Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը

Հոկտեմբեր 23,2014 14:42

ՀՀ վարչապետի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն՝ ս. թ. հոկտեմբերի 25-31-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը:

Կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, հոկտեմբերի 25-ին. ժամը 17:30-ին կմեկնարկի կարմիր գորգի քայլերթը, իսկ ժամը 18:00-ին՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերան:

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին կհյուրընկալվեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), Գարի Շվարց (ԱՄՆ), Կարոլին Շվայցեր (Գերմանիա), Շառլի Սանսոնետտի (Ֆրանսիա), Արմինե Սանսոնետտի (Ֆրանսիա), Թամար Հայդուկե (Իտալիա), Առնաբ Չաուդհուրի (Հնդկաստան), Այլին Խաչատուրյան (Լիբանան), Սիմոն Ֆիլյո (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչ (Սերբիա), Սերժ Բեսեթ (Ֆրանսիա), Սերժ Ավեդիքյան (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկա (Անգլիա), Իլյա Յուդովիչ (Ռուսաստան), Վլադիմիր Լապին (Ռուսաստան), Ստեֆան Բերլա (Ֆրանսիա), Մարկ Բորեալ (Ֆրանսիա), Մարի Բորեալ (Ֆրանսիա), Վլոձիմեժ Մատուշևսկի (Լեհաստան):

Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ: Փառատոնի հիմնական մրցութային ծրագրերն են՝ «Լիամետրաժ ֆիլմ», «Կարճամետրաժ ֆիլմ», «Ավարտական ֆիլմ», «Երաժշտական ֆիլմ», «Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր»:

Արտամրցույթային ծրագրերն են՝ «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակներում տեղի կունենա 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: «Անիմացիայի հսկանեը» ծրագրի շրջանակներում կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 և հայ մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Հոբելյանական ծրագրերի շրջանակներում կկայանա ռեժիսորների ֆիլմերի «Հետահայաց» ցուցադրությունների ծրագիրը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ փառատոնի շրջանակներում կներկայացվի ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «ՖՈԼԻՄԱԺԸ»: Ծրագրի իրականացման շրջանակներում կհյուրընկալվի նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր, մի շարք ֆիլմերի հեղինակ Սերժ Բեսեթը, ինչպես նաև կցուցադրվի 4 լիամետրաժ կինոնկար:

Ավանդույթի համաձայն՝ «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի «Վարպետության դասընթացներ» ծրագիրը. այս տարի կանցկացվի երեք մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տևողությամբ: Մասնավորապես, վարպետության դասընթացներով հանդես կգան բրենդինգի և մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ և դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաև համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա):
«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի նոր և կարևորագույն նախաձեռնություններից մեկը արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումն է /երեք նոր նախագիծ/. Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի արտադրական ընթացքը, Իլյա Յուդովիչի և Վալենտին Լապինի Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ. «ՌեԱնիմանիա» Երևանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում:

«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի պրեմիերային ցուցադրումով:

Երևանյան ցուցադրումներից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում:

Ս. թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմաացիոն կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը, կինոփառատոնի բացման և փակման պաշտոնական արարողություններ բեմադրիչ, «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031