Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հացի փառատոնի տեսահոլովակում դերասանի փոխարեն նկարահանվեց դաշնակցական գյուղապետը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 22:30

Ուղիղ երկու օրից` շաբաթ օրը կնշվի Գյումրի քաղաքի տոնը: Արդեն երկրորդ  տարին է` «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  տոնակատարությունների ցանկում անցկացվում է նաև հացի փառատոն, որն, ի դեպ, ամենատպավորիչն է: Անցած տարի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքի ողջ տոնակատարություններից առանձնացրեց հատկապես այս փառատոնը` կառավարության մյուս անդամների հետ ժամեր շարունակ ծանոթանալով ցուցադրվող հացատեսակներին ու հերթով համտեսելով դրանք:

Որպես կանոն` հացի փառատոնը նախապես գովազդվում է հեռուստատեսությամբ ու համացանցով:  Այս անգամ հացի փառատոնի գովազդային տեսահոլովակում նկարահանվել են ոչ թե դերասաններ, այլ Աշոցքի շրջանի Թավշուտ գյուղի դաշնակցական գյուղապետ Սուրեն Սարգսյանը` իր անչափահաս որդու հետ:

Aravot.am-ը տեսահոլովակի հեղինակ, լրագրող Աննա Մարտիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ընտրեց հենց այս գյուղապետին: «Այդ տեսահոլովակը նկարել ենք անցած տարվանից: Քանի որ Շիրակի մարզը հայտնի է որպես հացի շտեմարան, Շիրակի մարզի հայագիտական կենտրոնի, մասնավորապես էթնոհոգեբան Կարինե Սահակյանի մոտ մտահղացավ հացի փառատոն անցկացնելու գաղափարը: Նա երկար տարիներ` հնագույն շրջանից մինչև օրս, ուսումնասիրել է, թե ինչպես է հացը պաշտամունքի առարկա եղել հայերիս մոտ: Նա դիմեց ինձ տեսահոլովակ նկարահանելու. հացի պաշտամունքը պատկերավոր ներկայացնելու խնդրանքով: Ես էլ որոշեցի ստեղծել տեսահոլովակ ` վեր հանելով հացն արարող գյուղացու կերպարը: Մտածեցի, որ ոչ մի դերասան չի կարողանա ավելի լավ խաղալ, քան այն մարդիկ, որոնց համար հացը կենցաղ լինելուց բացի, ազգային ավանդույթներն ու իրենց պապերի պատգամը շարունակելու պատասխանատվություն է: Չնայած գիտեմ, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները շատ տաղանդավոր են, բայց ամեն դեպքում ընտրեցի Թավշուտի դաշնակցական գյուղապետ Սուրեն Սարգսյանին: Իհարկե, շատ գյուղերում շրջեցի, շատերի հետ շփվեցի ու վերջնականապես որոշեցի նրան առաջարկել նկարահանվելու իմ տեսահոլովակում: Տեսա, որ նա հայրենասեր հայ գյուղացու տիպիկ կերպար է, կոլորիտով, իր հողն ու ջուրը սիրող անձնավորություն: Ինքն էլ ոչ միայն սիրով համաձայնեց իմ առաջարկին, այլ շատ արագ, մեկ ժամվա ընթացքում գտավ տարազը, որով պիտի նկարահանվեին ինքն ու իր որդին: Հիմա հացը քաղում են տեխնիկայի օգնությամբ, բայց տեսահոլովակում ցույց ենք տալիս, թե ինչպես են հնում քաղել հացը գերանդիով: Ժամանակն է, որ ազնիվ աշխատանքով հաց վաստակողները գովազդվեն էկրանում, այլ ոչ թե ջիփերով շրջագայող ու անարդար ճանապարհով ապրող ցուցամոլները: Այժմ վավերագրական ֆիլմ ենք նկարահանում հացի մասին, որտեղ հայ գյուղացուն դարձյալ կմարմնավորի Թավշուտի գյուղապետը» ,- ասաց մեր զրուցակիցը:

Թավշուտի գյուղապետ Սուրեն Սարգսյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նկարահանվելու առաջարկ ստանալուն պես  համաձայնել է, որովհետև պիտի ազգային տարազ կրեր  ու մեր ավանդույթները վեր հաներ: «Անկեղծ ասեմ, ինձ  տարազ կրելու գաղափարը շատ ոգևորեց, ինձ հունձ անել սովորեցրել է  պապս: Ես մեծ սիրով համաձայնեցի, որովհետև տարազը մարդու ծննդավայրն է, մեր ծննդականն է, իսկ ես պատրաստ եմ  մեր ավանդույթները ամեն ձևով պրոպագանդել: Իհարկե, ես դերասան չեմ, այդ տեսահոլովակում էլ հանդես չեկա որպես դերասան, ես ցույց տվեցի  այն, ինչ իրականում ես կամ», -ասաց գյուղապետը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031