Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիր-հայեցակարգ

Հոկտեմբեր 23,2014 17:00
Albert bagdasaryan

Մինչ այժմ ՖԲ-ում եւ հանրային այլ հարթակներում իմ մեկնաբանություններով ու ստատուսներով հետապնդել եմ մի նպատակ.
ՖԲ հանրության առաջ պարզ դարձնել իմ մտածելակերպը, շահագրգռությունները, կողմնորոշիչներն ու դավանած արժեքները: Յուրաքանչյուր կոնկրետ իրադարձության ժամանակ (Քեսաբ, Մաքսային միություն, Եվրասիական միություն, ռուս-ուկրաինական հարաբերություններ եւն) իմ արձագանքներն այդ ամենի փաստական դրսեւորումներն են (կարող եք ծանոթանալ իմ ՖԲ էջում):

Եվ հիմա՝ հոկտեմբերի 24-ի հերթական ու «վճռորոշ» հանրահավաքից առաջ, կրկնում եմ 1996-ից (ժողովրդի կողմից իշխանափոխության առաջին անհաջող փորձից հետո) ձեւավորված առաջարկներս՝ որպես ուղերձ-առաջարկ հանրահավաքի կազմակերպիչներին:

Այս առաջարկն ընդհանուր գծերով ընդունել ու առաջին անգամ հրապարակել է 2002-ին նախագահի թեկնածու Վ. Մանուկյանը՝ որպես նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մաս:
Այդ առաջարկների մի մասը ոմանց կողմից վերջապես ընկալվել ու ընդունվել է, մի մասի ժամանակն էլ ըստ երեւույթին դեռ չի հասունացել:

Այն է.
1. Իշխանության փոփոխությունից հետո (հերթական ընտրություններով կամ ֆորս-մաժորային) հիմնական դերակատար ուժերը կազմավորում են լայն ընդգրկումով կոալիցիոն ժամանակավոր կառավարություն՝ մեկ տարով:

2. Երեք ամսում նոր՝ տարաբաժանված, հակակշիռներով ու իշխանության մարմինների համակարգային պատասխանատվությունն ապահովող Սահմանադրության մշակում, ժողովրդավարական մեթոդներով, ազատ հանրաքվեով ընդունում (ընդունման ձեւերն առաջարկում եմ, քննարկելի են): Եվ բնավ կարեւոր չէ՝ ինչ անուն կդնեն այդ Սահմանադրությանը՝ նախագահական, կիսա, թե խորհրդարանական:

Ցանկացած համակարգում կարեւորը հակակշիռների, զսպումների ու համակարգային պատասխանատվության գործուն մեխանիզմների առկայությունն է:

3. Զուգահեռ ընդունվում են նոր օրենքներ ընտրությունների մասին, կուսակցությունների մասին: Կատարվում են փոփոխություններ քր.օրենսգրքում ընտրակեղծարարության մասով՝ այն ներառելով ծանր հանցագործությունների դասին, իսկ ընտրակեղծիքների ծրագրումն ու համակարգումը՝ պետական դավաճանություն:

4. Հաջորդ երեք ամսում փուլային եղանակով, մեծ, խնդրահարույց համայնքներից սկսելով (օր.՝ Գորիս, Գյումրի, Վանաձոր…) իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընտրակեղծարարների ցուցադրական խստագույն պատիժ՝ ըստ նոր օրենքների:

5. Հաջորդ երեք ամսում նոր Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր իշխանության համապետական ընտրությունների նախապատրաստում եւ անցկացում:

Ընտրակեղծարարների ցուցադրական խստագույն պատիժ՝ ըստ նոր օրենքների:

6. Հաջորդ երեք ամսում նոր Սահմանադրությամբ նախատեսված գործադիր մարմնի ղեկավարի՝ նախագահի կամ վարչապետի ընտրության նախապատրաստում ու անցկացում:

Ընտրակեղծարարների ցուցադրական խստագույն պատիժ՝ ըստ նոր օրենքների:

Ժամանակավոր կառավարության լիազորությունների ինքնակամ դադարեցում, իշխանության լեգիտիմ փոխանցում:

Եղավ ուղիղ մեկ տարի:

Ընդ որում, ժամանակավոր կառավարության ղեկավարը ինքնակամ, հենց սկզբից, ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ԵՐԲԵՎԷ ՈՐԵՎԷ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՁԱՄԲ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ դառնալով այս ծրագրի իրականացման անձնավորված երաշխավոր: Որպես փոխհատուցում՝ հրաժարականից հետո նրա համար օրենքներով նախատեսել, օրինակ, Սահմանադրական դատարանի ցմահ նախագահի ու (կամ) այլ պատվավոր ու առարկայական լիազորություններ:

Այդ ընթացքում կոնսենսուսով ընդունվում են նաեւ տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող օրենքներ (հակամենաշնորհային, հանքարդյունաբերության, տնտեսության որոշ ճյուղերի ազգայնացման, նախորդ իշխանությունների պատասխանատվության եւն):

Այս ծրագիրն առաջարկել եմ 1996-ից սկսած: Այն համալիր, պարզ ծրագիր է, որն իր մեջ պարունակում է տարբեր ուժերի համակիրների համախմբման, նաեւ հարթակային ուժերի նկատմամբ ժողովրդի կորցրած հավատը վերականգնելու, Հայաստանում բոլորի համար հավասար քաղաքական ու տնտեսական մեկնարկային պայմաններ ապահովելու, ինքնիշխանությունը վերականգնելու հնարավորության մեծ լիցք, եւ որի ընդունումն ու իրականացումը գործիչներից պահանջում է խորիմաստություն, քաղաքական կամք ու Հայաստանի ապագայով անկեղծ մտահոգություն:

Այս ծրագրի ընդունումով կամ համարժեք ալտերնատիվ ծրագրի առաջարկումով միայն այսօրվա կամ վաղվա հարթակը ցույց կտա՝ կա՞ քաղաքական կամք Հայաստանը այս վիճակից հանելու, թե՞ մնացել ենք պետությունից չհասկացող, «այս իշխանությունները հանցագործ են ու խաբեբա, իսկ մենք, հորս արեւ, ազնիվ ենք, անկաշառ, հայրենասեր ու հրեշտակ» զոմբիացնող լոլոների մակարդակին:

Հարգանքներով՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյան

Հ.Գ. Բոլոր նրանց, ում համոզեցին այս առաջարկները՝ իրենց իմաստային ողջ խորությամբ, եւ հատկապես այն ընկերներին, որոնք ուզում ու պնդում են, որ կարող են «թելադրել հարթակին», առաջարկում եմ այս ուղերձ-առաջարկը տարածել, հասցնել «հարթակին» ու սպասել արձագանքին:

«Առավոտ» օրաթերթ
22.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031