Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին

Հոկտեմբեր 23,2014 15:41

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին՝ պաշտոնավարման շուրջ չորս տարվա ընթացքում նրա աշխատանքի և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, ինչն արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Անրի Ռենոյի մասնագիտական գործունեությունն արժանացել է թե՛ մեր երկրի պետական և հասարակական կառույցների, թե՛ ժողովրդի բարձր գնահատականին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ֆրանսիայի հաջորդ դեսպանը նույն նվիրումով և եռանդով կշարունակի այդ պաշտոնում բարձր առաքելությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների, իսկ Անրի Ռենոն պաշտոնավարումից հետո էլ կմնա Հայաստանի լավագույն բարեկամը:

Դեսպան Ռենոն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ անցած շուրջ 4 տարվա ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար արել է ամեն հնարավորը, աշխատել է մեծագույն հաճույքով՝ ամենուր և ամեն պահի արժանանալով Հայաստանի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ և ջերմ վերաբերմունքին, ինչի համար անսահման շնորհակալ է և հեռանում է համոզմունքով, որ իր դիվանագիտական առաքելությունը հաջողություն է ունեցել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ օրերս Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031