Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ուզում է ՌԴ-ից հայ ծրագրավորողներին պոկել, բայց դրդում է Ռուսաստանի «գիրկը»

Հոկտեմբեր 24,2014 19:16

Հայաստանում ԱՄՆ-ն դեսպանատունը փորձում է հայ ծրագրավորողների «ոտքը կտրել» Ամերիկայից: Բանն է այն է, որ արդեն տեւական ժամանակ է դեսպանատան հյուպատոսական ծառայությունն «տեղի-անտեղի» մերժում է Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատակիցների ԱՄՆ մուտքի արտոնագիրը: Մերժումները, հայ մասնագետները պայմանավորում են քաղաքական նպատակների հետ. մասնավորապես Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության որոշմամբ:

Aravot.am-ի հետ զրույցում ՏՏ ոլորտի աշխատակիցներից մեկը, որը եւս օրերս մերժում է ստացել, պատմեց, որ այնպիսի անհեթեթ պատճառաբանությամբ են մերժում, որ ԱՄՆ դեսպանատան այս գործողություններում միտում է տեսնում:

Մեր զրուցակցի խոսքերով` բարձր  տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները տարիներ շարունակ ԱՄՆ գործուղման են մեկնել, այսպես ասած` բիզնես վիզայով. սա նախատեսված է գործնական հանդիպումների, բիզնես նախագծի քննարկման համար հանդիպումների, կամ որեւէ նախագծի համար վերապատրաստման: Այսինքն` ոլորտի մասնագետը այդ տեսակի վիզայով մեկնել է ԱՄՆ նախագիծը ներկայացնելու եւ այլն:

Իսկ դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատակիցը, ինչպես պատմեց մերժվածներից մեկը, հարցնում են` «Ինչո՞ւ ես գնում»: «Գնում եմ գործուղման` նախագիծ ներկայացնելու»,-հայ ծրագրավորողի այս պատասխանը ստանալուց հետո, աշխատակիցը նորից հարցրել է` «Համակարգչով աշխատելո՞ւ ես»: Բնականաբար, ՏՏ ոլորտի ներկայացուցիչը նման նախագծերը թուղթ ու գրիչով չէր ներկայացնելու, ուստի, վերջինս դեսպանատան աշխատակցին ասել է` «Այո, համակարգչով աշխատելու եմ»: «Ուրեմն գնում ես աշխատելու, սխալ վիզա ես ներկայացրել, դու պիտի ոչ թե բիզնես վիզա, այլ` աշխատանքային վիզա ներկայացնես»,-մերժելն այսպես է հիմնավորել հյուպատոսության աշխատակիցը: Նման հարցադրումներն ու մերժումները ՏՏ ոլորտի աշխատակիցների համար անհեթեթ է, որովհետեւ այս մասնագետներն իրականում գործուղման են մեկնում ԱՄՆ: Մեր զրուցակցի խոսքերով` «Աշխատանքային վիզան այլ պայմանների համար են, նախ եթե մասնագետը մեկնի աշխատանքային վիզայով, ապա դա երկարաժամկետ է եւ պիտի վարձատրվի այդ երկրի ընկերության կողմից: Մեր դեպքում նման բան չկա»:

Բացի այս, մերժման մեկ այլ անհեթեթ պատճառաբանություն էլ է բերում դեսպանատունը. ԱՄՆ գործուղման մեկնող մասնագետին հարցրել են`«Ինչո՞ւ եք գնում տեղում նախագիծը ներկայացնելու, հեռախոսով ներկայացրեք»: Իսկ բացատրությունները թե` 12 ժամվա տարբերություն է մեր երկրների միջեւ, հեռախոսով անհնար է նման նախագծեր ներկայացնել, թեեւ, կան որոշ նախագծեր «skype»-ով ներկայացվում են:

Այս տեսակի մերժումներն 10-20 հատ չեն, կարելի է ասել, հարյուրավոր, բոլոր ընկերությունների աշխատակիցներին մերժում են:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ԱՄՆ դեսպանատան այդ գործողություններում քաղաքական նպատակ է տեսնում, որովհետեւ այդ խոչընդոտները սկսվել են անցյալ տարվա ամռանից: Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակաշրջանում էլ նշմարվում էր Հայաստանի ԵՏՄ-ին միանալու դիրքորոշումը: Անցյալ տարվա նոյեմբերից դեսպանատունն սկսեց ավելի հաճախ մերժումներ անել:

Կարեն Վարդանյանի դիտարկմամբ, ԱՄՆ-ն, հավանաբար որոշել է ինչ-որ ձեւով Հայաստանը «պոկել» Ռուսաստանից, եւ քանի որ ՏՏ ոլորտն ավելի ակտիվ է, օրինակ «Դեմ եմ» շարժումը, ու հաշվարկել է` այս ոլորտի մասնագետների միջոցով բողոքի ալիք բարձրացնել ԵՏՄ-ի դեմ. «Երեւի ԱՄՆ-ում մտածում են IT ոլորտում պրոֆեսիոնալ հեղափոխականներ են ու մեկը նման հրահանգ է ուղարկել դեսպանատանը»: Բայց ԱՄՆ-ի այս քայլը, ըստ պարոն Վարդանյանի, հակառակ ռեակցիան թողնել, հայկական ընկերությունները կարող են համագործակցել նույն Ռուսաստանի, Չինաստանի, Սինգապուրի, Թայվանի, Հնդկաստանի եւ այլ երկրների ընկերությունների հետ:

«Խոսքը 12 հազար մասնագետի մասին է, այս ծավալի մասնագետների դեֆիցիտ ցանկացած շուկայում կա: Եթե ԱՄՆ-ի պետդեպն է նման որոշում կայացրել, ապա դա հիմարություն է: Պետք է այս խնդրին շտապ լուծում տալ, քանի որ մեր ՏՏ ոլորտը արագ աճող է, այն տնտեսության ամենակարեւոր ճյուղերից է, իսկ այսպիսի արհեստական խոչընդոտներով մեր ընկերություններին վնաս են հասցնում»,-ասաց Կարեն Վարդանյանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031