Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ՀՀԿ-ին. «Մենք ձեր մեջ էլ ունենք լրտեսներ, ինֆորմացիա ենք ստացել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 15:57

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության ներկայացրած Սահմանամերձ համայնքներում գործունեությանը հարկային արտոնություն տալու մասին օրենսդրական փաթեթի մասին խմբակցության տեսակետը ներկայացնելիս մեղադրեց իշխանությանը, որ կեղծ թեմաներ են առաջ բերում եւ պատգամավորներին հարցեր բաժանում՝ այն ձգձգելու համար: Ըստ Լեւոն Զուրաբյանի, ՀՀԿ-ն դա անում է՝ ոչ իշխանականների նախաձեռնած արտահերթ նիստի քննարկումները տապալելու համար:

«Դուք բերում եք մի նախագիծ, այդ նախագծից փոխվում են նաեւ այլ օրենքներ եւ դուք բնականաբար կցում եք նաեւ այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը: Այն, ինչ արել եք դուք, օրինական փաթեթ չի: Բերել եք սահմանամերձ գոտիում արտոնություններ տալու օրինագիծը, բերել եք նախագծեր, որոնք ոչ մի կապ չունեն սահմանամերձ գոտու հետ, այլ ամբողջ Հայաստանում ընդհանրապես ֆինանսական, հարկային օրենքներում տարբեր բարեփոխումներին են վերաբերում: Սա օրենքի կոպտագույն խախտում է: Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ կայացավ մեր հանդիպումը ՊՆ-ի հետ, մենք բոլորս՝ 6 խմբակցության ղեկավարներով եկանք այդ հանդիպման, պայմանավորվեցինք, որ հանուն ազգային համաձայնության, հանուն մեր զինվորին սատարելու, մեր գյուղացուն սատարելու, պետք է ցուցադրենք ազգային միասնություն, գնանք սահմանամերձ ռմբակոծվող գյուղեր եւ մեր միասնական աջակցությունը ցույց տանք: Ինչը արեցինք փայլուն կերպով, եկանք հետ, Գալուստ Սահակյանի մոտ եղավ խոսակցություն, որոշեցինք, որ 6 խմբակցություն ներկայացնում է հարկային արտոնություն տալու առաջարկություն: Ինչո՞ւ այդ պայմանավորվածությունը խախտեցիք: Ինչո՞ւ է խախտվել ազգային համաձայնությունը՝ մեր զինվորին պաշտպանելու, մեր գյուղացուն սատարելուն ուղղված»:

Նա հորդորեց ժողովրդի առաջ բացել այդ քաղաքական պայքարի հիմքում ընկած ինտրիգը. «Բացենք, թող բոլորը հասկանան ինչ է կատարվում: Այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբից ընդդիմությունը, կարողանալով ստանալ մի այնպիսի բազմություն պատգամավորների, 44-ից ավելի ստորագրություն հավաքելուց հետո սկսում է ակտիվորեն մշակել արտահերթ քննարկման ինստիտուտ: Բազմաթիվ հարցեր մենք դրեցինք քննարկման, եւ առաջին անգամ է, որ խորհրդարանում քննարկվեց ոչ թե իշխանությունների կողմից ձեւավորված օրակարգը, որը բացարձակ կապ չունի իրականության հետ, այլ ժողովրդին իսկապես հուզող հարցերի շուրջ վերջապես մենք կարողացանք ձեւավորել օրակարգ: Դա եղավ Կուտակայինի վերաբերյալ, գազի գների վերաբերյալ եւ այլն: Այժմ էլ չգիտեմ ինչ տվայտանքների մեջ ընկած՝ որոշեցիք ինչ-որ մի հակաթույն մոգոնել դրա դեմ: Գտել եք այդ հակաթույնը, որը կառավարության կողմից այսպես ասած անհետաձգելի ճանաչված օրենքների միջոցով խափանել արտահերթ քննարկման մեր նախաձեռնությունները, ինչը դուք փայլուն կերպով իրագործեցիք այս քառօրյայում: Ձեզ պետք էր խափանել մեր արտահերթ նախաձեռնությունները»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ զարմանալի չէ այս օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ-ականների ֆանտաստիկ ակտիվությունը. «Մենք ինֆորմացիա ունենք, մենք ձեր մեջ էլ ունենք լրտեսներ: Դուք պատրաստել եք հարցեր, բաժանել եք հարցեր: Մենք գիտենք ով է պատրաստել ու բաժանել այդ հարցերը, մենք գիտենք ով է որոշումներ ընդունել: Պատրաստել եք 26 հարց, աննախադեպ ակտիվություն: 2.5 օր քննարկում ենք հարցեր: Փայլուն կատարեցիք այդ ձգձգելու մարտավարությունը»:

Ելույթի վերջում Լեւոն Զուրաբյանը իշխանությանը սպառնաց. «Դուք վախենում եք, եթե չվախենայիք, նման ժուլիկությունների, նման մախինացիաների չէիք դիմի: Այդ պատճառով էլ, որովհետեւ փակում եք մեր բերանը: Քանի որ դուք վախեցած եք այդ քննարկումներից, հենց այդ պատճառով էլ մենք մեր խոսքը եւ ժողովուրդն իր խոսքը պետք է ասի հոկտեմբերի 24-ին: Ազատության հրապարակում կասվի այն ամենը, ինչ մենք ուզում էինք ասել այստեղ: Բոլորդ սպասեք հոկտեմբերի 24-ի հանրահավաքին»:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ էին հրավիրել ՝ 2 հարց քննարկելու՝ ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության եւ ԸՕ փոփոխության ընթացակարգերի մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Պ Զուրաբյան, Դուք խոսում եք «ազգային համաձայնությունից»??? Մի ծիծաղեցրեք(((((((((

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031