ տեղադրել ԱԺ-ի զուգարանների մոտ: Մեր ժամանակ չկար այդպիսի բան, ուրեմն վախենում են ինչ-որ ահաբեկչությունից»,- այսպես եղավ «Ժառանգության» վարչության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի արձագանքը այն հայտարարությանը, որ ԱԺ զուգարանների մոտ տեսախցիկներ են տեղադրված, եւ ԱԺ աշխատակիցները դժգոհում են, որ վախենում են իրենց բնական պահանջները բավարարել: Նման հայտարարություն արել էր ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ասելով, որ «յուրաքանչյուր տուալետի դիմաց դրված է տեսանկարահանող սարք: Տպավորություն է ստեղծվում, որ դա հատուկ նշանակության կարծես թե ռազմական օբյեկտ է: Օրեր առաջ ինձ է մոտեցել ԱԺ աշխատակիցներից մի կին, ասում է՝ պարոն Մարգարյան, խնդրում եմ, փրկեք մեզ այս վիճակից: Ասում եմ՝ ի՞նչ է պատահել: Դե, ասում է՝ մրսել եմ, հիվանդացել եմ, մի քանի օր է, մարդ ես, բնական պահանջ է, տուալետ հաճախակի էի մտնում-ելնում, ասում է՝ չգիտեմ ով է նստած հաշվառել, դրանից երկու օր անց կանչել է իմ ղեկավարը եւ ասում է՝ լսիր, դուք եկել եք այստեղ այդ օբյեկտից շուտ-շուտ օգտվելո՞ւ, թե՞ աշխատելու համար: Ասում է` ի՞նչ անեմ, կարո՞ղ է ինձ աշխատանքից ազատեն»:

Ըստ Անահիտ Բախշյանի՝ «Ընդհանրապես էթիկայից դուրս է եւ կոպիտ խախտում աշխատակիցներին կանչել ու ասել, որ շատ է մտել զուգարան: Մի քիչ տարիքով մարդը մի քիչ շատ է մտնում զուգարան, դա ի՞նչ ասելու բան է, այ քեզ բան: Դա շատ տգեղ երեւույթ է: Բայց այն, որ ԱԺ-ն պետք է պատշաճ վերահսկվի՝ դա ընդունում եմ: Ի՞նչ եղավ հոկտեմբերի 27-ին՝ 8 հոգու սպանեցին: Այդ փորձը, նախադեպը եղել է արդեն, ու ԱԺ-ն պետք է պաշտպանված լինի»:

Քաղաքական մեծամասնության որոշ պատգամավորներ առանձին զուգարաններ ունեն եւ իրենց կաբինետներին կցված հատուկ զուգարաններից են օգտվում: Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ «Դա ավելորդ մի միջոց է՝ ցույց տալու, որ իրենք տարբերվում են, իրենք շեֆ են, այդպես շեֆ են իրենց զգում եւ անպատժելի»:

Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ի նոր շենքի բացմանը հայտարարել էր, թե «օրենքի առաջ բոլորը հավասար են»: Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «Ես զարմանում եմ, էլի, այդ խոսքերը ասում է, ինքը չգիտի՞ մեր իրականությունը: Կարո՞ղ է տեղյակ չի՝ ոնց են օրենքն աշխատեցնում, ոնց են Շանթ Հարությունյանին ազատազրկում, իսկ Սուրիկ Խաչատրյանին վերականգնում իր պաշտոնում եւ մեղադրանք չեն առաջադրում: Սերժ Սարգսյա՛ն, դուք ասում եք մի բան, բայց ձեր ասած խոսքերից իրականությունը 180 աստիճանով տարբեր է»,- ասաց տիկին Բախշյանը:

Zaruhi_Postanjyan

«Առավոտի» հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ի զուգարանների մոտ տեղադրված տեսախցիկների առնչությամբ ասաց, որ իր համար անընդունելի է վերծանել այդ տեսախցիկների ժապավենները եւ նկատողություն անել աշխատակիցներին, թե ով քանի անգամ է հաճախել:

Ըստ տիկին Փոստանջյանի՝ «Ժամանակակից աշխարհում տեսախցիկները եւ տեսանկարահանող սարքերը չեմ կարծում, որ պետք է գաղտնի լինեն, որ կարողանան աշխատել: Եթե դիտարկենք ԱԺ զուգարանը հանրային վայր, հանրային վայրերում նման տեսախցիկներ տեղադրելու դեպքում նախ պետք է ցույց տան քարտեր, որը դրա բաղկացուցիչ մասն է՝ այստեղ տեսանկարահանումներ են արվում, դուք գտնվում եք տեսանկարահանման ներքո: Մարդը պետք է իմանա, որ ինքը հանրային վայրում է, եւ այդ վայրը տեսանկարահանվում է: Տեսախցիկների իմաստն այն է, որ ԱԺ-ի տարածքը բոլոր կողմերից վերահսկվի, եւ նկարահանվեն հանրային տարածքը, միջանցքները: Ես դրան կողմնակից եմ: Բայց որ հետո ժապավենն օգտագործում են որպես գործիք՝ վերահսկելու, թե որ աշխատակիցը քանի անգամ է օգտվել զուգարանից, դա անթույլատրելի է եւ մարդու իրավունքների խախտում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031