Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պատգամավորների գրությանը օգոստոսից չի պատասխանել

Հոկտեմբեր 23,2014 13:07

«Սահմանամերձ գյուղերում պետք է ոչ միայն հարկային արտոնություններ տալ, այլ կոնկրետ սոցիալ-տնտեսական աջակցության սխեմաներ կիրառել: Օգոստոսին, երբ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այցելել էին այդ բնակավայրեր, խնդիրները ձեւակերպել էին եւ գրությամբ ուղարկել նաեւ կառավարություն: Այսօր դրանց վերաբերյալ դեռեւս չկա պատասխան»,- այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացրած Սահմանապահ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքի փաթեթի մասին այսպիսի տեսակետ հայտնեց:

Նա հիշեցրեց, որ երբ պատգամավորներն այցելել են սահմանամերձ գյուղեր, այցի ընթացքում առաջարկություն է ներկայացվել սահմանապահ գյուղերի դպրոցներին անվճար դասագրքերով ապահովելու, կոմունալ ծախսերի հետ կապված արտոնություններ տրամադրելու, երեխաների ծննդյան միանվագ նպաստը բարձրացնելու վերաբերյալ.

«Կոնկրետ առաջարկություններ են նաեւ եղել ըստ բնակավայրերի՝ Բերքաբեր գյուղի հետ կապված, Այգեպարի եւ այլն: Երբ մենք փորձում ենք չտարանջատել եւ ընդհանուր սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություն տալու մասին ենք խոսում, եւ խոսքը ընդամենը 30 համայնքի մասին է, մյուս բնակավայրերում բնակչների մոտ կարող է տարակարծություն առաջանալ: Պետք է սահմանապահ համայնքներին տրվի ամբողջական արտոնություն: Մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ըմբռնումով մոտենան, թե ինչու է առաջնահերթությունը տրված հենց կոնկրետ համայնքների»:

Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանը Չինարի գյուղից նամակ է ստացել, որ կա անհրաժեշտություն ներքին ցանցի վերանորոգման. «Նախագիծ էլ կա պատրաստված: Խոսքը գնում է մոտ 17-18 մլն դրամի մասին: Գիտեք, որ Չինարին 3 կողմից ադրբեջանական զինուժի թիրախի տակ է: Այս համայնքում անպայման պետք է նման ծրագրեր իրականացվեն»:

Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ սահմանապահ համայնքներում կան հողատարածություններ, որոնց մասով կառավարությունը, ճիշտ է, հարկային արտոնություններ է նախատեսել, բայց միեւնույն է, մարդիկ այդ հողատարածքները չեն կարողանում օգտագործել: Եվ քանի որ չեն կարողանում օգտագործել, եկամուտ էլ չեն կարողանում ստանալ: Արծվիկ Մինասյանն առաջարկեց հողային այդ տարածքների համար մշակել սխեմա, թե ում հողերը չեն օգտագործվում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ իրեն ավելի հոգեհարազատ է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տարբերակը, քան այն տարբերակը, որը ներկայացրել է կառավարությունը: Ըստ Թեւան Պողոսյանի, Փաշինյանի ներկայացրած նախաձեռնությունն առավել հասցեական էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031